Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ քանդեք գիտական օջախը

Մարտ 12,2004 00:00

Բաց նամակ
ՀՀ նախագահին, վարչապետին,
ԱԺ նախագահին
20.11.2003թ. լրացավ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 60-ամյակը։ Եվ հենց այդ տարի, հենց այդ ամսին էլ ՀՀ կառավարության որոշմամբ Երեւանում կաթողիկոսարանի վեհարան կառուցելու նպատակով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն փոխանցվեց Ակադեմիայի հիմնադիր շենքը։ Ողջունելով պետությունից անկախ եկեղեցու հանդեպ կառավարության հոգածությունը՝ տարօրինակ է նվիրաբերության օբյեկտի ընտրությունը։

Այժմ այս շենքում են տեղավորված ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտները, այդտեղ է նաեւ մոտ 120 հազար կտոր գրականությամբ գիտական գրադարանը, որը մի օրում չի ստեղծվել։ Շենքը գիտապատմական արժեք ունի եւ պետք է պահպանվի պետության կողմից՝ մնալով որպես գիտական օջախ։

Վերջերս՝ Ակադեմիայի 60-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, պետական այրերի՝ Ակադեմիային եւ գիտաշխատողներին տրված գնահատականներն ու խոստումներն անհարիր են այս որոշմանը։ Եվ եթե իրոք մեր երկրում պետությունը գիտության երաշխավորն է, ապա որոշման ուժ չի ստանա (կամ չեղյալ կհայտարարվի) Ակադեմիայի հիմնադիր շենքի նվիրաբերության որոշումը՝ անկախ նրանից, թե ինչ անձանց կամ կազմակերպությունների շահերն են բախվում։

Ի դեպ, շենքն օտարելու եւ ապամոնտաժելու նպատակով քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի՝ շենքը պատմամշակութային արժեք չներկայացնելու եւ վթարային դիտելու փաստարկները հիմնավոր չի կարելի համարել (կան մասնագիտական այլ կարծիքներ), իսկ շենքի նախագիծը Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի. այդպիսի շենքեր քաղաքում արդեն այդքան էլ շատ չեն։

Ակնկալում ենք Ձեր, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի միջամտությունը՝ Ակադեմիայի հիմնադիր շենքը (Աբովյան 15) որպես գիտական օջախ եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շինություն պետության կողմից պահպանելու համար։

Նամակը ստորագրել են ԳԱԱ 50 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ,
այդ թվում՝ ԳԱԱ նախագահության 6 անդամներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել