Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը պետք է արթնանա

Մարտ 06,2004 00:00

Ժողովուրդը պետք է արթնանա Սպարապետի ծննդյան օրը հույս հայտնեց Գրետա Սարգսյանը «Այստեղ գալու փոխարեն, թող այս կազմով գնային 27-ի դատավարությանը մասնակցեին եւ գործի ճիշտ բացահայտում պահանջեին։ Ոչ թե պարտակեին ու կոծկեին գործը։ Թող էս գերեզմանին (Վ. Սարգսյանի.- Ն. Գ.) ղուրբան լինեն, որ ձայն չենք հանում»,- երեկ Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելած հանրապետականներ Տիգրան Թորոսյանին, Գալուստ Սահակյանին եւ Ռաֆիկ Պետրոսյանին այսպես դիմավորեցին զոհված ազատամարտիկների մայրերն ու կանայք։ Ի դեպ, հանրապետականները Եռաբլուրում հայտնվեցին Սարգսյանների ընտանիքից ընդամենը կես ժամ առաջ եւ իրենց պարտքը կատարելով՝ Վ. Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելուց անմիջապես հետո, հեռացան։ Առավոտյան այցելել եւ պսակներ էին բերել կառավարության, ՍԴ-ի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Իսկ նախագահ Քոչարյանի ուղարկած պսակն անհայտացել էր։ Ի դեպ, վաղ առավոտյան եղբոր շիրիմին էր այցելել եւ ծաղիկներ դրել նաեւ Արմեն Սարգսյանը։ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ դա ընդունված կարգ է՝ «Արմենը բացառություն չի։ Որոշակի դեպքերում նույնիսկ այդ օրը թույլ են տալիս տուն այցելել։ Այս պարագայում, որ բերել էլ են՝ շնորհակալ եմ»։ Դիտարկմանը, որ Վ. Սարգսյանի զինակիցներն առանձին-առանձին են այցելում նրա շիրիմին, Ա. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր տարի Վազգենի ծննդյան օրը զինակիցները եկել են ընտանիքի հետ միասնական, բացարձակ առանձին չի եղել։ Իհարկե, կան պաշտոնական միջոցառումներ, որ կառավարությունն իր համար ժամ է ֆիքսում եւ գալիս է։ Բայց դա չի նշանակում, որ դրանից հետո մեր տուն չեն եկել։ Եկել են, բոլորն էլ»։ «Նույնիսկ այսօրվա իշխանավորները, որոնց հետ սկզբունքային տարաձայնություններ ունե՞ք»,- «Առավոտի» հարցին Ա. Սարգսյանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր Վազգենի հետ ճանապարհ են անցել եւ իրենց հոգում պահում են Վազգեն Սարգսյանին։ Դա Վազգենի եւ իրենց հարաբերություններն են, այդտեղ ես ասելու որեւէ բան չունեմ։ Եթե Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն էլ կգան՝ թող գան։ Դա իրենց հարաբերությունների ու ազնվության խնդիրն է։ Եթե իրենք իրենց հոգում ազնվորեն պահում են Վազգենին, ինչի՞ պիտի չգան… Շատ կան մարդիկ, որոնց հետ ես քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց նրանք կապը Վազգենի ծնողների հետ չեն կորցրել։ Եվ ոչ միայն Վազգենի ծննդյան օրն են այցելում, այլեւ՝ Ամանորին։ Այդ օրերին կառավարության գրեթե բոլոր անդամները գալիս են մեր տուն»։ Անդրադառնալով իշխանափոխության խնդիրներին, Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ կցանկանար, որպեսզի փոփոխությունը լիներ անցնցում, առանց արյունի՝ 21-րդ դարին վայել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արյուն թափելու անհրաժեշտություն առաջանա՞։ «Միանշանակ կգնամ,- ասաց Ա. Սարգսյանը,- այդ մասին պիտի մտածեմ ոչ միայն ես, այլ նաեւ Ռ. Քոչարյանը։ Տեսականորեն նա պիտի մտածի եւ ի՛ր փոխարեն, ե՛ւ իմ, որովհետեւ երկրի ղեկավարը ինքն է»։ Նաեւ, Ա. Սարգսյանը իշխանափոխության պահանջը ժամանակավրեպ չի համարում, այլ կարծում է, որ ուշացրել են։ «Ժողովրդի մասին մտածող չկա, մատների արանքով են նայում ժողովրդին։ Երկրին, հողին սրտացավ ղեկավար չունենք։ Կոտրեցին ժողովրդի հույսն ու հավատն ամեն ինչի նկատմամբ։ Բռնապետական երկիր է։ Ժողովուրդը պիտի արթնանա, 88-ը կգա»,- այսպես արտահյտվեց Վազգեն Սարգսյանի մայրը։ Դրան ի պատասխան հնչեցին՝ «այո՛, այո՛, մե՛նք պիտի պայքարենք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել