Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան. երկու հակադիր կարծիք

Մարտ 10,2004 00:00

Ադրբեջան. երկու հակադիր կարծիք Ադրբեջանում հասարակությունը, քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ-ները դեռեւս շարունակում են քննարկել Բուդապեշտում ադրբեջանցի սպայի՝ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու միջադեպը: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների եւ մասնավորապես «Զերկալո» թերթի հրապարակումներից, Ադրբեջանում էլ կատարված քստմնելի սպանության նկատմամբ վերաբերմունքն ու գնահատականները տարբեր են: Հիշյալ թերթի երեկվա համարում այս առնչությամբ երկու հրապարակում կա՝ երկու տարբեր մոտեցումներ եւ գնահատականներ, թերեւս, նաեւ հակադիր: Մասնավորապես, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը, որը ստանձնել է ադրբեջանցի սպայի պաշտպանության համակարգումը նաեւ ադրբեջանական խորհրդարանում, «Զերկալոյին» տված հարցազրույցում, ոչ ավել՝ ոչ պակաս, հայտարարել է. «Հայերին պետք է սպանել Ղարաբաղում»: Ավելին, պատգամավորի ասելով, «Ռ.Սաֆարովն այդպես չպետք է վարվեր: Նա կարող էր մեկ տարի անց հայրենիք վերադառնալ որպես պրոֆեսիոնալ զինվորական եւ կարող էր այնպիսի գործողություն նախապատրաստել, որի արդյունքում հայերը կարող էին բազմաթիվ կորուստներ կրել: Մյուս կողմից, Թուրքիայում ռազմական հմտություններ ուսանող մեր սպաներին ես միշտ ասում եմ՝ դուք պետք եք Ղարաբաղում: Նրանց պետք է սպանել Ղարաբաղում, այլ ոչ թե այլ երկրներում»: Ա.Մամեդխանովը միաժամանակ կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը պետք է ցույց տա, որ կարող է կանգնել իր զավակի թիկունքին: «Զերկալոն» արձանագրում է, որ Սաֆարովի այդ արաքը երբեմն որակվում է իբրեւ «հերոսական ակտ՝ հայ օկուպանտների նկատմամբ ապագա հաղթանակի համատեքստում: Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր այս առնչությամբ այլ կարծիք ունեն»: Մասնավորապես ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի դիտարկմամբ, «Ռ.Սաֆարովի արարքը հայ ագրեսորից վրեժխնդրություն չէ»: Նրա կարծիքով, «վրեժխնդրության իսկական ակտ կարող է լինել օկուպացված տարածքների ազատագրումը»: Ըստ նրա, «որքան էլ ադրբեջանցիներն առանձին վերցրած այդպես վարվեն առանձին վերցրած հայերի նկատմամբ եւ որտեղ էլ որ դա լինի, միեւնույնն է նման մեթոդներով Ղարաբաղը մենք չենք վերադարձնի: Դա անօգուտ է, ավելին՝ այդ ճանապարհը Ադրբեջանին հսկայական վնաս է բերում: Անհատականացված ատելությունը՝ պետության, բանակի, հասարակության անկազմակերպվածության պայմաններում, միանգամայն հակառակ արդյունքին կարող է հանգեցնել: Դա ցույց տվեցին Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած ջարդերը, որոնք հակառակորդին մեծ առավելություն տվեցին Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում»: Զ.Ալիզադեի կարծիքով, ադրբեջանցիները նախեւառաջ պետք է ափսոսանք հայտնեն, որ «երկու երիտասարդների կյանք է խորտակվել: Նրանք երկուսն էլ կարող էին լինել իրենց բանակների արժանի սպաներ: Այո, հնարավոր է, որ երբեւէ նրանք նաեւ հանդիպեին ճակատամարտի դաշտում, կռվեին իրար դեմ: Բայց դա նրանք կարող էին անել ասպետավարի՝ սպայի արժանապատվության ընդունված շրջանակներում: Իսկ հիմա նրանցից մեկը սպանված է, մյուսին՝ դատում են որպես հանցագործի»: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե «Ռամիլ Սաֆարովի հարազատները պետք է ցավակցություն հայտնեն հայ սպայի ընտանիքի անդամներին»: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչով պետք է բացատրել այն, որ ադրբեջանական հասարակությունը Ռ.Սաֆարովին ազգային հերոսի է վերածել, Զ.Ալիզադեն ասել է. «Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել