Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝6995 ԴՐԱՄՈՎ

Մարտ 10,2004 00:00

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝6995 ԴՐԱՄՈՎ Վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիներ նամակներ են ստանում, որոնցում 6995 դրամով նրանց խոստանում են լիակատար երջանկություն, սեր, փող։ Մեր օրերի առատության եղջյուրը քիչ այլ անվանում ունի՝ «Անտեսանելի եւ արգասաբեր Ֆեն Շույ ուժի ունիվերսալ գաղտնիք»։ Առաջարկի հեղինակը «Սոլեն» պարահոգեբանության կենտրոնն է՝ ի դեմս նախագահ Ալեն Կարդերիկի։ Վերջինից ստացված նամակը գովազդային թռուցիկների փաթեթ է, ի հավելումն՝ ծրար, պատասխանը ուղարկելու համար։ Ըստ նամակագրի, գաղտնիքի ուժը վայելած բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ցանկացել են գաղտնիքը պահել միայն իրենց համար, բայց դեռ շատ ուշ չէ եւ ձեզ բաժին կհասնի։ «Գաղտնազերծողները» իրենց ապրանքի դրական ազդեցության օրինակներ էլ են ներկայացնում՝ առանց ներկայացված անձանց մասին մանրամասների. ոչ անուն, ոչ հասցե, ոչինչ։ Կոնկրետ անուններով գիրքը դեռ նոր է պատրաստվում տպագրության եւ եթե գաղտնիքը ձեզ օգնի, ձեր անունն էլ կլինի այդ գրքում։ «Գաղտնիքին տիրապետող սակավաթիվ մարդիկ օգտվում են անբացատրելի պաշտպանությունից՝ ինչ էլ նրանց պատահի։ Ուժը նրանց հաջողություն է բերում ամեն ինչում՝ ինչ էլ որ անելիս լինեն։ Նրանց կյանքը փողին, սիրուն, աշխատանքին կամ ընտանիքին առնչվող երջանիկ իրադարձությունների շարան է»։ Լիակատար երջանկության դիմաց, բացի 6995 դրամը, ձեզնից պահանջվում է մի բան՝ խոստանալ, որ գաղտնիքը կօգտագործեք, որպեսզի շրջապատողներին տաք այնքան բարիք, որքան կստանաք ինքներդ։ Իսկ եթե նամակին պատասխանեք առանց հապաղելու, ապա կստանաք նվեր՝ Ֆեն Շույ էներգիայի «որսիչ», որը կարագացնի եւ կավելացնի ուժը։ Վերջում նամակագիրը հիշեցնելով, որ գաղտնիքի նմուշների քանակը սահմանափակ է, որ դուք ռիսկի չեք դիմում, որ որեւէ պարտավորություն չեք ստանձնում, առաջարկում է. «Եթե 90 օր անց փոփոխություններ չզգաք, կարող եք ետ ուղարկել գաղտնիքը եւ ետ ստանալ ձեր վճարած գումարը, թեեւ «առայժմ նման դեպքեր չեն եղել»։ Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել