Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆ

Մարտ 10,2004 00:00

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը մարտի 14-ին պատրաստվում է նշել Մայր թատրոնի մեծ տիկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի հոբելյանը։

Հանդիպեցինք ռեժիսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Զավեն Հարությունյանին, որն անցյալ տարի իրականացրեց դերասանուհու բենեֆիսի հեռուստատեսային տարբերակը։ Մեր զրուցակիցը սկզբում տեղեկացրեց, որ սիրված դերասանուհու մանկությունը, հետագայում ստեղծագործական ու բեմական կյանքն այնքան էլ հարթ չեն եղել, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից։ Ըստ Զ. Հարությունյանի, արտիստուհու աշխարհ գալուց հազիվ 6 ամիս անց կյանքից հեռացել է հայրը ու օրեցօր դժվարացող հոգսաշատ կյանքի ողջ ծանրությունը մնացել է մոր ուսերին։

Ռեժիսորը մտաբերեց դերասանուհու խոսքերը. «Երբ արդեն քիչ թե շատ խելահաս էի, ստիպված եղա թողնել ուսումս ու աշխատանքի անցնել՝ շարունակելով սակայն կարդալ ու կարդալ»։ Պարոն Հարությունյանը նշեց, որ ապագա դերասանուհին իր ծննդավայրում՝ Ռումինիայում որեւէ ներկայացում չէր նայել, բայց սիրել է թատրոնը ու մի օր էլ իր համար հայտնաբերել, որ պիտի անպայման դերասանուհի դառնա, որի արդյունքում ամբողջ ընտանիքը ոտքի է հանել, զգալով, որ միայն հայրենիքում իր երազանքը կիրականանա։ 15-ամյա աղջիկը ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Դերասանական կարիերան սկսել է Գյումրիի Մռավյանի անվան թատրոնում, աշխատելով այնտեղ ուղիղ 10 տարի, ապա 1958-ից՝ Մայր թատրոնում։

Զ. Հարությունյանի խոսքերով, երեւի կարիք չկա թվարկելու դերասանուհու մարմնավորած հերոսուհիների անունները։ Վերջիններս իրենց կյանքի օրինակով մոտ ու հարազատ են տիկին Վարդուհու ձգտումներին ու երազներին։

Դերասանուհուն երբեք չի վերագրվել չունեցածը։ Եվ դերասանուհու կերտած կերպարներից շատերը, իրենց բոլոր մանրամասնություններով, կարծում եմ, ապրում են մեր երեւակայության մեջ։ Զ. Հարությունյանը համոզված է, որ եթե դերասանուհին խաղար փոքր դեր (թեեւ չի մտաբերում այդպիսին), ապա այդ փոքր դերն անգամ կմեծանար, որովհետեւ տիկին Վարդուհու մեջ կյանքի մեծ ճշմարտությունն է արտահայտված։ «Նրա խաղը պարզ է, միշտ ազնիվ ժլատությամբ բնորոշ»,- կարծում է Զ. Հարությունյանը։ Ռեժիսորը հիշեց դերասանուհու պատմածը՝ կապված խորհրդային տարիների «բռնությունների» հետ։ «Բեյրութի Թեքեյան միությունը 1966-ին հրավիրել էր Սունդուկյանի անվան թատրոնին։ Մերժումը կարող էր վտանգել խորհրդային վարչակարգի «դեմոկրատական» համբավը, ուստի թատրոնին իրավունք է տրվում մեկնել հյուրախաղերի։ Ինչպես հայտնի է, այդ տարիներին զգոն էր ՊԱԿ-ը»- նշեց Զ. Հարությունյանը։ Սակայն վեճի առարկա է դառնում մեկնողների ընտրությունը՝ հասկանալի պատճառով. պետք է մեկնեին «վստահելիները», որ բարձր պահեին խորհրդային երկրի պատիվը։ Իսկ դերասանուհին կուսակցական չէր, ոչ էլ գեղարվեստական խորհրդի անդամ։ Կարճ ասած՝ «ախպար» էր, ասել է թե՝ խորթ զավակ՝ «վերաբնակիչ»։ «Տարիները բուժել են դերասանուհուն հասցված վիրավորանքը, բայց սպին մնացել է»,- կարծում է Զ. Հարությունյանը։

Ըստ նրա, դերասանական արվեստը կատարողական արվեստներից ամենաողբերգականն է իր բնույթով։ «Իջավ վարագույրը, ծածկեց դերասանին եւ նրա արվեստը դառնում է այլեւս անտեսանելի ու անշոշափելի, դառնում է հուշ»,- փաստում է պարոն Հարությունյանը, շարունակելով, որ Վ. Վարդերեսյանը այն բազմավաստակ եզակի դերասաններից է, որ այսօր էլ հոգով երիտասարդ է, եռանդուն, իսկ բեմում կյանքի սերն է հաստատում, փառաբանում այն։ «Միայն կցանկանամ, որ դերասանուհու խոսքերը հասնեն առ Աստված, այն է՝ ուզում եմ, որ առողջությունս ների ու այսուհետ էլ անմնացորդ ծառայեմ ժողովրդիս»,- ասաց Զ. Հարությունյանը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել