Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Մարտ 06,2004 00:00

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝
«Զինապարտության մասին օրինագծով» իշխանությունն ուզում է «փոխհատուցել»
«Այլընտրանքային ծառայության մասին» արդեն
ընդունված օրենքը:
Անդրադառնալով վերջերս աղմուկ հանած «Զինապարտության մասին» օրինագծին, որով մագիստրատուրան եւ ասպիրանտուրան զորակոչվելու տարկետման իրավունք չեն տալիս, Վաղարշակ Հարությունյանն այն անընդունելի համարեց՝ կարծիք հայտնելով, թե մեր երկրի վաղվա մտավոր պոտենցիալը ներկայացնող մարդիկ եւս իրենց մեծ նպաստն են բերում եւ պետության, եւ բանակի հզորացմանը: Ըստ ՊՆ նախկին նախարարի, «կորցնել այդ պոտենցիալն ու գնալ պետության անվտանգության «մեխանիկական ապահովման» սխալ է: Եթե Սերժ Սարգսյանը խոսում է արդարության մասին, ապա՝ պետք է նրան նաեւ հարցնել՝ արդարացի՞ է, երբ մենք «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք ընդունելու արդյունքում մարդկանց մի խմբի (խոսքը նախեւառաջ աղանդի ներկայացուցիչների մասին է- Ն. Մ.), ըստ էության, ազատում ենք բանակից, իսկ մյուս մասին, որը սովորում է, ասում ենք՝ դու պետք է գնաս բանակ»:

Նախկին նախարարը նույն փաստարկների վկայակոչմամբ, համաձայն չէր նաեւ ՀՅԴ-ի առաջարկած այլընտրանքին՝ բանակ զորակոչել 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին:

Ոմանք ասում են, թե նման օրինագիծ առաջարկելու իրական պատճառը բանակում մարդկային ռեսուրսի պրոբլեմն է:

Վ. Հարությունյանի հավաստմամբ, բանակը նման պրոբլեմ չունի. «Թեեւ լինելու դեպքում էլ բազմաթիվ այլ եւ ավելի արդյունավետ լուծումներ կան, բայց իշխանություններն այդ ուղղությամբ չեն մտածում: Նրանք գնում են հեշտ՝ պետության այլ համակարգերը քանդելու, ճանապարհով»: Նախկին նախարարը ճիշտ համարեց պետության ջանքերը՝ պարտադիր զինծառայությունից նախկինում խուսափած 17.000 հոգուն երկիր վերադարձնելու ուղղությամբ. «Բացի այդ, բանակի ներսում էլ բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնց ավելի նպատակային օգտագործումն իմ նախարար եղած ժամանակ մենք սկսել էինք: Ուղղություններից մեկը մասամբ պայմանագրային ծառայության անցնելն է՝ ապահովելով բանակի զինակոչիկների քանակն ու որակը, եւ միաժամանակ մեծացնել բանակի մարտունակությունը»:

Ինչ վերաբերում է օրինագծի ի հայտ գալու շարժառիթներին, ապա՝ Վ. Հարությունյանի կարծիքով, այն նախկինում ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի հետեւանքներից մեկն է եւ կոչված է փոխհատուցել այն կորուստները, որոնք ունեցել ենք այդ օրենքի ընդունման պատճառով. «Բնական էր, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը պետք է ընդունվեր, որովհետեւ դա ԵԽ առջեւ ստանձնած մեր պարտավորություններից մեկն էր: Բայց դա չէր նշանակում, որ մենք մեր պետությունը վտանգելու գնով դա պետք է ընդունեինք»: Վ.Հարությունյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին ԱԺ-ում քննարկվում էր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, այն ժամանակ պատգամավորներից մեկը նույնիսկ հայտարարել էր, թե դա բանակի մարդկային ռեսուրսի վրա չի ազդի, որովհետեւ խոսքը շուրջ 100 հոգու մասին է լինելու: «Իրականում դա այդպես չէ: Այն ժամանակ պարզապես համապատասխան հաշվարկներ չէին արվել: Կարող է այսօր դրանց թիվը 100-ն է, բայց, համոզված եմ, որ առաջիկայում այդ թիվը կավելանա նաեւ արհեստականորեն՝ հաշվի առնելով այն նույն կոռուպցիան մեր երկրում, որի մասին պետական պաշտոնյաները սիրում են խոսել: Ես վստահ եմ, որ այդ օրենքից կօգտվեն այն մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեն այն կատեգորիաների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն այլընտրանքային ծառայության անցնել»,- վստահեցրեց նա:

Իսկ ի՞նչ է առաջարկում նա՝ օրենքը չընդունեի՞ն: Չէ՞ որ պարտավորությունն արդեն ստանձնել էինք:

Նույնիսկ նախարարի խոսքերով, «ի վերջո, Ադրբեջանն էլ նման պարտավորություն է ստանձնել, բայց առայժմ չի կատարել: Մենք պարզապես պետք է մի կետ հավելեինք այդ օրենքին՝ «…… ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության կարգավորումից հետո»: Իսկ Ադրբեջանն այդ պարտավորությունը կատարել չի շտապում, որովհետեւ գիտակցում է դրա վտանգավորությունը եւ ճիշտ է անում»,- կարծիք հայտնեց Վ.Հարությունյանը՝ միաժամանակ վստահեցնելով, թե միջազգային հանրությունն այդ վերապահումը միանշանակ կընդուներ:

«Մեր իշխանությունները, համոզված եմ, մտածեցին, որ օրենքը կընդունեն, կունենան որոշակի մեխանիզմներ ներսում դա շրջանցելու համար եւ դրանով Եվրոպայի աչքերը կփակեն: Սա է եղել մոտեցումը: Հետեւանքն այն էր, որ երբ ԵԽ փորձագետները եկան եւ իրենց ներկայացված օրինագիծն անընդունելի համարեցին, ավելացրին այն կետերը, որոնք օրենքի՝ մեզ համար, արդեն վտանգավոր դրույթ են դարձել: Իշխանություններն ուշացումով հասկացան, որ այդ օրենքն արդեն պրոբլեմ է եւ հիմա ստիպված են դրա բացերը փոխհատուցել այն օրինագծով, որն այս օրերին առաջարկում էին»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել