Լրահոս
Օրվա լրահոսը

Վախեցնում են «նախագահականով»

Մարտ 11,2004 00:00

Վախեցնում են «նախագահականով» Երեւանի Արաբկիր համայնքի Հ. Հակոբյան 8/2 շենքի երկրորդ հարկի բնակիչների բնակարաններում պատերը բորբոսնել են, թիվ 6 եւ 7 բնակարանների պատուհանները դրսից կիսով չափ ծածկվել են պատով, որտեղից էլ անձրեւաջրերը լցվում են ներս։ Իրավիճակն առաջացել է առաջին հարկի սեփականատեր Ռոբերտ Նիկոլյանի կցակառույցի հետեւանքով։ «Նա ներկայացել է որպես նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ, վիրավորել մեզ տեղի-անտեղի»,- իրենց հարեւանին խմբագրությանը հասցեագրած նամակում ներկայացրել են շենքի բնակիչները, իսկ նրա սկսած շինարարությունը նկարագրել այսպես. «Նիկոլյանը կտրել է մեր շենքի հարակից տարածքի ծառերը եւ կառուցել ապօրինի խանութ։ Հետո, երբ որոշ ժամանակ բացակայել ենք տնից, քանդել է մեր բնակարանների պատշգամբներն ու իր կառույցի ծածկի պանելները տեղադրել մեր պատշգամբի տեղը, այն բարձրացնելով շուրջ 35 սանտիմետրով։ Իսկ դրա վրա ամրացված թիթեղածածկը հասել է մեր պատուհաններին, լվացք փռելու տեղ չկա, պարաններն ամրացրել ենք պատուհանների վերնամասից ու ապակիները փակվում են լվացքի շորերով»։ Կառույցի համար կա քաղաքապետարանի որոշումը՝ 550 քմ հողհատկացման թույլտվությամբ։ Բնակիչների բողոքին պաշտոնյաների տված պատասխաններից պարզվում է, որ Արաբկիրի թաղապետարանը թերություններ է հայտնաբերել նախագծային փաստաթղթերում, իսկ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը գտել է, որ պետք է աշխատանքները դադարեցնել՝ մինչեւ նախագծերի հարցը չլուծվի։ Հիշյալ կառույցներում ոչ բնակիչներին, ոչ էլ «Առավոտին» չի տրամադրվել Ռ. Նիկոլյանի կիսակառույցի նախագիծը, պատճառաբանելով, թե՝ «մեզ մոտ չկա»։ Առանց նախագծի, սակայն, Արաբկիրի թաղապետարանը 2002 թվականին Ռ. Նիկոլյանին տվել է շինարարական թույլտվություն։ Իր հերթին Ռոբերտ Նիկոլյանը, որն, ի դեպ, աշխատում է Ջրտնտպետկոմում, «Առավոտին» տեղեկացրեց, որ երկրորդ հարկի երեք բնակիչների հետ ունի համաձայնագիր՝ նրանց պատշգամբները կրկնակի մեծացնելու եւ բարեկարգելու պայմանով իր կառույցի տանիքը հավասարեցնել նրանց բնակարանների պատուհաններին։ Ինչ վերաբերում է նախագահականում աշխատելուն, նա ասաց. «Ես ինձ թույլ չեմ տա խոսել նախագահականի անունից։ Դա անհեթեթություն է։ Եվ մարդկանց հետ էլ շփվում եմ առանց ավելորդ արտահայտությունների։ Կարող են վկայել մյուս հարեւանները։ Ավելի լավ է բողոքողներն ասեն, թե ինչպես եմ փոխել շենքի ներքին ջրային ցանցը»։ Հարեւանների հետ համաձայնագրերը ցույց տալու մեր խնդրանքը պրն Նիկոլյանը չբավարարեց՝ «դրանք քաղաքապետարանում են»։ Ա. Ռ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել