Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԼԵԹԱՐԳԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ

Մարտ 06,2004 00:00

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԼԵԹԱՐԳԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ Մարտի 1-5-ը Ժնեւում գումարվեց Միգրանտների իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին նստաշրջանը։ «Աշխատող միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքի պաշտպանության» միջազգային համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, ստորագրվել է 1990թ. դեկտեմբերին, ուժի մեջ մտել՝ 2003-ի հուլիսի 1-ին։ Այժմ փաստաթղթին միացել է 25 երկիր (հիմնականում՝ աֆրիկյան եւ ասիական, աշխատող միգրանտ «արտահանող» երկիր)։ Հարավային Կովկասից՝ միայն Ադրբեջանը, նախկին ԽՍՀՄ-ից՝ նաեւ Ղրղըզստանն ու Տաջիկստանը։ Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակից ստացված տեղեկությունների, այսօր աշխարհի բնակչության 2%-ը՝ ավելի քան 150 մլն մարդ, աշխատող միգրանտի, փախստականի, ապաստան փնտրողի, մշտական արտագաղթածի կարգավիճակով գտնվում է սեփական ծննդավայրից կամ հպատակության երկրից տարբեր երկրում։ Համաձայնագիրը նպատակ ունի կանխել եւ բացառել աշխատող միգրանտների շահագործումը եւ ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցությունը՝ ինչպես գրանցված, այնպես էլ անօրինական միգրանտների համար։ Ինչպես տեղեկացանք Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանից, ՀՀ կառավարությունը դեռեւս երեք տարի առաջ որոշել էր միանալ ինչպես այս, այնպես էլ միգրացիայի խնդիրներին եւ աշխատող միգրանտներին առնչվող միջազգային 4 այլ փաստաթղթերի. «Ցավոք, ինձ համար անհասկանալի եւ անընդունելի պատճառներով, համաձայնագրի ընդունումը լեթարգիկ քնի մեջ է»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել