Առաքելությունն անիրագործելի է Բջջայինի զանգը՝ «Առաքելությունն անիրագործելի է» կինոնկարի մեղեդիով, երեկ ճեպազրույցում հնչեց հենց այն պահին, երբ Գրիգոր Ղոնջեյանը խոսում էր ավանդների փոխհատուցման հնարավորության մասին: «Սա խորհրդանշական է»,- կասեր մեկ այլ կինոնկարի հերոս: Իսկ Գրիգոր Ղոնջեյանն ասում էր, թե ավանդները վերադարձնելը Հայաստանի պարտավորությունը չէ, մեր պետությունը ԽՍՀՄ իրավահաջորդը չէ եւ չկա այն երկիրը, որտեղ մենք խնայողություններ ենք արել: «Հավատացել են՝ դրել են, ուզենային՝ կհանեին»,- ասաց նա, պնդելով, թե Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել այդ ամենի համար: Ավելին՝ նկատի առնելով արդեն իսկ հնչող դժգոհությունները, թե նախկինում ռումինական կահույք կարելի էր գնել այն գումարով, որի դիմաց այժմ 20-30 դոլար են առաջարկում՝ պրն Ղոնջեյանն ասաց, որ եթե պարտքային այդ մեծ բեռը դնելով պետության ուսերին ու վտանգելով մեր մակրոտնտեսական ցուցանիշները՝ դեռ բնակչության դժգոհության ալիքն են առաջացնելու՝ «Այդ 82 մլն դոլարն ավելորդ չէ մեր երկրի համար, որ հա՛մ վճարենք, հա՛մ ալիք առաջացնենք»: ՄԱԿ-ի խմբակցության ներկայացուցչի դիրքորոշումը գրեթե նույնությամբ համընկնում էր այն ամենին, ինչ նրանից հետո ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, թե ավանդներ վերադարձնելը մեր պետության պարտքն է, բայց ոչ պարտավորությունը. «Պարտավորությունը Սովետական Միությանն է, եւ անգամ Սովետական Հայաստանը չի եղել այդ գործառույթների մեջ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ ընդգծեց, թե ավանդները փոխհատուցելով կդասվենք սնանկացած պետությունների շարքը, եւ սա առաջին քայլը կլինի պետականությունը կորցնելու ճանապարհին: Այսուհանդերձ՝ առաջարկեց հետեւել, թե արդյոք ժողովուրդը համաձայն կլինի՞ խնայողություններն առաջարկվող չափով փոխհատուցման տարբերակին. «Ժողովրդի, եւ ոչ քաղաքական ուժերի ցանկության հետեւանք պետք է լինի դա»: Ի դեպ, փորձեցինք ստանալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ են եղել այդ խնայողությունները՝ միայն արժեզրկվե՞լ են, թե՞ դրանք ծախսել է, ասենք, Ռուսաստանը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ ՌԴ-ն տուժել է նույն չափով. «Եթե այդ ահռելի Միությունը բանկում փող ունենար՝ չէր փլուզվի: Աղքատացած մի պետություն դարձավ ու չկարողացավ կատարել իր պարտականությունը»: Ուշագրավ ակնարկ արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, թե քանի որ խնայողությունները պահպանող բանկերը ե՛ւ վարկեր են տրամադրել, ե՛ւ կատարել տարբեր շրջանառություններ՝ «Բնական է, թե «Խնայբանկի» վրա նույնպես կլինեն որոշակի պարտականություններ»: Այսինքն՝ ավանդների վերադարձման մի հույսն էլ Միխայիլ Բաղդասարովն ու «Հայխնայբանկում» նրա ռուս գործընկե՞րն են: Էլ ի՞նչ աղբյուրներ կան խնայողությունները փոխհատուցելու համար: Ինքնատիպ լուծում առաջարկեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ գումարը կարելի է գոյացնել շքեղ տների ու ավտոմեքենաների սեփականատերերից գանձվող հարկերով, գործուղումների եւ պատվիրակությունների քանակի կրճատմամբ, պետական միջոցների հաշվին թանկարժեք մեքենաներ ձեռք չբերելով եւ այլն: Վերոթվարկյալը եւս մեկ անգամ համոզեց, թե ավանդները վերադարձնելու առաքելությունն առայժմ իրոք անիրագործելի է: Թե՞ որեւէ մեկը կասկածում է, որ մեր պետական պաշտոնյաները կհրաժարվեն արտասահման գործուղումներից կամ թանկարժեք մեքենաներից՝ ինչ է թե վերադարձնեն խնայողությունները: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ