Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՇԻՆՔԸ ՃՇՏՈՒՄ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 10,2004 00:00

ԴԱՇԻՆՔԸ ՃՇՏՈՒՄ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Արդարություն» դաշինքի երեկվա նիստում որոշվել է ստեղծել դաշինքի կուսակցությունների գործողությունները համակարգող շտաբ։ Համակարգող է ընտրվել «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։ Ընդհանրապես, դաշինքի նիստերը բավականին հաճախ են դարձել։ Շաբաթ՝ մարտի 6-ին տեղի ունեցած բավականին ակտիվ նիստերից երեք օր անց՝ մարտի 9-ին դաշինքը կրկին նիստ անցկացրեց։ Եթե երեկվա նիստը զուտ գործնական եւ աշխատանքային կարելի է կոչել՝ շտաբի ստեղծումը եւ կուսակցությունների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունը, ապա շաբաթ օրվա նիստը կարելի է համարել որոշ հարցերի հետ կապված պարզեցումների նիստ։ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը երեկ պարզաբանեց, որ դաշինքը քննարկել է ներքաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր, որոշվել է, որ պետք է ավելի ակտիվացնել ժողովրդի հետ հանդիպումները։ Մամուլում հրապարակումներ եղան, որ խիստ սկզբունքային հարցերում դաշինքի անդամ կուսակցություններից մի քանիսի միջեւ կան լուրջ տարակարծություններ։ Մասնավորապես նկատի էր առնվում «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի բավականին կտրուկ, վերջնագրին մոտեցող հայտարարությունները, թե «Հանրապետությունը» եւս մեկ անգամ կփորձի հստակեցնել դաշինք կուսակցությունների դիրքորոշումը. «Բոլոր դեպքերում մենք գործընթացը սկսում ենք»,- ասել էր պրն Այվազյանը։ Սպասվում էր, որ մարտի 6-ին դաշինքի նիստում նույնքան կտրուկ հայտարարություններ են հնչելու։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ. «Մամուլում շատ է քննարկվում, թե «Հանրապետություն» կուսակցությունը ինչ-որ ծրագիր է ներկայացնում, որը իբր չի տեղավորվում դաշինքի մոտեցումների շրջանակում։ Նման բան չկա։ Իրականում, իրավիճակի գնահատականներում դաշինքի անդամ բոլոր ուժերը համակարծիք են, ինչպես նաեւ համակարծիք են հետագա քայլերի ուղղությամբ»։ Դաշինքի անդամները միանշանակ ընդունել են, որ մամուլում որեւէ կարծիք կամ առաջարկություն հնչեցնելուց առաջ այդ հարցերը պետք է քննարկվեն դաշինքի ներսում. «Թերեւս նման հայտարարություններ անելու շտապողականությունն է թյուր կարծիք ստեղծել դաշինքում իբր առկա տարաձայնությունների մասին»,- լրացրեց Ռ. Խաչատրյանը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը համաձայնեց մեզ հետ, որ դաշինքի նիստերի առավել ակտիվացումը պայմանավորված է իրավիճակի աշխուժացմամբ. «Անշուշտ, մենք մոտենում ենք այն ժամանակահատվածին, երբ խիստ որոշակի ժամկետներում դաշինքը գործնական քայլեր կձեռնարկի հանրությանը ոտքի հանելու համար։ Բնականաբար, մենք պարտավոր ենք մեր հասարակությանը տեղյակ պահել կոնկրետ ժամկետների մասին»։ Այս պահին արդյո՞ք որեւէ տարաձայնություն գոյություն ունի դաշինքի ներսում, եթե այո, ի՞նչ հարցի շուրջ։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, պրն Բազեյանն ասաց. «Էական որեւէ տարաձայնություն դաշինքում չկա։ Մենք համագործակցում ենք շատ ավելի սերտ, նպատակը հստակ է։ Այլ խնդիր է, որ որոշ գործողությունների, ժամկետների հետ կապված, կամ՝ մարտավարական որոշակի քայլերի հետ կապված, կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Բնականաբար, դրանք քննարկման ենթակա են եւ քննարկվում են։ Ի վերջո, մենք հիմնականում հանգում ենք ընդհանուր հայտարարի։ Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին (նկատի ունի իշխանափոխությունից հետո- Մ. Ե.), մենք հասկանում ենք Վազգեն Մանուկյանի մտահոգությունը ապագայի հետ կապված։ Փորձը ցույց է տվել, որ անգամ ամենալավագույն ընտրություններից հետո, խիստ որոշակի ժամանակահատվածում իշխանությունը մոռացել է իր առաքելության, իր տված խոստումների մասին եւ վիճակը վատացել է։ Որպեսզի ունենանք երաշխիքներ, որ նորընտիր նախագահի պարագայում նման գործընթացներ տեղի չեն ունենա (Վազգեն Մանուկյանը մեխանիզմ էր առաջարկում, որը իրագործելի չէ, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը ընտրվում է 5 տարվա համար), իհարկե, կմշակվեն մեխանիզմներ, որպեսզի նորընտիր նախագահի գործունեությունը վերահսկելի լինի հանրության կողմից եւ նա չկարողանա ձերբազատվել ժողովրդին տրված խոստումներից եւ իր պատասխանատվությունից»։ Մնում է միայն պարզել՝ ժողովուրդը կամ ժողովրդի առավել ակտիվ ու հեղափոխական մասը պատրա՞ստ է կոնկրետ քայլերի, այսինքն՝ հասունացե՞լ է իշխանափոխության հասարակական պահանջը։ Որքան հասցրինք նկատել՝ դաշինքի անդամ կուսակցությունների միջեւ այս հարցում որոշակի տարակարծություն կա՝ մի մասը վստահ է, որ ժողովուրդը պատրաստ է կտրուկ քայլերի, մյուս մասը վստահ է, որ դեռեւս ժամանակը չէ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել