Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր դպրոցը՝ անօթեւան

Մարտ 06,2004 00:00

Իր
խնդիրներն է ներկայացնում «Սիրանույշ Եղիազարյան» իվանագիտական ուսուցմամբ
մասնավոր դպրոցի տնօրեն Սիրանույշ Եղիազարյանը:
«Ես կազինո, խանութ կամ ռեստորան չեմ բացել, այլ դպրոց եմ բացել, որն իր տեսակով միակն է հանրապետությունում: Սակայն պատկան մարմինները մերժում են պետության հաշվեկշռում գտնվող որեւէ շենքում դպրոցի համար տարածք վարձակալելու մեր խնդրանքը, իսկ այսօր այստեղ, վաղը մեկ ուրիշ շենքում դաս պարապելով ուսումնական պրոցեսն արդյունավետ լինել չի կարող»,- համոզված է տնօրենը: Նրա ներկայացմամբ, երկու տարվա ընթացքում դպրոցն արդեն հասցրել է մի քանի անգամ շենքից շենք տեղափոխվել, վարձակալած տարածքներից մեկն էլ եղել է հանրակրթական մի դպրոցի շենքում, սակայն. «Սկզբում ընդունում են գրկաբաց, հետո ուսումնամեթոդական գործընթացում առավելություններ տեսնելով, մեզ համարում են մրցակից եւ խանդի տեսարաններ ստեղծում՝ մի օր դպրոցը հոսանքազրկելով, մի օր՝ ջրազրկելով, այդ կերպ խոչընդոտելով մեր աշխատանքը»: Տիկին Եղիազարյանը իրենց հետ վարձակալման պայմանագիրը խզած դպրոցի տնօրենի «խանդը» բացատրեց նրանով, որ իրենց կրթօջախում ուսումնասիրվում են աշակերտների ինտելեկտի զարգացմանը նպաստող այնպիսի առարկաներ, որոնք չեն անցնում հանրակրթական դպրոցում: «Էթիկան, շախմատը, դուդուկը, պարը մեզ մոտ պարտադիր առարկաներ են, եթե մենք ներկայացնում ենք ազգ, պետություն՝ պետք է ունենանք պատշաճ մակարդակ»:

Ս. Եղիազարյանը դիմել է մի քանի համայնքների թաղապետերի. «Խնդրել եմ, եթե շենք չկա՝ գոնե հող հատկացնեն, ես իմ սեփական միջոցներով շենք կառուցեմ: Մերժեցին՝ պատճառաբանելով, որ տարածք չկա: Իսկ ծառերը հատելու եւ սրճարաններ կառուցելու համար տարածք կա՞»: Խնդրի առնչությամբ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանն ասաց. «Նախարարությունը դպրոցների տարածքների հետ որեւէ առնչություն չունի։ Պետք է տվյալ դպրոցի տնօրենի հետ պայմանավորվել»: Իսկ Կենտրոնի փոխթաղապետ Գագիկ Գյանջումյանի մեկնաբանմամբ՝ «Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ շենք հատկացնել, քանի որ ազատ տեղ չկա, իսկ հողհատկացումը քաղաքապետարանի գործն է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել