Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՐՂԶԱԿԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 11,2004 00:00

ՂՐՂԶԱԿԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Կառավարությունը հերթական դրամաշնորհն է ստացել անարդյունավետ եւ անիրատեսական ծրագրի համար Խոսքը վերաբերում է հանրապետությունում ջերմամատակարարման բարելավման ռազմավարական ծրագրին, որը ոչ այլ ինչ է, քան Ղրղըզստանում ներկայացված ծրագրի հայերեն տարբերակը։ Այնինչ, այդ 135 էջանոց «պատճենը» ունենալու համար մեր կառավարությունը ծախսել է այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունից ստացած 414 հազար դոլար դրամաշնորհը։ Ընդ որում, թարգմանության մեջ անզգուշաբար պահպանվել են «կիրգիզական ինժեներական կազմակերպությունները վատ են վերաբերում», «հինգ հարկանի աղյուսե շենքեր» եւ այլ «կիրգիզական» ծագում ունեցող արտահայտություններ։ Ակներեւաբար՝ ծրագիրը Ղրղըզստանից Հայաստան է ներմուծվել դանիական GOWI ընկերության միջոցով։ Վերջինս այն ներկայացրել է որպես հեղինակային եւ հատուկ մեր երկրի ջերմամատակարարմանը հարմար ծրագիր։ Ինքնին հասկանալի է, որ կենտրոնացված ջեռուցման համակարգ ունեցող մեր երկրում նոր՝ ապակենտրոնացված համակարգ պետք է առաջարկվեր, այլապես դրամաշնորհը ի՞նչ պատրվակով «կուտվեր»։ Պարզ է նաեւ, որ դանիացիների խրախճանքից անմասն չեն մնացել ոչ կառավարությունում, ոչ էլ ծրագրի կատարման համար կազմավորված գրասենյակում։ ՀՀ ճարտարագիտական ակադեմիան հենց սկզբից փորձել է կանխել ծրագրի ներմուծումը, ներկայացնելով իր դիտողությունները, սակայն ԾԻԳ-ում ամեն գնով խոչընդոտել են դրան։ Ակադեմիայի ներկայացուցիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սպարտակ Խաչատրյանը մեզ ներկայացրեց իրենց աշխատանքային խմբի դիտարկումները։ Լոկալ (ապակենտրոնացված) ջեռուցման համար նախատեսվում է ստեղծել շուրջ 1000 փոքր կաթսայատուն, այնինչ Երեւանի շենքերի խտությունը թույլ չի տալիս ապահովել անվտանգ հեռավորություն բնակելիներից։ Կաթսայատները նախատեսված են միայն գազով աշխատելու համար, իսկ սեփական էներգահումք չունեցող ոչ մի երկիր չի մնում մեկ էներգիայի աղբյուրի հույսին։ «Լոկալով» հաշվարկված է բնակարաններում ապահովել 13 աստիճան ջերմություն, որը չի համապատասխանում սանհիգիենիկ նորմերին։ Նոր համակարգը նախատեսում է սակագնի 40% բարձրացում, իսկ վարձավճարի գանձումը պետք է կատարվի բնակիչների հաշվին 300-500 դոլար արժողության հաշվիչներ տեղադրելուց հետո։ Ծրագրի կատարման ընթացքը 25 տարի է, իսկ մինչ այդ, այս տարվանից սկսած, կառավարությունը դադարեցրել է ջեռուցման համակարգին տարեկան 600 մլն դրամ դոտացիայի տրամադրումը։ Այս եւ այլ դիտողություններից ելնելով, ակադեմիայի ճարտարագետներն ու ԳԱԱ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խումբն առաջարկում են կառավարությանը՝ կրկին հրավիրել դանիացի մասնագետներին ու միասին վերակազմել ջերմամատակարարման բարելավման ռազմավարական ծրագիրը։ Գիտնականներն առաջարկում են պահպանել կենտրոնացված ջեռուցման համակարգը, վերազինել դրանք տեխնիկապես, որպեսզի հնարավոր լինի արտադրել համակցված էներգիա, էլեկտրական եւ ջերմային՝ միաժամանակ, կապված տարվա եղանակից։ Դա կկրճատի ատոմակայանի աշխատանքից կախվածությունը եւ հնարավորություն կտա օգտագործել այլընտրանքային էներգահումք՝ մազութ։ Գիտնականների հաշվարկով, ջերմային էներգիայի սակագինը կիջնի շուրջ 40%-ով, ոչ թե կբարձրանա նույնքան, ինչպես նախատեսվում է լոկալի դեպքում։ Թվերից զատ, գտնվել է նաեւ տաք ջրի գողությունը կանխելու բանալին. քանի որ ջեռուցման համակարգը փակ է, գիտնականներն առաջարկում են ջեռուցման ջրին խառնել մի քիչ ներկ։ Այսպիսով, մասնագետների կարծիքով, ՀՀ կառավարության 2002թ. հաստատած ջերմամատակարարման բարեփոխման ծրագիրը թյուրիմացություն է եւ անհրաժեշտ է այն շուտափույթ վերանայել։ Մինչ մասնագետները կարծիք են կազմում, Համաշխարհային բանկն արդեն դուրս է գրել դոլարների առաջին կես միլիոնանոց խմբաքանակը՝ ծրագրի փորձնական փուլն իրականացնելու նպատակով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել