Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թե մի բան անեն՝ կանայք կանեն»

Մարտ 10,2004 00:00

Մարտի 8-ին Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքի ժամանակ համոզմունք էին հայտնում տղամարդիկ:

Հիմնական լեյտմոտիվը «Քոչարյան, հեռացիր»-ն էր։ Հանրահավաքի մասնակիցների համար ընթերցվեց Գրետա Սարգսյանի ուղերձը, որում ասում էր. «Մեր երկրում ոտնահարված են մարդու իրավունքները, խաթարվում է բարոյահոգեբանական մթնոլորտը, չկա օրենք եւ արդարություն, ցանկացած պահի ցանկացած մարդու կարող են սադրանքի ենթարկել ու ձերբակալել, իշխում է կեղծիքի, վախի ու դավաճանության մթնոլորտը, ուր դավաճանությունը խրախուսվում է»։

«Աշխարհում ոչինչ առանց կնոջ չի կատարվում»,- իր ելույթում հայտարարեց դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանը։ Հանրահավաքը վարող, ՀԺԿ վարչության անդամ, մամուլի հարցերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը վստահեցրեց, որ վերջին անգամ են հայ կանայք մարտի 8-ը նշում հանրահավաքում ու երթում. «Հաջորդ տարի մենք բոլորս մարտի 8-ը մեր տներում, մեր երեխաների եւ ամուսինների հետ ենք տոնելու»։

Թեպետ կանանց խաղաղ երթը արտոնված էր եւ հրապարակում ու փողոցներում ոստիկանների պակաս չկար, այնուամենայնիվ, Բաղրամյան պողոտան փակված չէր ավտոմեքենաների համար եւ կանայք իրենց բուռն երթով էին փակում մեքենաների ճանապարհը։ Երթի մասնակիցները վանկարկում էին. «Քոչարյան, հեռացիր», «Հեռացիր, տուռնիկի մասնագետ»։ Կանայք հայտարարում էին, որ «տուռնիկի» նկարը տանում են որպես նվեր Քոչարյանին եւ վերջինիս զգուշացրին. «Պատրաստվիր հացի եւ կանացի մեծ բունտին»։ ՍԴ-ի մոտով անցնելիս կանայք բղավում էին. «Ամոթ-ամոթ»։ «Մենք գիտենք, թե ո՞ւմ ենք ընտրել նախագահ, վստահության հանրաքվեն ձեզ էր հարկավոր»։ ԱԺ-ի մոտով անցնելիս բազմությունը գոռում էր. «Վստահության հանրաքվե», Ազգային ակադեմիայի շենքի մոտով անցնելիս հետեւյալն էր հնչում. «Ամոթ իշխանություններին քծնող գիտնականներին»։ Նախագահական նստավայրի մոտ կանանց սպասում էին մի քանի շարքով նստավայրը պաշտպանող ոստիկանները եւ որքան էլ զարմանալի է՝ մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքների ոստիկանապետերը։ Թե ինչո՞ւ էին բոլորը եկել, կարելի է պարզապես ենթադրել՝ յուրաքանչյուրը, հավանաբար, եկել էր իր համայնքի «ակտիվիստուհիներին» հայտնաբերելու եւ հարմար պահի ոստիկանության բաժնում բացատրական աշխատանք իրականացնելու։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել