Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՐԵՇՏԱԿԸ ՍՐԱՆՑ Ո՞Ր ՄԱՍՆ Է ՀԱՄԲՈՒՐԵԼ»

Մարտ 12,2004 00:00

Հարցնում
է Արտաշես Գեղամյանը
Կինոյի տան դահլիճում երեկ ասեղ գցելու տեղ չկար։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպումը ուսանողության հետ բավականին կազմակերպված էր։ Հանդիպմանը ուսանողական տարիքի երիտասարդներից բացի մասնակցում էին նաեւ տարեց մարդիկ։ Ուսանողների եւ դպրոցականների մի մասը Կինոյի տուն եկավ առանձին ավտոբուսներով։ Դահլիճը Արտաշես Գեղամյանին դիմավորեց հոտնկայս եւ բուռն ու երկարատեւ ծափահարություններով։ Պրն Գեղամյանի 54 րոպե տեւողությամբ ելույթը բազմիցս ընդհատվում էր բուռն ծափահարություններով։

Ակնհայտորեն Արտաշես Գեղամյան-ուսանողներ հանդիպումը կազմակերպվել էր ի հակակշիռ նախորդ օրը տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-ուսանողություն հանդիպման։ Ի դեպ, այս մասին իր խոսքում ակնարկ արեց ինքը՝ պրն Գեղամյանը. «պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպումից հետո իմ ամբողջ ներաշխարհը փոթորկվեց։ Թվում էր, ես ականատեսն էի՝ լավագույն դեպքում, 20-րդ դարի 50-ական թվականների հանդիպմանը։ Որովհետեւ ներկայիս աշխարհը իր մարտահրավերներով ամենեւին արտացոլված չէր երեկվա հանդիպման մեջ»։ Հետո պրն Գեղամյանն ասաց, որ անսալով նախաձեռնող խմբի առաջարկին, որոշել է անպայման գալ հանդիպման։ Առաջին հարցը, որ հնչեցրեց Արտաշես Գեղամյանը, հետեւյալն էր՝ ո՞վ է մեր ժամանակի հերոսը։ 46 բնակավայրերում իր հանդիպումների արդյունքում պրն Գեղամյանը հասկացել է, որ մեր ժամանակների հերոսը՝ ի թիվս այլ հերոսների, նաեւ այն երիտասարդն է, որը ԵՊՀ-ում Ռ. Քոչարյանին սուր հարցեր տվեց։ Հերոս անվանվեցին նաեւ մարտի 8-ին Մատենադարանի հրապարակում հանրահավաք անցկացնող կանայք. «Եթե այդ ամենի մասին մտածում ես եւ հետո անդրադառնում ես այն ինքնագոհ կեցվածքին, որով հանդես են գալիս մեր իշխանավորները, ակամա հիշում ես հայտնի առակը։ Յուրաքանչյուր նորածին երեխայի մոտ Աստված հրեշտակ է ուղարկում, եւ այդ հրեշտակը համբուրում է երեխայի ձեռքը (եթե ձեռքը՝ ուրեմն երեխան ոսկե ձեռքեր է ունենալու), եթե համբուրում է ճակատը՝ երեխան շատ խելացի է լինում, դառնում է գիտնական։ Հիմա ես էլ մտածում եմ՝ էդ հրեշտակը սրանց ո՞ր մասն է համբուրել, որ այսքան ինքնագոհ են»։

Ի տարբերություն Ռ. Քոչարյանի, որը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ անուղղակի ակնարկ էր արել՝ գիրք չկարդալու մասին («եթե գիրք կարդայի, հիմա էլ պիտի ասեին, թե գիրք է կարդում».- Մ. Ե.), Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ինքը եկել է գրքերով. «Ամենեւին պատահականություն չի, որ այս հանդիպմանը ես իրապես եկել եմ զինված։ Բնականաբար, ոչ թե քիլլերներով, ոչ թե դավադիրներով, այլ՝ գրքերով, որոնք երեկ նույնպես հեգնանքի արժանացան»։ Իսկ գրքերը պրն Գեղամյանը բերել էր, որպեսզի ասի. «այն թվացյալ հաջողությունները, որով այդքան խրոխտ ձայնով երեկ ասվեց ԵՊՀ-ի ամբիոնից, ոչ այլ ինչ են, քան՝ մեղմ ասած, լրջագույն թյուրիմացոււթյուն»։ Բազմաթիվ թվերով Գեղամյանն ապացուցեց, օրինակ, որ Հայաստանի բնակչությունը թերսնվածությամբ զբաղեցնում է 217-րդ տեղը (220 երկրների շարքում), իսկ աշխատատեղեր ոչ թե բացվել են, այլ՝ փակվել։ Այսպես, օրինակ, 98 թվականից ի վեր կրճատվել է 200 հազարից ավելի աշխատատեղ։ Արտաշես Գեղամյանն ասաց, որ ԵՊՀ-ում չխոսվեց այն մասին՝ «բյուջեի հարկային եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 15 տոկոսը, այսինքն՝ տասնյակ հարյուրավոր հիմնարկներ, սպասարկման ոլորտներ հարկեր չեն մուծում պետական բյուջե, չասվեց, որ տնտեսության 40-60 տոկոսը գտնվում է ստվերում։ Իսկ չասվեց այն պարզ պատճառով, որ ստվերում գործող տնտեսության տերերը հենց իրենք՝ իշխանավորներն են»։

«Տուռնիկի» եւ «դահուկների» թեման երեկ նույնպես շրջանառվեց։ Ա. Գեղամյանն օրինակ բերելով ավերված դպրոցներից մի քանիսը, նաեւ որոշակի հիվանդությունների աճը, ասաց. «Ես դեմ չեմ, թող հանրապետության նախագահը դահուկներ քշի, դեմ չեմ, թող «տուռնիկի» վրա խաղա։ Ի՞նչ թաքցնեմ, ստացվում է դա իրա մոտ։ Բայց մինչեւ դահուկներով չմշկելը, մինչեւ «տուռնիկի» վրա խաղալը թող ժողովրդի առողջության հարցերով զբաղվի, թող զբաղվի թոքախտավոր երեխաների խնդիրներով» (դահլիճը ծափահարում էր)։

Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ «այս իշխանությունների՝ իշխանության մնալը խիստ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար»։ Եվ առաջարկվեց Ռոբերտ Քոչարյանին՝ հրաժարական տալ. «ամենաիմաստուն քայլը, անցած վեց տարիների ընթացքում, որը կանի պրն Քոչարյանը, դա հրաժարականի դիմումը տալն է, դա ՀՀ-ում վստահության հանրաքվեի անցկացումն է»։ Նախագահի մասին պրն Գեղամյանը նաեւ ասաց. «Մի՞թե չհասկացավ, որ չի կարելի մեր ժողովրդի երեսով անվերջ տալ, որ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։ Ողջ հայ ժողովուրդն է մասնակցել ղարաբաղյան պատերազմին, ամբողջ Երեւանն է մասնակցել, Գյումրին ու Վանաձորը: Պատերազմի հաղթանակի իրական գինը վճարել է ողջ հայ ժողովուրդը։ Ինձ համար տագնապ առաջացնողն այն է, որ այդ պատերազմի իրական հերոսներից մեկը այսօր Շուշվա բանտում է՝ Սամվել Բաբայանը, մյուսը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է»։ Բնականաբար, չշրջանցվեց նաեւ Սերժ Սարգսյանի թեման. «Գագիկ Կոստանդյանը, իմ լավ ընկերը, բռնցքամարտիկ է եղել, ես էլ մի 2-3 տարի պարապել եմ, քիթս կոտրեցին, ասի՝ հերիք ա։ Նա կհաստատի, որ իր քաշային կարգը իմացող բռնցքամարտիկը, երբ հակառակորդին նոգդաունի մեջ է գցում, «դաբիված չի անում»,- երեկ ասաց Արտաշես Գեղամյանը, երբ փորձում էր բացատրել, թե «ոնց եղավ, որ Գեղամը Սերժի անունը ոչ մի անգամ չտվեց»։

Հանդիպման վերջում հայտարարվեց, որ 37 նամակ-հարց է ուղղվել Արտաշես Գեղամյանին, բայց քանի որ վերջինս իր ելույթում անդրադարձել է գրեթե բոլորին, որոշվեց որ հարցուպատասխան չի լինի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել