Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «2»

Մարտ 05,2004 00:00

ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «2» Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված «Լինսի» հիմնադրամի միջոցներով Գյումրի քաղաքում կատարված բնակելի շենքերի բնակարանների բաշխման գործընթացին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հաշվետվությունը: Ըստ նախագահի մամուլի ծառայության, Ռ. Քոչարյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն ավելի քան երեք ամիս աշխատել է Գյումրիում: Հայտնաբերված թերությունները շատ են եւ բավականին լուրջ: Նախագահի խոսքով, այն ներդրումները, որ արվում էին Գյումրիում, վերականգնողական ծրագրերը մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից պետք է արժանանային ավելի լուրջ կազմակերպչական աշխատանքի: «Եթե մենք լուծում ենք բավական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմից գործընկեր հանդիսացող կառույցները, որոնք պետք է զբաղվեին հերթացուցակներով եւ ժողովրդի հետ կազմակերպչական աշխատանքներով, լուրջ թերանում են, դա բնակեցման հարցում որոշակի խնդիրների պատճառ է դառնում»,- նշել է երկրի ղեկավարը: Տեղական իշխանությունների աշխատանքը գնահատելով անբավարար, նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել գործունեությունը եւ մինչեւ ապրիլի 20-ը վերջնականացնել անօթեւան ընտանիքների հաշվառումն ու հերթացուցակը, ինչպես նաեւ լուծել շենքերի բնակեցման ու ենթակառուցվածքների անխափան աշխատանքի հետ կապված հարցերը: Նախագահը հանձնարարել է նաեւ իրավապահ մարմիններին փոխանցել ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել