Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ

Մարտ 10,2004 00:00

ՄՈՌԱՆԱԼ ԱՆՑՅԱԼԸ Այսօր «Արարատ»-«Լեռնային Արցախ» եւ «Լոռի»-«Դինամո- Զենիթ» գավաթային հանդիպումներով Հայաստանում սկսվում է ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Տա Աստված, որ այն անցնի զուտ մարզական պայքարում, նախորդների հետ համեմատած զերծ լինի խարդավանքներից: Կարծես, դրա հույսերը ուրվագծվում են: Խոսքը երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարության հրավիրած մամուլի ասուլիսի մասին է: Ակումբի նոր ղեկավար կազմի՝ լրագրողների հետ առաջին հանդիպումը նախաձեռնել էին նորանշանակ գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանը եւ թիմի նոր պետ Բագրատ Բեգլարյանը: Բացելով ասուլիսը՝ Վ. Պետրոսյանը ասաց. «Ակումբը շուրջ մեկ տարի չխաղալով, նոր ղեկավար մարմնի օրոք վաղն առաջին անգամ է պաշտոնական հանդիպում ունենալու: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սեւադա Արզումանյանը: Ինչ վերաբերում է Արկադի Անդրեասյանին, նրա համար ակումբում մեկ այլ բնագավառ է նախատեսվում (ճիշտ է, նա նպատակահարմար չգտավ կոնկրետացնել՝ պատճառաբանելով, որ հարցը դեռեւս քննարկման փուլում է: Ա. Հ.): Փոփոխման հիմնական պատճառը՝ շուրջ 38 տարի առաջ ստեղծված «Արարատ» թիմը եւ գաղափարը ժողովրդին վերադարձնելն է, «Արարատի» եւ ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ եղած այսօրվա խնդիրները հանուն միասնականության, այլ ոչ թե՝ պառակտման լուծելը: Վերջին երկու տարում բավականին լուրջ խնդիրներ են եղել թիմի եւ ֆեդերացիայի միջեւ: Ողջամիտ լինելու եւ խարդավանքներից հեռու մնալու դեպքում «Արարատը» հիմա կխաղար բարձրագույն լիգայում: Այսուհանդերձ, ենթարկվելով ՀՖՖ օրենքներին, մենք խաղալու ենք առաջին լիգայում: «Արարատը» խորհրդանիշ է: Եվ խորհրդանիշը պետք է բարձր պահել: Բայց դա չի նշանակում, որ խորհրդանիշերը չպետք է ենթարկվեն օրենքներին: Մենք ենթարկվում ենք այն օրենքներին, որոնք ստեղծել է ՀՖՖ-ն եւ որոնք վերահսկվում են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից: Եթե կան թերություններ, խնդիրներ, դրանք պետք է լուծվեն երկու կողմերի բանակցություններով, այլ ոչ թե պատերազմներով, դավեր նյութելով միմյանց դեմ: Մեր թիմի այսօրվա կազմը չի համապատասխանում միջազգային սանդղակներին: Բայց պիտի փորձենք անել ամեն ինչ, որպեսզի «Արարատը» գալիք տարիներին խաղա ոչ միայն Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում, այլեւ հանդիպի ԱՊՀ ու եվրոպական թիմերի հետ: Եվ եթե հարկ լինի, պատրաստ ենք դրսից բերել մարզիչներ, ովքեր կկարողանան թիմը հասցնել նախանշած բարձունքներին: Կրկնում եմ. ղեկավար մարմնում կատարված փոփոխությունները ազդեցությունների հետեւանք չեն, այլ կատարվել են հետեւյալ պատճառով: Անդրեասյանը, լինելով լավ մարզիչ՝ Հայաստանում թիվ մեկը, համապատասխանում է միայն ու միայն Հայաստանի սահմաններում մարզչություն անելու մակարդակին: Եթե մենք ցանկանում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ եւ այնտեղ էլ խոսք ասել, հարկավոր է լուրջ փոփոխություններ կատարել այսօրվա մարզչական կազմում: Հիմա էլ հավատացած ենք, որ ներկայիս մարզչական կազմը նույնպես թերի է: Բայց կարծում ենք, երիտասարդ կադրերով եւ միջազգային փորձը յուրացնելով կկարողանանք դուրս գալ ճահճացած վիճակից»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ «Արարատը» ստիպված է հանդես գալ 1-ին խմբում, Վ. Պետրոսյանը պատասխանեց. – Մեղմ ասած, անհարմար է… Բայց կային խնդիրներ, ինտրիգներ ու դրանց հետեւանքով «Արարատն» իջավ 1-ին խումբ: ՀՖՖ նախագահի եւ իմ միջեւ հանդիպում եղել է: Այս հարցը քննարկել ենք: Հակառակ այն բանին, որ 1-ին խմբում խաղալն ընդունելը դժվար է, մենք չենք ուզում օրենքները խախտել՝ ենթարկվում ենք օրենքներին: Ֆեդերացիան, ճիշտ էր կամ սխալ, գործադիր մարմին է, եւ մենք որպես ֆեդերացիայի անդամ պիտի ենթարկվենք նրա որոշումներին: Ինչ եղել է՝ պատմություն է դարձել: Եկեք չանդրադառնանք պատմությանը, չքրքրենք այն: Այսօր թիմի առջեւ շատ ծանր պարտավորություն է դրված՝ նվաճել գավաթը: Հարկավոր է կարողանալ վեր կանգնել ամբիցիաներից եւ բարձրացնել հայկական ֆուտբոլը… Դրա համար պետք է հավաքական կամք, հավաքական աշխատանք: Խնդիրն անպայման «Արարատի» բարձրանալը չէ, այլ ցանկացած թիմի, որպեսզի դուրս գա միջազգային ասպարեզ ու ապացուցի, որ մեռած չենք: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գնահատում նախապատրաստության ընթացքը եւ ի՞նչ է լինելու Ձորաղբյուրի մարզաբազայի ճակատագիրը: – Անցած մեկ տարում ինչ խնդիր դրված է եղել թիմի առջեւ, Անդրեասյանը հոյակապ է կատարել: Չնայած այս տարի թիմը չկարողացավ Ծաղկաձորում հավաք անցկացնել, այսօր պատրաստվածության բավականին լավ վիճակում է: Ինչ վերաբերում է Ձորաղբյուրին, աշխատանքներն ընթանում են փետրվարի 2-ից: Հայաստանի կառավարության հետ բանակցությունների արդյունքում անցած տարվա հունիսի 25-ին այդ մարզաբազան տրամադրվեց «Սիրկապ» ՍՊԸ-ին, որի հովանավորներն են Վարդան Սիրմակեսը եւ Հրաչ Կապրելյանը: Բայց, ցավոք, մեզ անհայտ պատճառներով փաստաթղթերը ընկերությանը հանձնվեցին այս տարվա հունվարի 20-ին՝ շուրջ 6 ամիս հետաձգումով: Դա որոշ խնդիրներ առաջացրեց կառավարության եւ ընկերության միջեւ: Թե ովքե՞ր են դրա պատասխանատուները, կարծում եմ, պետք է զբաղվի սպորտկոմիտեն: (Ի դեպ, ասուլիսից հետո արդեն սպորտպետկոմում այս առիթով ասացին, որ «Սիրկապ» ՍՊԸ-ն եւ «Արարատ» ակումբը մինչեւ վերջերս պայմանագրով նախատեսված հիմնական պարտավորությունները չեն կատարել: Եվ եթե մինչեւ ապրիլի 2-ը Ձորաղբյուրում շինարարական լուրջ աշխատանքներ սկսած չլինեն, օրենքով սահմանված կարգով միակողմանիորեն պայմանագիրը կդադարեցվի, որին ամենայն հավանականությամբ, կհաջորդի մարզաբազան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հանձնելու քայլը- Ա. Հ.): Դա լինելու է ընդհանուր մարզահամալիր ոչ միայն «Արարատ» ակումբի համար: Բազայից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաեւ մյուս թիմերին, ինչպես նաեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել