Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նպա՞ստ, թե՞ բնակարան

Մարտ 10,2004 00:00

Գյումրեցիներից շատերը լուրջ երկընտրանքի առջեւ են կանգնել. մնալ նպաստառո՞ւ, թե՞ դառնալ բնակարանատեր

Վերջին մի քանի օրվա ընթացքում նպաստառուներից շատերը հայտնաբերել են, որ նոր բնակարաններ ստանալու պատճառով իրենք զրկվել են հասանելիք գումարից: Նպաստից զրկվածների թիվը քիչ չէ: Բավական է նշել, որ միայն Գյումրիի 2-րդ Սոցծառայության տարածքից սպասարկվող 600 ընտանիք նոր բնակարան է ստացել:

Ստեղծված խառնաշփոթը պատասխանատուներից ոմանք բացատրում են անօթեւանների հերթացուցակների համար մղված քաղաքապետ–մարզպետ երկարատեւ «կռվով» ու շարունակաբար ձգձգվող բնակբաշխման գործընթացով: Զանգվածային կրճատումների պատճառը փորձեցինք ճշտել նախկին Մոսկովյան շրջանը սպասարկող Գյումրիի 2-րդ Սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էդիկ Բաղրամյանից: Ըստ նրա, բնակիչները խախտել են նպաստ համակարգի կանոնները եւ մեկ ամսվա ընթացքում իրենց սոցիալական կարգի, ընտանիքում կատարված փոփոխության, օրինակ՝ նոր բնակարան ստանալու մասին համապատասխան տեղեկանքներ չեն ներկայացրել: Իսկ արդյոք սա սոցծառայության մեղքով չի՞ կատարվել հարցին՝ պարոն Բաղրամյանը պատասխանեց, որ քաղաքացիները այս մասին շատ էլ լավ տեղյակ են եղել: Բնակիչների կարծիքն էլ ճիշտ հակառակն է, նրանց բնութագրմամբ սոցծառայության տեսուչները այնքան էլ «միամիտ» չեն, որ դժվարությամբ տարբերեն անօթեւաններին բնակարանատերերից, հետեւաբար եւ չկողմնորոշվեն՝ ո՞վքեր են նպաստ ստանալու «արժանի»: Սոցածառայությունում մեզ պարզաբանեցին, որ մարդկանց համապատասխան կոդավորումը կամ, ավելի մատչելի ասած, աղքատ լինելը որոշվում է բնակության վայրով, ըստ այդմ էլ տնակներում ապրողների համար աղքատության չափման միավորն այլ է, սեփական տներում, նորակառույցներում ու ամրացվող շենքերում բնակվողների համար՝ այլ: Ինքն իրեն հակասելով, պաշտոնյան տեղեկանքներն ուշացնելու հարցում բնակիչների մեղքը եւս չտեսավ՝ նշելով, որ շատերը թեեւ հոկտեմբերից գիտեին, որ այդ բնակարանն իրենցն է, բայց երկար ժամանակ ձեռքի տակ չունեին օրդերը, մարզպետի համապատասխան որոշումը: Պարոն Բաղրամյանը դժգոհեց, որ հանրապետական աջակցող հանձնաժողովի երկար-բարակ ստուգումների արդյունքում կուտակումներ տեղի ունեցան եւ իրենք ստիպված եղան 4-5 ամսվա աշխատանքը կատարել 1 ամսում: Նա նպաստառուների կոնկրետ քանակ մեզ խուսափեց ասելուց (թեեւ հայտնի է, որ քաղաքի 50-52 տոկոսը նպաստառու է)՝ պատճառաբանելով, որ կատարվում է վերահաշվարկ, ստուգվում են փաստաթղթերը: Ակնհայտ է, որ նոր բնակարան ստացածները ստիպված կլինեն մոռանալ նպաստ բառն ու սոցծառայության տեղը: Թեեւ նրանց չի դադարեցնում զարմացնել այն փաստը, որ բնակարանային փոխհատուցումը կառավարությունը մեծ շռայլություն է համարում՝ կարծելով, թե սրանով լուծում է նաեւ գործազրկության հարցը:

Ն. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել