Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՕԳՆՈՒՄ Է

Մարտ 11,2004 00:00

Երեկ
կարծիք հայտնեց ՀՀ նախագահը
Երեկ նախագահ Քոչարյանի՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ բացի նախապատրաստված «բազեական» հարցերից, հնչում էին նաեւ սուր հարցադրումներ: «Ոչ պրոտոկոլային» պահերից մեկն էր ԵՊՀ ուսանող Արեն Մանուկյանի երկխոսությունը երկրի նախագահի հետ:

– Ձեր լեգիտիմության աստիճանը խանգարո՞ւմ է, թե՞ օգնում ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը:

– Բայց ի՞նչ է նշանակում լեգիտիմության աստիճան: Լեգիտիմությունը ինչ-որ աստիճանների՞ է բաժանվում:

– Խոսքը հենց թեկուզ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցի մասին է, որտեղ նշված է Հայաստանում կեղծիքներով անցած ընտրությունների մասին:

– Իմ լեգիտիմության աստիճանն ինձ օգնո՞ւմ է, թե խանգարո՞ւմ է……օգնո՛ւմ է, հանգստացա՞ք:

– Իսկ պատերազմի անմիջական վտանգ եթե լինի (ձեր քաղաքականությունն այսքան տարի ձախողվում է, ձեր վարած դիվանագիտական կուրսը կրախ է ապրում), դուք հրաժարական կտա՞ք, թե՞ կուրսը կփոխեք եւ կշարունակեք այլ ձեւով ղեկավարել:

– Պատերազմի վտանգի տեսանկյունից ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, եւ եթե այդպիսի բան պատահի, ի տարբերություն շատերի, ես գիտեմ՝ ինչով եմ զբաղվելու եւ գիտեմ, որ արդյունավետ եմ զբաղվելու: Իմ գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների կատարման մասին է խոսքը: Համենայն դեպս, ովքեր ղարաբաղյան պատերազմում մասնակցություն են ունեցել, իմ դերակատարության մասին գիտեն: Ես իմ տեղը գիտեմ՝ ինչ եմ անելու: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, իմ պաշտոնավարման օրոք մենք ստացել ենք միջնորդ երկրների կողմից առաջարկներ, որոնք Հայաստանի կողմից ընդունվել են, եւ մերժվել են Ադրբեջանի կողմից: Եթե այս պարզ տրամաբանությունը ձեզ ոչ մի բան չի հուշում, ուրեմն դուք անհույս եք: Եթե Ղարաբաղի հարցին ես նվիրել եմ իմ կյանքի առնվազն վերջին 15 տարին, եւ երբ Ղարաբաղից խոսում են մեր քաղաքական դաշտից մարդիկ, որոնք մեկ լումա ներդրում չունեն այն իրավիճակին, որ այսօր մենք ունենք Ղարաբաղում, այ սա ինձ համար անհասկանալի է: Ո՛չ: Ղարաբաղի հարցը մինչեւ վերջ հասցնելու ենք:

Հաջորդը ԵՊՀ ուսանող Արսեն Խառատյանն էր, որ հիշեցրեց, թե ինչպես Հայաստանը ՌԴ-ին որպես արտաքին պարտք 100 մլն դոլար վճարեց, գույք՝ պարտքի դիմաց. «Այժմ նորանոր պարտքեր են վերցվում, այդ թվում՝ 2 հիմնական՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի եւ հակակոռուպցիոն ծրագրի համար: Այդ պարտքերը նույն կե՞րպ են վերադարձվելու, թե լուծման այլ տարբերակ կառաջարկեք»: «Նույն կերպ տալու բան չունենք,- կեսկատակ անկեղծացավ Ռ. Քոչարյանը: Եվ ավելացրեց, որ նման արտոնյալ վարկերից չօգտվելը «ապուշություն կլինի», եւ որ «պարտք չունեցող երկիր չկա»: «Կխոստանա՞ք, որ, օրինակ, 15 տարի հետո որեւէ նորմ այս պարտքերի դիմաց չի պարտադրվելու այլ երկրների կողմից»,- համառում էր ուսանողը: Եվ նախագահը բացատրեց, որ այդ պարտքը մեր երկրի ներքին համախառն արտադրանքի մոտ 40 տոկոսն է եւ միայն 50-ի դեպքում է երկրի վիճակը դառնում վտանգավոր: «Պարտքեր են, որ ինֆլյացիոն գործոններով 30 տարվա ընթացքում մոտ 30-40 տոկոսը ջրվում է: Այդ պարտքերը շատ կարեւոր են զարգացող երկրների համար»:

Մյուսը հոռետեսական կանխատեսում էր՝ պատմաբան ուսանողի կողմից. «Մասնագիտությամբ պատմաբան եմ եւ ուսումնասիրել եմ ընթացիկ հեղափոխություններն ու հեղաշրջումները: Հիմա բոլոր նախադրյալները եւ դրդապատճառները կան իշխանափոխության համար»: Սա ասվեց կառավարության անդամների հնարավոր փոփոխությունների մասին հարցի հետ միաժամանակ: Նախագահը հաջորդեց. «Ես էլ ունեմ անձնական փորձ, որը էապես տարբերվում է ձեր փորձից: Կադրային փոփոխություններ հնարավոր են, բայց ոչ այն տարբերակով, ինչի մասին դուք մտածել եք»: Այսինքն՝ նախագահն իշխանափոխություն առաջիկայում չի տեսնում: Ինչպես եւ՝ քաղաքական ենթատեքստ չի տեսնում Սահակաշվիլու այցի հետաձգման մեջ: Սակայն տեսնում է, թե ինչպես տհաճորեն քաղաքականացվում են մեր տոները: Խոսքը Մարտի 8-ին կանանց կազմակերպած հանրահավաքի մասին է: Այս կանանց նախագահը խղճում է. «Ես չեմ հասկանում այդ կանանց, ովքեր այդ օրը ագրեսիվ դրսեւորումներով դուրս եկան փողոց: Ուրեմն նրանց ընտանիքներում չկա ջերմություն: Նրանք մեղք են»: Անդրադառնալով այդ նույն ագրեսիվ կանանց կարծիքին, թե՝ «երկիրը վատ վիճակում է, իսկ երկրի նախագահը սպորտով է զբաղվում», նախագահը ասաց, որ համապատասխանաբար այլ «մեղադրանքներ» կհնչեցնեին, եթե օրինակ ինքը գիրք կարդալ սիրեր կամ շախմատ խաղալ, կամ էլ հիվանդոտ լիներ. «տգիտությունը չեն մեկնաբանում, արհամարհում են»:

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված աղմուկի առնչությամբ Ռ. Քոչարյանը կարծիք հայտնեց, թե ակտիվիստների համար դրսեւորվելու հնարավորություն եղավ, մի մասին դուր եկավ այդ ամենը եւ անգամ նախագծի հետկանչից հետո չի հանգստանում, որոշները կսկսեն քաղաքականությամբ զբաղվել, եւ միայն մի մասը՝ գիտությամբ: Նախագահը նաեւ ասաց, որ եթե այդ նախագիծն ընդունվեր, իր 2 տղաներն էլ բանակ կգնային, եւ ինքը դրանից «տրագեդիա» չէր ապրի. «ինքս ծառայել եմ բանակում, եւ դա չի խանգարել նախագահ դառնալուն, ընդհակառակը՝ օգնել է»: Ռ. Քոչարյանը շեշտեց, որ նախագծի հեղինակը բանակը չէր. «Ես էլ եմ համամիտ, որ ժամանակավրեպ էր եւ խմբագրման կարիք կար: Բուհական համակարգի հայեցակարգը չունենալով, օրենսդրական դաշտը չկարգավորելով, սա Ազգային ժողով չպետք է մտներ»: Այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանը նշեց, որ ինքը կողմ է բոլոր տղաներին 18 տարեկանից բանակ ուղարկելուն:

Հանդիպմանը խոսք գնաց նաեւ մոդայիկ դարձած թեմայի՝ կոռուպցիայի մասին, որի դեմ, ըստ նախագահի, պետք է պայքարել ոչ թե կոկորդով, այլ քրտնաջան աշխատանքով եւ խելքով: Ռ. Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես «սովետի ժամանակ» կաշառք տալը ապրելակերպ էր դարձել եւ շինարարություն անելիս ցեմենտը գնում էին ոչ թե խանութից, այլ «պրարաբից»: «Պետության բոլոր գործառույթների կանոնակարգում է պետք, որ երբեք չի եղել, սովետական ժամանակներում հայտնի կաշառակերներ են այսօր խոսում կոռուպցիայի մասին…»: Անդրադարձ եղավ նաեւ «Ջիփեր»-ին, մասնավորապես՝ ԿԳ նախարարի եւ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի: Սերգո Երիցյանը տեղում ձեռքով հերքեց իր «Ջիփի» գոյությունը, իսկ Ա. Ավետիսյանի «Ջիփը», ըստ նախագահի, «ձեռքից գնված», 2 տարվա մեքենա է, որ այդքան էլ թանկ չէ, որքան թվում է: Իսկ ավելի լուրջ՝ «Այդ հարցի շուրջ լուրջ խոսակցություն ունեցել եմ մեր պետական այրերի հետ. պետք է նաեւ երեսներին ասել: Ճիշտ եք ասում: Մեր երկրում պետք է գնահատվի համեստ ապրելակերպը»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել