Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՍԵՐԳՈՅԻՑ
ԿԱԽՎԱԾ ՉԷ

Մարտ 06,2004 00:00

Երեկ ԳԱԱ-ում հանդիպելով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, գիտնականները բոլ-բոլ բողոքեցին Սերգո Երիցյանից:

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանը հիշեց, որ մի քանի ամիս առաջ «Երկիր» օրաթերթն անդրադարձել էր Սերգո Երիցյանի այն կարծիքին, թե մեզ նման փոքր երկրում գիտությանը շատ փող տրամադրել պետք չէ: «Այդպիսի նախարարը անպատվաբեր է գիտությանը, ես ասում եմ՝ ոչ մի բանից չվախենալով, Ձեր ռեյտինգը ավելի կբարձրանա, եթե այսօր այստեղից գնալիս, փողոցն անցնելիս արդեն այդ մասին մտածեք եւ անմիջապես մեզ ազատեք այդպիսի նախարարից»,- ԱԺ նախագահին դիմեց ակադեմիկոսը եւ առաջարկեց կրճատել նախարարությունների թիվն ու այդ փողը տալ գիտությանը: «Իսկ Սերգո Երիցյանին միացրեք Թամար Պողոսյանին, այդ 2 նախարարությունները միացրեք, թող լինի կրթության եւ մշակույթի վարչություն, մեկին վարչության նախագահ դրեք, մյուսին տեղակալ»:

Ի պատասխան դրան ԱԺ նախագահն ասաց, որ մարդուն հնարավորություն տան աշխատելու: Անդրադառնալով «Երկիրի» հրապարակմանը, ԱԺ նախագահն ասաց. «Մարդկանց խոսքերը կարելի է իրոք աղավաղել, այդ մասին ես խոսել եմ Սերգո Երիցյանի հետ, մարդը հայտարարել է, որ նման արտահայտություն չի արել: Ես ինքս քաղաքական գործիչ եմ եւ իմ խոսքերի կշիռը գիտեմ, եւ կարելի է մարդու խոսքը վերցնել ու լրիվ շուռ տալ 180 աստիճանով, ինչ-որ մեկի քիմքին հարմար ձեւով ներկայացնել»: Ի դեպ, հանդիպմանը ներկա «Երկիր» թերթից տեղեկացանք, որ թղթակիցն ունի այդ օրվա բոլոր ձայնագրությունները եւ հնարավոր է՝ նյութի սղագրությունը տպագրվի թերթի առաջիկա համարում:

«Հրավիրեք ԿԳ նախարարին, հարցեր ունեք, հարցերը դրեք, խնդիրներ դրեք, եթե իր իրավասությունների շրջանակում խնդիրները չի լուծի, հարցադրում անենք, մարդուն հետ կանչենք: Դուք գիտեք, որ այսօր ԿԳ նախարարը գիտության վրա նման ազդեցություն չունի: Սերգո Երիցյանը մարդ է, որ նաեւ բազմաթիվ թերություններ ունի, իհարկե՝ ո՞ր մեկը չունի: Բերեք դնենք խնդիրները, թող մարդը աշխատի: Միշտ էլ մարդուն կարելի է աշխատանքից ազատել: Ես Սերգո Երիցյանին այսօր շատ խիստ կասեմ, որ ավելի ուշադիր լինի գիտության խնդիրների նկատմամբ: Շատ հարցերում ռեալ ազդեցությունը այնքան մեծ չէ, ինչքան պատկերացնում ենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ոլորտի օպտիմալացման մասին հարցին ԱԺ նախագահը պատասխանեց, որ 2000 թ. կառավարությունն ընդունել է որոշում օպտիմալացման մասին, իսկ «Սերգո Երիցյանը նախարար է նշանակվել, 2003-ի սեպտեմբերից է աշխատել, օպտիմալացումն իր դրական բաներն էլ ուներ, հիմա ասում ենք վերջ, պետք է կանգնի, հերիք է, պետք է ռեզերվներ գտնել այդ խնդիրները լուծելու համար: Մանկապարտեզների 50 տոկոսը վերացրել են, հիմա կանգնեցրել ենք այդ պրոցեսը… զանգվածային կողոպուտը շատ մեծ է եղել անկախության այս 15 տարիների ընթացքում»: Հանդիպմանը խոսք գնաց նաեւ գիտնականների աշխատավարձի ծիծաղելի չափերի մասին: Որ գիտահետազոտական ինստիտուտները բյուջեից ստանում են որոշակի գումար, եւ գումարը բաժանելիս ստացվում է, որ ինստիտուտի տնօրենն ընդամենը 2000 դրամ է ավելի ստանում հավաքարարից: Բացի այդ, կան քառորդ դրույքով աշխատող գիտնականներ, ովքեր 3000 դրամ աշխատավարձ են ստանում: «Աբսուրդի հավասար երեւույթ է, որ գիտնականը 3000 դրամ ստանա: Այս տարվա հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամ է, սա էլ է զավեշտ ներկա շուկայական գների պայմաններում»,- բողոքում էին ակադեմիկոսները:

Իսկ գիտնականներից մեկը նշեց, որ բազմաթիվ երկրների տրամադրած դրամաշնորհային ծրագրերում ԳԱԱ-ն անարդարացիորեն միայն դոնորի դերում է հայտնվում, տվյալներ է տրամադրում, իսկ փողից օգտվում են հիմնականում նախարարությունները:

Ըստ ԱԺ նախագահի, բյուջեից գիտությանը հատկացվող գումարը 1,1-ից 3 տոկոսի հասցնելը բավական բարդ է. «կփորձենք ամեն տարվա բյուջեում ավելացնել, դա ԱԺ նախագահից կախված չէ: Հարցադրումը տեղին է, եւ պետք է ամեն մարդ իր հնարավորություններից ելնելով խոստումներ տա»:

Ա. Բաղդասարյանը նաեւ առաջարկեց ստեղծել մի խորհուրդ, ինչպես ՌԴ Դաշնային ժողովին առընթեր ստեղծված գիտության խնդիրներին առնչվող խորհուրդն է, իջեցնել հաստիք, որը կկազմակերպի քննարկումները եւ այդպիսով կբարձրանա նաեւ պատգամավորների, գործարարների մասնակցությունն ու աջակցությունը՝ գիտության ոլորտին: «Զինապարտության մասին» օրենքի նախագծի մասին ԱԺ նախագահը միայն ասաց, որ քննարկումներում կա նաեւ բուհերում ռազմական ամբիոնների վերականգնման հարցը: Իսկ Ֆրանսիական համալսարանից՝ չափորոշիչների անակնկալ խստացման արդյունքում դուրս մնացած 61 ուսանողների ճակատագրի մասին մեր հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը այդ խնդրին չի միջամտում, դրանով զբաղվում է բուհի ֆրանսիացի ռեկտորը:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել