Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր խոսքը՝ ժեստերի լեզվով

Մարտ 11,2004 00:00

Հոգեւոր խոսքը՝ ժեստերի լեզվով Արդեն մեկ տարի է՝ սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը ապրում է Խուլ-համրերի միության անդամների ուրախություններով ու հոգսերով: Միության անդամներն էլ քահանային են վստահում իրենց գաղտնիքները՝ ակնկալելով նրա խորհուրդները: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Խուլերի միությունը նամակով դիմեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին՝ խնդրելով հոգեւորականի աջակցություն, որը կկամենար խուլերի հետ հաղորդակցվել իրենց իսկ լեզվով: Տեր Եսային ոչ միայն պատրաստակամությամբ համաձայնեց աշխատել խուլերի հետ, այլեւ մեկ տարվա ընթացքում յուրացրեց ժեստերի լեզուն: «Մինչ օրս էլ սովորում եմ այդ լեզուն եւ եթե փոքրիկ սխալներ եմ թույլ տալիս, աշակերտներս սիրով ուղղում են ինձ: Եղել են պահեր, երբ նույնիսկ հիասթափություն եմ ապրել, իսկ հիմա այդ ամենը ետեւում է»,- ասաց քահանան՝ չթաքցնելով, որ ուսուցումը մեջ ջանքեր է պահանջել իրենից: Ցավոք, խուլերն այսօր օբյեկտիվ եւ սուբեկտիվ պատճառներով մեկուսացած են հասարակությունից եւ ինֆորմացիոն քաղց են զգում: Այդ բացը լրացնելու փոխարեն, ըստ տեր Եսայու, «հանրային հեռուստատեսությամբ լրատվությունը հաղորդվում է առանց սուրդո թարգմանության՝ ընդամենը վազող տողով», ինչը հարուցում է խուլերի դժգոհությունը: Քահանան նաեւ փաստեց, որ հասարակությունից մեկուսացածները ավելի հաճախ են հայտնվում աղանդավորների որոգայթում: Իր խուլ աշակերտների մեջ էլ երկու աղջիկներ կան, որոնք հաճախում են աղանդավորական հավաքների, որովհետեւ հոգեւոր շփման կարիք ունեն: Իսկ վերոնշյալ հավաքներում նրանց հետ հաղորդակցվում են ժեստերի լեզվով եւ վաղուց մշակված են շփվելու «արտահայտչամիջոցներ»: Մինչդեռ հայ առաքելական եկեղեցին մինչեւ վերջերս չուներ հոգեւոր թեմատիկայով ժեստեր: Տեր Եսային նման ավելի քան 30 ժեստ է ներմուծել խուլերի «բառապաշար»: Օրինակ, մորուքի սիմվոլով խուլերը ցույց են տալիս քահանային, վարդապետին՝ վեղարով, եպիսկոպոսին՝ պանագեով եւ այլն: Եթե նախկինում մատաղի ժեստը իբր արյունով ճակատին խաչ դնելն էր, ապա այսօր տեր Եսային «սրբագրել» է այն՝ բացատրելով, որ զոհի արյունը ճակատին քսելը հեթանոսական խորհուրդ ունի: Այժմ մատաղի ժեստը գառ «պատկերելն» է ու մեկ էլ ափսեներ տանել-բերելը: «Աղանդավորական հավաքների հաճախող իմ երկու աղջիկներին մյուսներից ավելի շատ եմ սիրում, նախ նրա համար, որ հաճույքով են հաղորդակցվում հայ առաքելական եկեղեցու սպասավորի հետ: Եվ հետո՝ իրենք մեղավոր չեն, որ ոմանք օգտվել են իրենց վիճակից եւ չարաշահել հոգեւոր սնունդ ստանալու նրանց ցանկությունը»,- նկատեց տեր Եսային: Մարտի 29-ին տեր Եսայու աշակերտները Համազգային թատրոնում կկազմակերպեն հերթական մշակութային միջոցառումը՝ հանդիսատեսի դատին կհանձնվի մնջախաղ, որը պակաս հուզիչ չի լինի նախորդներից: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել