Մարտի 9-ին լրացավ Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ Սուրեն Զուրաբյանի 40-ամյակը։ Երգչին վիճակված էր ապրելու եւ ստեղծագործելու կարճ ժամանակահատված։ 2003-ին ողբերգական պատահարի զոհ դարձավ նա։ Ս. Զուրաբյանի վերջին բեմելը կայացավ անցյալ տարի, հունիս ամսին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Իսկ առաջինը 90-ականների սկզբին էր՝ կոնսերվատորիայում ուսանելու տարիներին։ Հանդիպեցինք օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանին ու խնդրեցինք մանրամասնել մի առիթով երգչի մասին իր արտահայտած հետեւյալ միտքը. «Սուրենը պրոֆեսիոնալ երաժշտին անգամ դարձնում էր սովորական ունկնդիր»։ Ռեժիսորը մտաբերեց, որ դեռ ուսումնառության տարիներին, երբ Ս. Զուրաբյանը առաջին քայլերն էր անում ստուդիայում, ոչինչ անտարբեր չէր երգում. այդպես էր նրա արտիստական խառնվածքը։
«Առավոտի»՝ օպերային ստուդիայում Ս. Զուրաբյանի հատկապես ո՞ր դերերգը կառանձնացնեք հարցին ռեժիսորը պատասխանեց. «Մենգոնե (Հայդն՝ «Դեղագործը»), Լենսկի (Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին»), Արմավիվա (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ») եւ մյուս դերերգերը, որ նա կատարեց մեր բեմում, չեմ կարող առանձնացնել եւ ոչ մեկը։ Վոկալ ու բեմական վարպետության ներդաշնակ համաձուլում՝ սա էր երգչի հաջողության, բարձրարվեստ կատարողականության գաղտնիքը»՝ ավելացնելով, որ երիտասարդ երգիչն իր կատարած բոլոր ստեղծագործություններին, ինչ ոճի, տեմպերամենտի ու տրամադրության դրանք լինեին, հաղորդում էր ինչ-որ առանձնակի ջերմություն։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ Ս. Զուրաբյան երգչին բնորոշող մի կարեւոր հանգամանք եւս՝ նրա համար նախեւառաջ պատվի ու արտիստականության, բարձր ինքնասիրության գործ էր նվաճել հայ երգարվեստի պիկը՝ կոմիտասյան բարձունքը։ Իսկ սա նշանակում է, որ Կոմիտասի երգերը արժանի մատուցելու համար կատարողը պետք է վոկալ արվեստի ամենադժվար նրբուղիներն անցած լինի։
Ս. Դ.