Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառամտությունն ընդդեմ տգիտության

Մարտ 11,2004 00:00

«Արդարության» երեկ Ալավերդի կատարած այցելության ընթացքում դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը խոստացել է, թե 1 ամիս ժամանակ են տալիս եւ դրանից հետո ճաղերի ետեւում է հայտնվելու Լոռու մարզպետ Քոչինյանը:

Թերեւս այս հայտարարությունը պայմանավորված էր նաեւ այն ջանքերով, որ ընդդիմադիրների այցելությունը խոչընդոտելու համար գործադրել էր մարզպետը: «Լոռու մարզպետը մեր այցից առաջ Ալավերդիում հավաքել էր ուժային կառույցների ղեկավարներին, նաեւ որոշ գյուղապետերի ու հրահանգավորել, որ նրանք ամեն կերպ խոչընդոտեն մեր հանդիպումները,- «Առավոտին» հեռախոսով հայտնեց Վիկտոր Դալլաքյանը:- Գյուղացիները մեզ բողոքում էին, որ ահաբեկել են դպրոցների ուսուցիչներին, մտել են տուն առ տուն ու վախեցրել, որ չմասնակցեն հանդիպմանը: Սակայն այդ բոլոր քայլերը դատապարտված էին, քանի որ բնակիչները մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեզ՝ ե՛ւ Օձունում էր մարդաշատ, ե՛ւ Աքորիիում, ե՛ւ Ալավերդիում: Ժողովուրդը ցույց տվեց իր ատելությունը Լոռու մարզպետի ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Եվ երբ մենք խոսում էինք իշխանափոխության ծրագրերի մասին՝ մարդիկ վանկարկում էին, թե օր առաջ պետք է հեռացվեն նրանք»:

Երեկ ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ Քոչարյանը կարգախոս հռչակեց կյանքի որակի բարելավումը եւ հայտնեց, թե Վանաձորից մինչեւ Երեւան տարեցտարի իրենց լուծումներն են ստանում շուրջօրյա ջրամատակարարման, առավել «կոմֆորտային» վառելիքի, լուսավոր ու բարեկարգ փողոցների եւ այլ հարցերը: Քանի որ մեր զրույցի պահին Վիկտոր Դալլաքյանը Վանաձորում էր՝ հետաքրքրվեցինք, թե տեսնո՞ւմ է, որ իրոք այնտեղ բարելավվում է կյանքի որակը. «Ես նրա այդ պնդմանը վերաբերում եմ հումորով: Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանի ազգաբնակչության 87%-ն աղքատ է: Եվ Քոչարյանը թող հիշի իր 1998-ի խոստումները Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման վերաբերյալ, որը մինչ այսօր կանգնած է՝ մի քանի օր աշխատելուց հետո: Ինչ վերաբերում է ջրամատակարարման խոստումներին՝ երկրի նախագահը պետք է տարբերվի Ջրային պետական կոմիտեի նախագահից: Քաղաքական է նախագահի պաշտոնը եւ նա ոչ թե ջրամատակարարման հարցերով պիտի զբաղվի, այլ իր լիազորություններով: Այնուամենայնիվ նշեմ, որ այսօր Վանաձորի ամենամեծ թաղամասերից մեկում՝ Տարոնում, ջրամատակարարումը խայտառակ վիճակում է, եւ անորակ, օգտագործման ոչ պիտանի ջուր է ստանում այս թաղամասը»:

Հակադարձելով ընդդիմության հասցեին Քոչարյանի նետած այն ակնարկին, թե «տգիտությունը պետք չէ մեկնաբանել, տգիտությունը պետք է արհամարհել»՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Գավառամտությունը պետք է արհամարհել, եւ պետք չէ մեկնաբանել գավառամտությունը»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել