Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ»

Մարտ 05,2004 00:00

«ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ» Ասում է ԼՂՀ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալբերտ Ղազարյանը «Ես մտավախություն ունեմ, որ այսօր էլ կարող ենք ընկնել 1920-ի իրավիճակին (նկատի ունի Սեւրի պայմանագիրը), երբ մեզ ահագին բան էին տալիս՝ ավելին ուզեցինք, արդյունքում՝ ոչինչ չստացանք»,- իր մտավախություններն «Առավոտին» փոխանցեց խմբագրություն այցելած Ղարաբաղի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալբերտ Ղազարյանը։ Պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման առիթով պրն Ղազարյանն իր տեսակետն ունի. «Ադրբեջանին դա պետք չէ»։ Մեր դիտարկմանը, որ այդ երկրի տարբեր աստիճանի քաղաքական գործիչներ տարբեր առիթով ռազմատենչ հայտարարություններ են արել, Ա. Ղազարյանն այսպես արձագանքեց. «թող անեն, բայց ժողովրդին դա պետք չէ, ո՞վ պիտի գնա պատերազմ»։ Նաեւ՝ «ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել նոր ղեկավարության, օպոզիցիայի հետ եւ համոզվել եմ, որ պատերազմի վտանգ չկա»։ Ի դեպ, ընդդիմության մասին։ Ա. Ղազարյանի համոզմամբ, ադրբեջանական ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում հայկականից. «լեզվին տալուց բացի, ոչ մի բան չի անում»։ ԼՂՀ հարցի կարգավորման առիթով Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության վերաբերմունքի նկատմամբ մեր զրուցակիցը նույնպես հետեւյալ մոտեցումն ունի. «Այդ հարցը Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի, նրանք էլ կոնկրետ առաջարկներ չեն արել»։ Հայաստանում ղարաբաղյան կլանի դեմ հնչող հայտարարությունների վերաբերյալ Ա. Ղազարյանը գտնում է, որ տեսականորեն, յուրաքանչյուր ղարաբաղցի պետք է հպարտանար, որ իր երկրացին դարձել է ՀՀ նախագահ։ Բայց՝ «բոլոր ղարաբաղցիներն էլ տեսնում են, որ այդ մարդու պատճառով, դեռ 10 տարի առաջ Արցախի արեւով երդվող հայաստանցին, որն իր երեխայի բերանից հացը կտրելով Ղարաբաղ էր ուղարկում, այսօր ղարաբաղցու անուն լսել չի ուզում։ Բոլորին չես բացատրի, որ Ղարաբաղն ու Քոչարյանը նույնը չեն»։ Ի դեպ, Ա. Ղազարյանի կարծիքով՝ ԼՂՀ-ում Արկադի Ղուկասյանի իշխանության մնալը հենց Քոչարյանի իշխանությամբ է պայմանավորված։ «Իսկ այդ մարդուն Ղարաբաղում ատում են, ոչ միայն այն պատճառով, որ մարդկանց սոցիալական վիճակը շատ վատ է, այլ որ մարդու իրավունքների, արժանապատվության, օրինականության մասին խոսելը Ղարաբաղում էլ է ծիծաղելի դարձել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել