Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻ՞Չ ՉԷ

Մարտ 10,2004 00:00

ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻ՞Չ ՉԷ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, որը զբաղվում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով, քննադատաբար է վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարի այն մեթոդներին, որոնք այժմ կիրառվում են Վրաստանում: – Կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել այնպես, ինչպես Հայաստանում՝ ծրագրեր գրել ու լսումներ կազմակերպել, եւ այնպես, ինչպես Վրաստանում՝ գործեր հարուցել ու բանտարկել այն պաշտոնյաներին, որոնց կատարած չարաշահումները եւ կաշառակերությունը հանրահայտ են: Ինչո՞ւ եք նախընտրելի համարում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միայն քննարկումներ անցկացնելու «հայկական» տարբերակը: – Նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ձեւերը միայն երկուսը չեն. կան բազմաթիվ տարբերակներ: Սակայն Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված սկզբունք կա, թե կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համալիր եւ իր մեջ ներառի կանխարգելումը, հետաքննությունը եւ պատիժը: Ես կարծում եմ, որ Հայաստանում պայքարը պետք է ընթանա հիմնականում համալիր ձեւով եւ այս բոլոր երեք ուղղություններով: – Այսինքն՝ կարծում եք, թե Վրաստանն ընթանում է միայն մեկ՝ պատժի՞չ ուղղությամբ: ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ էլ պնդեց, թե այդ ձեւով երկիր չի կառուցվում: Ինչո՞ւ: – Որովհետեւ կարծում եմ, թե գնալով միայն երրորդ ուղղությամբ՝ այսինքն, իրականացնելով միայն պատժիչ գործառույթներ, մենք բաց կթողնենք կոռուպցիայի դեմ պայքարի առաջին երկու՝ շատ կարեւոր ուղղությունները: Կոռուպցիան հասարակական հիվանդություն է, եւ եթե մենք պայքարելու ենք հիվանդության միայն հետեւանքի դեմ՝ առանց պատճառները կանխարգելելու, բնականաբար, չենք հասնի արդյունքի: Եվ սա հասկացել են ոչ միայն Հայաստանում՝ սա վաղուց ի վեր ընդունված պրակտիկա է նաեւ եվրոպական երկրներում եւ ԵԽ-ն այն ամրագրել է իր 20 առաջնորդող սկզբունքներում: – Սակայն չե՞ք կարծում, թե պաշտոնյաների համար կանխարգելիչ լավագույն նշանակությունը կունենան այն փաստերը, որոնք կվկայեն, թե կոռուպցիան իրո՛ք պատժվում է, ինչը եւ արվում է Վրաստանում: – Ես արդեն ասացի, որ այդպես չեմ կարծում: Սովետական Միությունում պատժում էին՝ Գուլագ ուղարկելով, Չինաստանում պետական խոշոր կաշառակերներին նաեւ գնդակահարում էին, արաբական որոշ երկրներում կաշառակերներին պատժում են նրանց ձեռքերը կտրելով, բայց այս ամենից այդ երկրներում չի վերանում կաշառակերությունը: Եվ ես վստահ եմ, որ եթե նույն ուղղությամբ շարժվելու են նաեւ Վրաստանում՝ միայն պատժելով նրանք չեն կարողանալու հաղթահարել կաշառակերությունը, քանի որ չի փոխվելու համակարգը՝ փոխվելու են ուղղակի մարդիկ: Նույնը մնացած համակարգում կոռուպցիան եթե ոչ նախկին ծավալներով, բայց այնուամենայնիվ՝ շարունակվելու է ու զարգանալու: – Ձեր այդ մոտեցումները որոշակիորեն չե՞ն հակասում Դաշնակցության դիրքորոշմանը, որ նոր մաս կազմելով իշխանությանը՝ հանրահավաքում հրապարակեց մի շարք նախկին պաշտոնյաների անուններ, մեղադրեց չարաշահումներ կատարելու մեջ եւ պահանջեց պատասխանատվության ենթարկել ու պատժել նրանց: – Ո՛չ, հակասություն չկա: Այն, ինչ ասացի՝ Դաշնակցության մոտեցումն է: Տեղյակ չեմ, թե ինչ անուններ են հրապարակվել հանրահավաքում, քանի որ այդ ժամանակ Հայաստանում չէի: Եվ չգիտեմ, թե ինչ համատեքստում է եղել այդ հայտարարությունը, սակայն ենթադրում եմ, որ արծարծվել է քաղաքական պատասխանատվության խնդիրը: Դիմեք կուսակցությանը եւ հարցրեք, թե ինչ նկատի ունեին՝ արծարծելով պատասխանատվության խնդիրը: – Այնուամենայնիվ՝ որոշակի արդյունքներ ունեցե՞լ են Ձեր արդեն իսկ կազմակերպած քննարկումները եւ լսումները առողջապահության կամ կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ՝ վերոնշյալ երեք խնդիրների լուծման առումով: – Որպես նախագահի խորհրդական՝ ես չեմ իրականացնում երկրորդ եւ երրորդ գործառույթները, եւ այդ ուղղությունների համար չեմ կրում որեւէ պատասխանատվություն: Հետաքննություն իրականացնում են իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Իսկ պատժելու գործառույթը դատախազությանն ու դատական համակարգինն են: Ես միայն առաջարկներ ու երաշխավորություններ եմ ներկայացնում նախարարություններին, եւ եթե նրանք համաձայն են կանոնակարգել ու կատարելագործել իրենց ներքին օրենսդրական դաշտը՝ իրականացնում են այդ երաշխավորությունները: – Եվ արդեն իսկ արվե՞լ են նման առաջարկներ: – Այո՛: Թե՛ կրթության նախարարությունում են արդեն սկսել մշակել որոշակի կարգեր, որոնք կփակեն կոռուպցիոն սողանցքերը, թե՛ առողջապահության նախարարությունում: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել