Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական քարտերն ու «պոչավորը»

Մարտ 11,2004 00:00

Սոցիալական քարտերն ու «պոչավորը» Հայ ժողովրդի դեմ դավադրությունը միավորել է մասոններին եւ մորմոններին «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման անդամները պնդում են, որ շուրջ 100 հազար մարդու ստորագրություններ են հավաքել: Այդ ստորագրությունները տված անձինք «ոչ» են ասում որեւէ ձեւով իրենց համարակալելու պետության պահանջներին: Երեկ միավորումը կազմակերպել էր ասուլիս, որի ընթացքում միավորման անդամները՝ «Գթություն» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, ԵՊՃՇԻ դասախոս Արամ Գրիգորյանը եւ «Հայ արիների միաբանություն» կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ներկաներին բացատրում էին, թե ինչ սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ այդ քարտերի ներդրումը: ՀՀ-ում պլաստիկ քարտերի փոխարեն լամինացված թղթե քարտերը, ըստ Խ. Ստամբոլցյանի, ժամանակավոր բնույթ են կրում: Հետո դրանք փոխարինվելու են չիպերով, որոնք սրսկվելու են մարդկանց ձեռքերի վրա: Պարոն Ստամբոլցյանին հասած տեղեկություններով, այդ խորհրդավոր չիպերն արդեն ներկրվել են Հայաստան: Ներկաները տեղեկացրեցին, որ արդեն ՌԴ-ում մեծ հաջողությամբ իրականացվում է տնային կենդանիների չիպավորումը. «Եվ համապատասխան սարքը մնում է տիրոջ ձեռքին, եւ երբ կենդանին կորում է, տերն այդ սարքով գտնում է նրան: Ես չեմ ուզում, որ ինձ էլ ղեկավարեն սարքով, եւ որտեղ էլ լինեմ՝ գտնեն»,- անհայտ մնալու տարբերակն էր նախընտրում Արմեն Ավետիսյանը: Իսկ ահա Խաչիկ Ստամբոլցյանը վստահ էր, որ այս ամենը մորմոնների ձեռքի գործն է, եւ նրանք այդ չիպերի միջոցով, որոնց գործողությունը կարող է չորս հարյուր տարի տեւել, մեզ բոլորիս՝ կենդանի թե մեռած, համարակալելու են: Միավորման մյուս անդամը՝ Արամ Գրիգորյանը հիմնականում անդրադառնում էր «Անհատական տվյալների մասին ՀՀ օրենքի» իրավական կողմին: Մասնավորապես, նրա մոտ արդարացի տարակուսանք էր հարուցում այդ քարտերը ըստ էության պարտադիր կարգով ներդնելը: «Մարդը, որ տարիներ շարունակ աշխատել է, եւ հիմա իրավունք ունի իր ապահով ծերությունը վայելել թոշակի միջոցով, չի կարող դա անել, եթե ինչ-որ քարտ չունի: Դա մարդու իրավունքների խախտում է: Գուցե մի քանի տարի հետո էլ նոր օրենք են մտածում, եւ ասում՝ սա չանես, քեզ թոշակ չենք տա, ի՞նչ իրավունքով»,- վրդովվում էր Ա.Գրիգորյանը եւ առաջարկում բոլոր այն քաղաքացիներին, որոնց իրավունքները կխախտվեն այս կապակցությամբ՝ դիմել դատարան, թեկուզ իրենց միավորման օգնությամբ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել