Կառավարությունն ուզում է փոխել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ այնտեղ ամրագրված ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքները սահմանափակելու նպատակով:
«Վերջին տարիներին հազիվ մի լավ օրենք էին ընդունել, այն էլ որոշեցին փչացնել»,- այս միտքն էր կարմիր թելի նման անցնում երեկ «Կոնգրես» հյուրանոցում հավաքվածների ելույթներում, որոնց միավորել էր մի նպատակ՝ թույլ չտալ կառավարությանը շրջանառության մեջ դնել «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ մանրամասն վերլուծվեց վերոնշյալ օրինագիծը, որն արդեն իսկ արժանացել է կառավարության հավանությանը եւ ուղարկվել ԱԺ: Զեկուցողը՝ «Ժողովրդավարություն-քաղաքագիտական եւ իրավական ուսումնասիրությունների կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Պողոսյանը կետ առ կետ ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները, փորձեց գտնել դրանց անհրաժեշտությունն ու՝ այդպես էլ չգտավ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ «ՏԱՄ» օրենքն ընդամենը 2003թ. դեկտեմբերին է մտել ուժի մեջ, եւ դեռեւս ոչ ոք չի հասցրել օրենքը գործողության մեջ տեսնել, ուր մնաց թե՝ թերությունները վեր հանել: Ավելին, որպեսզի այդ օրենքը լիարժեքորեն գործեր, կառավարությունը պետք է ընդուներ օրենքի կիրարկման կարգը: Սակայն այդ կարգը դեռ չի ընդունվել: Ստացվել է, որ ՀՀ քաղաքացիները կորցրել են նախկին օրենքներով իրենց ընձեռնված տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ նոր օրենքից, որը նրանց տալիս էր այդ իրավունքները, դեռ չեն կարող օգտվել: Մեր կառավարությունը, փոխանակ այդ կարգն ընդունելու, վերցնում ու փոփոխություններ է առաջարկում դեռեւս չկիրարկվող օրենքում: Ընդ որում, այնպիսիք, որոնք հսկայական ետընթաց են եղած օրենքի համեմատ, եւ տեղեկատվության սահմանափակումների շրջանակները լայնացնում են: Մասնավորապես, փոփոխություններում ավելացել են տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքերը, հանվել են որոշ կարեւորագույն դեպքերում տեղեկատվության անվերապահ տրամադրման երաշխիքները, աճել է տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ ժամկետը, հանվել են որոշ պարտադիր հրապարակումներ, վերացվել է պետպաշտոնյաներին պատասխանատվությունից ազատելու դրույթը, եթե նա հրապարակում է պետական գաղտնիք համարվող, բայց հասարակության շահերից բխող տեղեկատվություն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ