Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարիչները ցուցադրվում են Բարսելոնում

Մարտ 10,2004 00:00

Օրերս
Երեւանում էր արգենտինահայ նկարիչ Էդվարդո-Տիգրան Մուրեկյանը։ Նա ներկայումս
ապրում եւ ստեղծագործում է Իսպանիայում։ Ներողություն խնդրելով իր վատ հայերենի
համար, պարոն Մուրեկյանը խոստացավ հաջորդ անգամ ավելի լավ խոսել մայրենիով։

– Առաջին անգա՞մ եք Հայաստանում։

– Ես մեծացել եմ Արգենտինայում ու շարունակ մտածել՝ ինչպիսի՞ն է իմ հայրենիքը։ Հսկայական էր կարոտը իմ չտեսած երկրի հանդեպ։ Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1998-ին։ Այստեղից հեռանալուց հետո ուղղակի հիվանդացա Երեւանով։ Հիմա տարեկան մի քանի անգամ գալիս եմ Հայաստան։ Այսօր մեր ընտանիքում սուրբ մասունքներ են մեր տանը հյուրընկալված Արամ Խաչատրյանի, Տիգրան Պետրոսյանի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ այլոց թողած հուշերը։ Ի դեպ, հայրս՝ Տիգրան Մուրեկյանը, ժամանակին կազմակերպեց երգչուհի Լոլիտա Թորեսի այցը Հայաստան։

– Դուք Բարսելոնում ստեղծել եք հայ նկարիչների պատկերասրահ։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

– Դիտելով օտարազգի նկարիչների գործերը, մտածել եմ՝ այսօր Հայաստանում կա՞ն նկարիչներ, ում գործերը հարկ է ցուցադրել դրսում։ Հերթական անգամ Երեւան ժամանելով հանդիպեցի հայ նկարիչների հետ, արդյունքում՝ Բարսելոնի պատկերասրահում ցուցադրվում են 30 նկարիչների 250 աշխատանքներ։

– Իսպանացիները այցելո՞ւմ են այդ պատկերասրահ։

– Ոչ միայն իսպանացիները, այլեւ Բարսելոն ոտք դրած ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին, բոլորը։ Դիտելով հայ նկարիչներին, նրանք իսկույն ցանկություն են հայտնում լինել Հայաստանում։ Կարծում եմ, սա ցուցադրվող նկարիչների համար մեծ հաղթանակ է։

– Այսօր սփյուռքահայ գործարարներից շատերը ներդրումներ են անում հայրենիքում։ Դուք ունե՞ք նման մտադրություն։

– Այո, մտածում եմ։ Սակայն առայժմ չեմ ուզում փակագծերը բացել։

– Իսկ ձեր ստեղծած պատկերասրահի հետագա գործունեության մասին ի՞նչ կասեք։

– Կաշխատեմ, որ այն շարունակ թարմացվի նոր նկարներով։ Ծրագրել եմ հայաստանցի նկարիչների տանել Իսպանիա։ Հայաստանցի արվեստագետները աջակցության կարիք ունեն։

Զրուցեց Լ. ԱՎԱԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել