Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ՉԷ

Մարտ 06,2004 00:00

«Թանգարանները պետք է ղեկավարեն մասնագետները»,- կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը՝ արձագանքելով «Առավոտում» տպագրված «Զինուժն ընդդեմ ազգագրության» եւ «Թուրը գորգից կկարեւորվի» հոդվածներին։

Շուտով կլրանա Սարդարապատի հուշահամալիրում գործող Հայաստանի ազգագրության պետական թանգարանի հիմնադրման 26-րդ տարելիցը։ Իմ կյանքի լավագույն 8 տարիները ես անց եմ կացրել այդ թանգարանում եւ Սարդարապատին հրաժեշտ տվել Երեւանի մարզահամերգային համալիրի հրդեհից հետո՝ վերականգնման աշխատանքները գլխավորելու համար։ Այդ 8 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է շուրջ 60 ցուցահանդես, որից 30-ը՝ արտասահմանում։

Այսօր պաշտպանության նախարարության կողմից, որի համակարգում գործում է Ազգագրության թանգարանը, ուղղակի հանձնարարություն է տրվել ստեղծել ազգային-ազատագրական պայքարի պատմության կամ, այսպես կոչված, «զինուժի» պատմության գիտական ցուցադրություն։ Կարծում եմ, պաշտպանության նախարարությունը այժմ էլ գիտամեթոդական-թանգարանագիտական աշխատանքներ ի վիճակի չէ կազմակերպել։ Ո՞վ պետք է ստեղծի այդ ցուցադրությունը՝ թանգարանի տնօրե՞նը, տեղակա՞լը, թե՞ թանգարանային գործից մղոններ հեռու գտնվող նորելուկ բաժնի վարիչը։ Մի՞թե պատիվ է բերում կամ իրավունք է վերապահվում Ազգագրության թանգարանի որեւէ գիտական աշխատողի հայտարարել, թե շտապ պետք է թանգարանների միջեւ ցուցանմուշների փոխանակություն կատարել «զինուժի» վերաբերյալ նյութեր ձեռք բերելու համար կամ ասել՝ Անդրանիկի թրի մեկ կրկնօրինակը ցուցադրելն ավելի կարեւոր է, քան 7 գորգի ու կճուճ-մճուճի։

26 տարի առաջ կազմակերպված Սարդարապատի թանգարանի գիտական ցուցադրության հեղինակը ես եմ եւ այն գործում է մինչ օրս։ Հարգելի «զինուժի» մասնագետ-գիտնականներ, մինչեւ ազգագրության բաժինների վերացնելը, թղթին հանձնեք ձեր կողմից կազմված գիտական ցուցադրության հայեցակարգը, ներկայացրեք մասնագիտական քննարկման։ Չմոռանաք կազմել այն ցուցանմուշների (ոչ թե մանրակերտերի) իրական ցուցակները, որոնք իրենց տեղը պետք է գտնեն ցուցասրահներում՝ ըստ հարկաբաժինների, ըստ ցուցադրական վահանակների ու պահարանների։ Եվ քանի դեռ նման աշխատանք չեք կատարել, մի խանգարեք ուրիշներին։ Թանգարանային ցուցադրության կազմակերպումը լուրջ, պատասխանատու գիտական աշխատանք է։

Ռազմական գործի ու զինված ուժերի պատմությանը նվիրված՝ աշխարհում նշանավոր շատ թանգարաններ կան։ Ձեռք բերեք Մոսկվայի, Լոնդոնի, Փարիզի, Վաշինգթոնի, Նյու Յորքի եւ այլ թանգարանների վերաբերյալ արդեն գոյություն ունեցող ուղեցույցները, ալբոմները, մեթոդական գրականությունը։ Ուրիշների աշխատանքը փնովելու փոխարեն, համեստություն ունեցեք սովորել։

Ուզում եմ մի քանի առաջարկություն անել։

Եթե իրոք թանգարանից պետք է դուրս բերվեն ազգագրական բաժինները, ապա ցանկալի է իմանալ, որ Ազգագրության թանգարանում ներկայումս պահվող պատմամշակութային արժեքների հիման վրա Երեւանում կամ նրա մերձակա բնակավայրերում կարելի է ստեղծել նոր թանգարաններ կամ մշտապես գործող ցուցահանդեսներ՝ Գեղարվեստական գործվածքի, Ժամանակակից դեկորատիվ եւ կիրառական արվեստի, Աֆրիկյան ժողովուրդների փայտարվեստի թանգարաններ։ Եթե հնարավոր չէ նոր մակերեսներ ձեռք բերել, ապա պետք է հին կարգավիճակով թողնել Ազգագրության թանգարանը, սակայն թանգարանի կենտրոնական սրահը, որ զբաղեցնում է 800 քմ տարածք, հատկացնել Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերի պատմությանը։ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող եւ ՊՆ-ին ենթակա թանգարանի ցուցադրությունն ընդլայնել եւ Սարդարապատում նախատեսվող ու արդեն կազմակերպված թանգարանային բաժինները տեղափոխել Երեւան եւ այդ բոլորի հիման վրա ստեղծել «Ազգային-ազատագրական պայքարի եւ զինված ուժերի պատմության թանգարան»։ «Հաղթանակի» մոնումենտին կից տարածքում կարելի է ստեղծել թանգարանային ոչ մեծ համալիր եւ առաջարկվող թանգարանը տեղավորել արդեն գոյություն ունեցող թանգարանի հարեւանությամբ։

Եվ մի վերջին առաջարկություն. խնդրում եմ պաշտպանության նախարարությանը եւ Գիտությունների ազգային ակադեմիային՝ համատեղ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել հանրապետության կառավարությանը՝ միավորել Մեծ եղեռնի զոհերի եւ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրները իրենց թանգարանային կառույցներով մեկ տնօրինության մեջ՝ ակադեմիայի համակարգում։

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն,
պատմական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել