Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ԲԱՑ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԽՈՍԵԼ»

Մարտ 06,2004 00:00

Հասարակական
կապերի վրաստանյան ինստիտուտի ուսանողների հետ մարտի 4-ին կայացած հանդիպմանն՝
անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, հայտարարեց Վրաստանի վարչապետ
Զուրաբ Ժվանիան:
«Արդյո՞ք պրեզիդենտ Սահակաշվիլու Հայաստան այցի հետաձգումը պայմանավորված է Ջավախքի ինքնորոշման մասին Դաշնակցության ժողովի ժամանակ հնչած հայտարարություններով»: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան նախ այդ հայտարարությունները «սադրիչ» որակեց: «Հայկական մամուլում վերջերս լինում են նման հրապարակումներ: Մեր կողմից աննկատ չանցավ այն բացարձակապես սադրիչ հայտարարությունը, որը հնչեց Դաշնակցության ժողովի ժամանակ: Առավել եւս, մենք չենք կարող դրան ուշադրություն չդարձնել, քանի որ Դաշնակցությունը որոշ չափով մաս է կազմում կառավարությանը»,- ասաց պրն Ժվանիան: Սակայն պրեզիդենտ Սահակաշվիլու այցի հետաձգումը մի քանի օրով նա պայմանավորեց բացառապես տեխնիկական պատճառներով: «Եթե այցելությունները մի քանի օրով հետաձգվում են, դա միշտ կապված է լինում տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառների հետ: Կան հարցեր, որոնք անհանգստացնում, լարվածության մեջ են պահում հայ հասարակությանը, կան հարցեր, որոնք, Երեւանից ինչ-որ բան լսելիս, մեզ են անհանգստացնում»: Վրաստանի վարչապետը գտնում է, որ պետք է այդ մասին բաց եւ անկեղծ խոսել եւ թույլ չտալ, որ որոշ արտահայտություններ փչացնեն երկու երկրների հարաբերությունները, «որոնց շատ բան է կապում եւ անցյալում, եւ ներկայում եւ ավելի շատ՝ հուսով եմ, ապագայում»:

«Որեւէ կապ կա՞ Հայաստանին բեռնափոխադրումների համար նպաստավոր սակագներ տրամադրելու եւ Հայաստանից Վրաստան արտահանվող էելեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման միջեւ»: Պրն Ժվանիան վստահություն հայտնեց, որ այդ հարցերը կլուծվեն: «Մինչեւ Հայաստան այցելելը հայկական կողմի խնդրանքով մենք արդեն իջեցրել էինք վրացական երկաթուղով հայկական բեռների փոխադրման սակագինը: Մենք պատրաստ ենք շարունակել այդ հարցերի քննարկումը»:

Աջարիայից ժամանած լրագրողին հետաքրքրում էր, թե ինչ երաշխիքներ կան, որ ընտրություններն իրենց մոտ արդար կանցկացվեն: «Ոչ մի երաշխիք»,- ոչ առանց տհաճության նետեց Վրաստանի վարչապետը: Վերջինս պարզաբանեց նաեւ, թե ինչ է ուզում Թբիլիսին Բաթումից. «Մենք պահանջում ենք, որ Աջարիան մտնի երկրի ընդհանուր բյուջետային դաշտ: Շեւարդնաձեի ժամանակ Աջարիան արտոնություններ ուներ, եւ դա նորմալ է ինքնավարության համար: Բայց այն ժամանակ Աբաշիձեի կառավարությունն ընդհանրապես հարկեր չէր վճարում: Կենտրոնական բյուջեն Աջարիայից պետք է գումար ստանա»: Միեւնույն ժամանակ Ժվանիան բացառեց խնդրի ուժային լուծումը: Ի տարբերություն Աջարիայի, Օսեթիայում վարչապետը ատելություն վրացիների եւ տեղացիների միջեւ չի տեսնում եւ ճիշտ չի համարում այնտեղի իրավիճակը բնորոշել իբրեւ կոնֆլիկտ: Իսկ Աբխազիայի հարցում, ինչպես ասաց Ժվանիան, «միանգամայն պարզ ծրագիր ունենք՝ ինտենսիվ բանակցություններ»: «Մենք սպասում ենք, թե ինչ կնախաձեռնի Ռուսաստանը: Վրաստանը պետք է շատ ավելի կազմակերպված լինի: Հռոմեական ասացվածքն այն մասին, որ եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի, միայն գեղեցիկ ֆրազ չէ: Սա ցանկացած բանակցությունների հիմքն է: Մյուս կողմը պետք է գիտակցի, որ եթե նրանք չհամաձայնեն բանակցությունների, ապա մենք այլ միջոց էլ ունենք»:

«Ի՞նչ հնարավոր լուծումներ եք տեսնում Վրաստանի եւ Ադրբեջանի համար կարեւոր այնպիսի հարցում, ինչպիսին է ազգային անջատողականությունը» հարցը տրվեց ադրբեջանցի լրագրողի կողմից: Բնականաբար, Ժվանիան կարեւորեց դրա լուծումը հատկապես մեր տարածաշրջանը ներդրումների համար նպաստավոր դարձնելու տեսանկյունից, սակայն հնարավոր լուծումներ չնշվեցին: Դրանք գտնել՝ Վրաստանի ղեկավարությունը կփորձի եւ Բաքվում, եւ Երեւանում: «Հուսով եմ, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները բավարար չափով իմաստուն կգտնվեն՝ քայլ առ քայլ Հարավային Կովկասի խնդիրները լուծելու»:

Իր ժամանակից մեկ ժամ նվիրելով այս հանդիպմանը, Զ. Ժվանիան «խնդրեց» իրեն բաց թողնել՝ պատճառաբանելով, թե «երկրում կարող է կառավարական ճգնաժամ սկսվել»:

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել