Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՊԱՐՏՔ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ

Մարտ 06,2004 00:00

ԱՄԵՆ ՊԱՐՏՔ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ Մարտի 9-ին Ստեփանակերտում մեկնարկելու է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-րդ ամյակին նվիրված միջազգային մրցաշարը, որն անցկացվում է ՖԻԴԵ-Ի որոշած եւ 2004թ. նրա հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակներում: Միջոցառմանն անձամբ ներկա լինելու նպատակով երեկ գիշեր Փարիզ-Երեւան չվերթով Հայաստան ժամանեց Բորիս Սպասսկին, որին «Զվարթնոց» օդանավակայանում «Արմինֆո»-ի եւ «Երեվան-TV»-ի հետ դիմավորեց նաեւ մեր մարզական բաժինը: Աշխարհի 10-րդ չեմպիոնին ներկայացնելու հարկ, կարծում ենք, չկա: Սպասսկին 1969 թվականին երկրորդ «մոտեցումով» մեր հայրենակցից ժառանգեց շախմատային գահը: Եվ քանի որ Սպասսկին որպես կանոն այնքան էլ չի սիրում շփվել լրագրողների հետ, նպատակահարմար ենք համարում «Առավոտի» ընթերցողներին ներկայացնել հենց օդանավակայանում նրա հետ ունեցած կարճ զրույցը, չնայած, գրոսմայստերը երեկ հանդիպելու էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: – Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 42 տարի առաջ,-ասաց նա:-Այն ժամանակ Երեւանում անցկացվում էր ԽՍՀՄ հերթական առաջնությունը: Այդ տարի ես թեեւ լավ մարզավիճակում էի, բայց ահավոր անհաջող հանդես եկա: – Հայաստանում Ձեզ ավելի շատ հիշում են որպես մեր հայրենակից Տիգրան Պետրոսյանից երկրորդ մոտեցումով շախմատային թագը «խլողի»: Շատերն էլ, հավանաբար, մինչեվ հիմա Ձեզ այդ «համարձակությունը» չեն ներում: Դուք, որպես Տիգրան Վարդանովիչին «նեղացնող», ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրերից: – Օհ, գիտե՞ք, դա մի քանի խոսքով ներկայացնել հնարավոր չէ: Դա այնքան ծավալուն թեմա է… Սակայն, կարծում եմ՝ արդյունքն էլ արդեն կարեւոր չէ, թե ով է հաղթել, կամ՝ պարտվել: Ինչ եղել է, շախմատի պատմությանն է արդեն: Բայց ես պատրաստվում եմ այստեղ պատմել 1966-ի եւ 1969-ի մեր լավագույն պարտիաների մասին: – Դուք ժամանակին եղել եք Երեւանում:Չորս տասնամյակից ավելի այստեղ այլեւս ոտք չեք դրել: Ի՞նչ հիշողություններ են այս պահին Ձեզ պարուրում: – Ճիշտն ասած, գոհացնող պատասխան, դժվար թե կարողանամ տալ: Երեւանից, Հայաստանից տպավորություն դժվար, թե պատմեմ: 69-ին ուզում էի լավ խաղալ: Բայց որքան էլ ձգտեցի, չստացվեց: Այնպես որ, հիշողություններս զուտ շախմատային-մարզական են: – Այս մրցաշարի մասին ի՞նչ կասեք: – Ողջունում եմ: Գիտե՞ք, հիմա շախմատի աշխարհում մրցումներն այնքան քիչ են, որ ամեն մի մրցաշար, պարզապես, տոն է: Բացի դա, խորհրդային տարիներին ես որպես շախմատիստ աճել եմ՝ ունենալով շատ ուսուցիչներ՝ բոլորն էլ ականավոր եւ՝ միմյանցից լավ: Գտնում եմ, որ հիմա պարտքերս մարելու ժամանակն է, ինչով էլ հիմա զբաղվում եմ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել