Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԻ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵԼ»

Մարտ 12,2004 00:00

«ԳՈՐԾԻ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵԼ»

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի նախաձեռնած «Մտավորականների ֆորումը»
երեկ չորրորդ անգամ հանդիպեց ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստանի ապագան եւ ներկա
ճգնաժամից դուրս գալու ելքերը քննարկելու նպատակով։
Այս հավաքը ուշագրավ էր ընդդիմադիրներ Հրանտ Խաչատրյանի, Արամ Զ. Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Ալբերտ Բազեյանի, նոր-նոր «ընդդիմացող» Հովհաննես Հովհաննիսյանի ներկայությամբ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներից բացակայում էին թերեւս միայն Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը։

Պրոֆեսոր Արմեն Սարգսյանն արձանագրեց, որ Հայաստանի ներկայիս վիճակը «պատմական անխուսափելիություն է, քանի որ չունենք քաղաքական պայքարի փորձ», բայց ունենք «քաղաքական ուժերի ոչ այնքան բավարար աշխատանք»։ Ընդդիմադիրներն էլ՝ մասնավորաբար, Ալբերտ Բազեյանը, կրկնեցին այն, ինչ արդեն բազմիցս ասվել է. կայունություն կլինի, եթե ընտրությունները չկեղծվեն եւ մեզ չստորացնեն, միակ ելքը իշխանափոխությունն է, ձեւը՝ համաժողովրդական հզոր ալիքը, սպառնալիքներից վախենալ պետք չէ, առանց պայքարի չի կարող լինել հաղթանակ։ Իսկ նոր ընտրությունների արդար եւ ազատ անցկացման երաշխիքը «այլընտրանքային իշխանության կենտրոնի ստեղծումն է»։ Ի դեպ, այս կենտրոնի մաս կարող են կազմել անգամ ներկայիս կոալիցիոն ուժերը։ Ըստ Ալբերտ Բազեյանի, այս կարծիքին է «Արդարություն» դաշինքը. «Հույս ունենք, որ Ազգային միաբանությունն էլ է այս կարծիքին»։

Թեեւ մաեստրո Օհան Դուրյանը խոսեց առաջիններից մեկը, այնուհանդերձ, նրա ելույթը ամփոփիչ բնույթ ուներ. «Այդ խոսքերը (իշխանափոխության անհրաժեշտության մասին- Ա. Զ.) շատ ենք լսել, անգամ երազում։ Գործի պետք է անցնել»։ Իսկ «Մտավորականների ֆորումը» եկող հինգշաբթի կրկին կհանդիպի ՀՀ քաղաքացիներին՝ խոսելու։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել