ՉԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ Կառավարության անդամները երեկ Արագածոտնի մարզում էին Մարտի 2-26-ը՝ վարչապետի կարգադրությամբ, բոլոր նախարարները պետք է այցելեն մարզեր, շփվեն բնակիչների հետ։ Սակայն եթե հանդիպումները շարունակեն անցնել այնպես, ինչպես անցնում են մինչ այժմ, նախարարները դժվար թե դիմանան։ Այդքան «թուքումուր ուտելով», այդքան հոգս ու խնդիր, այդքան անմխիթար վիճակ տեսնելով, քիչ թե շատ իրեն հարգող նախարար պետք է որ հրաժարական տա։ Կամ էլ կոալիցիան պետք է հայտարարի, որ իր ուժերից վեր է իրավիճակը շտկել։ Սակայն մյուս կողմից վստահ ենք, ոչ մի նախարարը նման բան չի անի, որովհետեւ, ինչպես նկատեց ծաղկահովիտցի Գրիգոր պապիկը, «աթոռը քաղցր բան ա, բալա ջան, սրանք հենց ընենց աթոռը չեն թողնի»։ Երեկ կառավարության անդամները այցելեցին Արագածոտնի մարզ։ Այստեղ սկսվել էր ձնհալը։ Ապարանից սկսած, Հայաստանի որոշակի հատված կարելի է կոչել նոր Վենետիկ։ Դաշտերը բառացիորեն մնացել են ջրածածկույթի տակ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում մի նոր ծով է հայտնվել։ «Էս էլ ձեզ ծովից ծով Հայաստանը»,- հեգնում էին գյուղացիները, որոնցից շատերի տները ամեն տարի «ջուրը տանում է»։ Նախարարները առաջինը Ծաղկահովիտ գյուղ այցելեցին։ Նախորդ՝ Կոտայքի մարզ կատարած այցից հետո, որտեղ, գործընկերներիս վկայությամբ, նախարարներին բառացիորեն հայհոյում էին, հանդիպումների կազմակերպիչները որոշ հետեւություններ արել էին եւ հանդիպման էին հրավիրել միայն «ջոկած», «կազմակերպված» եւ «պատասխանատու» մարդկանց, որոնց կարելի է պայմանականորեն կոչել «տարեց բազեներ»։ Հարցերը հնչում էին մի տեսակ ձեւի համար, առանց ոգեւորության։ Նախարարներն էլ պարտաճանաչ աշակերտի պես պատասխանում էին։ Խնդիրները նույնն էին, ինչպես եւ հանրապետության մյուս բնակավայրերում՝ կրծողների դեմ կազմակերպված պայքար չի իրականացվում, ճանապարհները աննկարագրելի վատն են («Սովետի» ասֆալտի վրա ենք մինչեւ հիմա»,- նկատեց մի պապիկ), պարարտանյութ չկա եւ այլն։ Սակայն ակնհայտորեն դանակը ոսկորին էր հասել, քանի որ հանդիպման ավարտին նույնիսկ «տարեց բազեների» նյարդերը տեղի տվեցին ու մարդիկ խռնվեցին նախարարների շուրջը։ Կրակին յուղ լցրեց այս տարածքից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը մարդկանց դիմելով, ասում էր՝ ջրագծի հարցը լուծեցի՞ք, որ գնում եք։ Ու սկսվեց… Խումբ-խումբ հավաքված գյուղացիները պահանջ ունեին ե՛ւ աշխատանքի ու սոցիալական ապահովության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ առողջապահության, ե՛ւ քաղաքաշինության նախարարներից։ Ամենից դժվարին վիճակում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Քոչարյանն էր։ Ի դեպ, մի շարք նախարարներ եւ առընթեր կոմիտեների ղեկավարներ տեղակալներին էին ուղարկել, իրենց գլխացավից ազատելով։ Ծաղկահովիտի ջրամբարի հարցը բավականին հետաքրքիր է։ Սա յոթ կիլոմետրանոց ջրագիծ է, որը շատ կարեւոր է գյուղի համար։ Եվ որի կառուցումը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրում է ընդգրկված։ Ի դեպ, այս ջրագծի մասին Ռոբերտ Քոչարյանը խոստում է տվել նաեւ 1998-ին, սակայն մինչեւ այժմ գյուղը ջրագիծ չունի։ Սա այն պատմական ջրագիծն է, որի այսպես կոչված «բացմանը» ներկա է եղել նախագահը եւ որը ցուցադրվել է պետականամետ հեռուստաեթերներով։ Սակայն, գյուղացիների վկայությամբ, «ջրագծի անունը կա, ամանումը չկա»։ Գյուղացիները իրենց գյուղապետերի ու պատգամավորի հետ երկար էին համոզում, որ այդ ջրագծի ծրագրի կատարումը Ջրային տնտեսության պետական կոմիտեի պարտականությունն է, իսկ այս կոմիտեի ներկայացուցիչը ոչ մի կերպ չէր ընդունում դա եւ բացատրում էր, թե դա իրենց գործը չէ։ Գյուղացիները դժգոհ էին. «Ի՞նչ անելու են եկել, եթե եկել են Քոչարյանի նախընտրական խոստումների ետեւից, թող տանեն՝ իրենց լինի, մեկ ա, ոչինչ էլ չի արված»։ Նախագահի հաջորդ խոստումը Ծաղկահովիտի ճանապարհն է, որը ընդգրկված է Լինսի հիմնադրամով վերանորոգվող (թեպետ ճիշտ կլինի ասել՝ կառուցվող, որովհետեւ իրականում այնտեղ ճանապարհ չկար) ճանապարհների ցանկում։ Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը ասաց, թե Ծաղկահովիտի ճանապարհը 6 մլն դրամ արժե եւ 2004 թվականի ընթացքում աշխատանքները կսկսվեն։ Իսկ ամբողջ ճանապարհը՝ Արագած-Արթիկ, դեռեւս երկար պիտի սպասի։ Հաջորդ հանդիպումը Ալագյազում էր, որին լրագրողները չկարողացան ներկա գտնվել, քանի որ ծրագիրը ոչ մեկին հայտնի չէր, պարզապես վարորդներին հանձնարարվել էր գնալ Օհանավան գյուղ եւ սպասել։ Սպասեցինք երեք ժամից ավելի։ Մեզ հետ՝ նաեւ հանդիպման եկած օհանավանցիները։ Ու քանի որ նախարարները ուշանում էին, գյուղացիները իրենց հոգսերը պատմեցին լրագրողներին։ Այստեղ եւս հանդիպման էին եկել «բազեատիպ» խմբերով։ Կոալիցիոն քաղաքական ուժերը ակնհայտորեն կազմակերպել էին, որ իրենց կուսակցությունների համակիրները գան։ Սակայն նրանք էլ շատ չէին։ Կային նաեւ չկուսակցականացված մարդիկ, որոնք միաձայն պնդում էին. «Եթե ընդդիմությունը գար, գյուղամիջում ասեղ գցելու տեղ չէր լինի»։ Օհանավանում 1500 ընտրող կա, այսինքն՝ մոտ 3 հազար բնակիչ ունի։ Սա շատ գեղեցիկ ու երբեմնի հարուստ գյուղերից է։ Առաջներում այս գյուղից ոչ ոք չէր հեռանում, ընդհակառակը՝ գալիս էին, բայց հիմա բազմաթիվ ընտանիքներ բռնել են Ռուսաստանի ճանապարհը։ Խնդիրները նույնն են՝ կրծողները շատացել են, «հողի հետ կռիվ ենք անում, ցորենը տալիս ենք մկներին։ Մկնդեղը չի ազդում, հնացած ու անորակ դեղեր են ծախում»։ Ավելի ուշ պարզվեց, որ կառավարության անդամ նախարարները մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գլխավորությամբ գնացել էին «մի կտոր հաց» ուտելու, իսկ օհանավանցիք սպասում էին։ Չնայած նախարարների համար սնվելը տվյալ դեպքերում անհրաժեշտություն էր՝ ժողովրդի հետ հանդիպումները կալորիաներ են խլում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ