ՊՈՒՏԻՆԻՆ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ Օրերս ՌԴ քաղաքացիների մի խումբ դիմել է «Մոսկվայի այգեգործների միություն»՝ առաջարկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել միության շարքերն ու անհապաղ նրան դարձնել պատվավոր եւ վաստակավոր այգեգործ: Բայց, ինչպես «Նյուս.ռու» գործակալությունն է նշում, ՌԴ նախագահի թեկնածությունը քննարկելուց հետո Միությունը մերժել է Վլ.Պուտինին անդամագրել Միությանը՝ պատճառաբանելով, որ նախ՝ անդամակցել ցանկացողն ինքն անձամբ պետք է համապատասխան խնդրանքով դիմի Միությանը, երկրորդ՝ Միության կանոնադրության համաձայն, անդամակցել կարող են միայն գործող այգեգործներն ու այգեպանները: Մինչդեռ, ինչպես ՌԴ նախագահն ինքն է խոստովանել իր ասուլիսներից մեկի ժամանակ, նա վերջին անգամ ձեռքը բահ է վերցրել շատ տարիներ առաջ՝ իր ծնողների ամառանոցում: Այդուհանդերձ, ինչպես գործակալությունն է հաղորդում, Վլ.Պուտինի համար ամեն ինչ կորած չէ: Մոսկվացի այգեգործները պատրաստակամություն են հայտնել իրենց արհեստավարժությամբ կիսվել ՌԴ նախագահի հետ, լոլիկի սերմեր տրամադրել, օգնել կարտոֆիլ ցանել տնամերձում, տրամադրել ՌԴ նախագահի նախընտրած Անտոնովկայի սերմեր: Իսկ աշնանը, բերքատվության արդյունքները հաշվի առնելով, կրկին վերադառնալ «նախաձեռնող խմբի» առաջարկի քննարկմանը: