Փաստաբանների
միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ դատավոր Սարո
Արամյանի «ղաչաղ» պահվածքին չարձագանքելը բնութագրական է մեր արդարադատության
խորհրդի համար:
– Պարզե՞լ եք, թե դատախազությունն ինչ հիմքով է կարճել փաստաբան Հովիկ Արսենյանի նկատմամբ հարուցված քրգործը՝ կեղծ արտոնագիր ստանալու եւ Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալ Գեղամ Շահբազյանին կեղծ ցուցմունք տալուն հարկադրելու փորձի մեղադրանքներով:
– Դատախազությունը գտել է, թե նպատակահարմար չէ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը, նկատի առնելով, որ այդ մեղադրանքները չեն դասվում ծանր հանցագործությունների թվին:
Ի սկզբանե դատավոր Սարո Արամյանի մեղքն էր, որ նման ընթացք ստացավ այս գործը: Քրեական գործ հարուցելը դեռ չի նշանակում, թե հաստատված է մարդու մեղքը: Դատախազությունն իր գործառույթներն էր կատարում, եւ կարող էր միջնորդել, բայց գնահատականները տալիս է դատարանը: Եվ Սարո Արամյանը պետք է չընդուներ այդ միջնորդությունը: Նույնը արեց եւ վերաքննիչ դատարանը, որը նույնպես զրկեց փաստաբանին այդ գործով դատավարությանը մասնակցելուց:
– Քրգործը կարճելու որոշման մեջ նաեւ նշված է, թե Արսենյանի արտոնագրի հետ կապված խնդրի լուծումը թողնվում է Փաստաբանների միջազգային միությանը: Մի՞թե միությունը վաղուց չէր լուծել այս խնդիրը՝ հաստատելով Արսենյանի արտոնագրի օրինականությունը:
– Դեռ 6 ամիս առաջ էինք մենք բացատրել, որ փաստաբանին արտոնագրից զրկելը միությանը վերապահված լիազորություն է: Կամ էլ դա պետք է արվի դատաքննությունից հետո՝ դատարանի վճռով: Եվ եթե որեւէ մարմին դեմ էր մեր որոշմանը՝ կարող էր դիմել դատարան՝ չեղյալ հայտարարելու կոլեգիալ մարմնի վճիռը: Բայց ե՛ւ առաջին ատյանի, ե՛ւ վերաքննիչ դատարանները ինքնուս գործունեություն ծավալեցին, ու անգամ որոշման մեջ գրեցին, թե կողմերին չի տրվում որոշման առանձին օրինակը, ձեւակերպելով իբրեւ ընթացակարգային որոշում՝ փաստաբանին դատավարությանը մասնակցել թույլ չտալը: Նման բան գոյություն չունի՝ սա «նորամուծություն» է:
– Իսկ ինչո՞ւ եք կարեւորում, որ տրվեր որոշման մի օրինակը: Միությունը մտադիր էր վիճարկե՞լ այն:
– Հիշեցնեմ, որ փաստաբանին ժամանակավոր հեռացնելու մոտեցումն էլ նախատեսված չէր օրենքով, ինչը արեց դատավոր Սարո Արամյանը: Հետեւեցին վերաքննիչ դատարանի 2 որոշումները, որոնցում գրված էր, թե փաստաբան Հովիկ Արսենյանի արտոնագիրը ձեռքբերված է ապօրինի: Այսինքն՝ ե՛ւ գնահատական են տվել, ե՛ւ իրենց որոշումները ձեւակերպել իբրեւ ընթացակարգային: Օրենքով նրանց տրված չեն նման լիազորություններ, որ այդպիսի որոշումներով փաստաբանին հեռացնեն դատարանի դահլիճից: Դատական համակարգը խուճապի մատնվեց, մի քայլ առաջ արեց եւ արդեն իսկ խախտեց մարդու իրավունքը՝ որոշմամբ տալով գնահատական: Սարո Արամյանն այդ երկու շաբաթների ընթացքում ղաչաղ էր դարձել դատարանի դահլիճում, եւ մենք ասել էինք, որ դատի կտանք նրան, կամ էլ արդարադատության նախարարության միջոցով կդիմենք արդարադատության խորհրդին, որ կարգապահական վարույթ հարուցեն այս դատավորի նկատմամբ: Մենք դիմեցինք՝ դատարանի դահլիճում դատավորի այս պահվածքին տալով համապատասխան ձեւակերպումներ: Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գրավոր պատասխանեց, թե վարույթ սկսելու հիմքեր չկան, եւ արտառոց բան չեն տեսնում Սարո Արամյանի պահվածքի մեջ: Դե, քանի որ չեն տեսնում՝ դրա համար էլ արդարադատության խորհուրդն այս վիճակում է:
– Արդյոք այս ամենի նպատակը միայն ա՞յն չէր, որ Հովիկ Արսենյանին մեկուսացնեին Արմեն Սարգսյանի պաշտպանությունից: Հենց այդ գործն ավարտեց իր պտույտը դատական եռաստիճան համակարգում՝ կարճվեցին նաեւ մեղադրանքները:
– Միանշանա՛կ կարելի է ասել, որ դա էր մոտեցումը, եթե քննենք այս ամենի ժամանակագրությունը, թե ե՛րբ սկսեցին, ե՛րբ ավարտեցին եւ այդ ընթացքում օրենքից չբխող ինչպիսի՛ որոշումներ կայացրեցին տարբեր ատյանների դատարանները՝ չարաշահելով իրենց իրավասությունները: Ինչ-որ հետին միտք ունեին, որ հետապնդեցին նման ձեւերով: Կամ էլ ասելիք չունեին դատարանում եւ պետք էր այս աղմուկն ու քաշքշուկը:
Ես արդարադատության խորհրդին նորից եմ դիմելու դատարանների կայացրած այս որոշումների կապակցությամբ: Պնդում եմ, թե դատավորները զբաղվել են ինքնագործունեությամբ՝ առանց դատաքննության կայացնելով նման ձեւակերպումներով որոշումներ, որոնցով փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել դատավարությանը: Ճիշտ չի լինի նման նախադեպ թույլ տալը:
Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ