Ջութակահարների անսամբլը՝ նոր կարգավիճակով
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գեւորգ Աճեմյանի՝ 1958թ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ստեղծած, 1970թ. պետական կարգավիճակ ստացած հեռուստատեսության եւ ռադիոյի ջութակահարների անսամբլը այլեւս գործում է Երեւանի պետկոնսերվատորիայի հովանու ներքո։ 2001-ին Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվների լուծարումից հետո հայտնի անսամբլին օգնության ձեռք մեկնեցին հանրապետության առաջին տիկինն ու Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտորը։ 1998-ից անսամբլը ղեկավարում է կոլեկտիվի հիմնադրի այրին, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Աճեմյանը։ Անսամբլի առաջին բեմելը նոր՝ կոնսերվատորիայի ջութակահարների անսամբլի կարգավիճակով, կայացավ 2003թ. ՀՀ նախագահի նստավայրում կայացած համերգին։
Հետաքրքիր փաստ՝ աշխարհում իր տեսակի մեջ միակ ջութակահարների անսամբլը «երանելի» տարիներին էլ ոչ մի անգամ չի ունեցել արտասահմանյան շրջագայություն։ Փաստի առիթով տիկին Աճեմյանը հիշեց. «Տարիներ շարունակ անսամբլին հիացական խոսքեր են հղել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը եւ ուրիշներ, բայց «Գոսկոնցերտի» պաշտոնյաները, որոնք խորհրդային տարիներին կազմակերպում էին արտասահմանյան համերգային շրջագայություններ, համարյա բաց տեքստով ամուսնուս ասում էին. «Հիանալի անսամբլ է, ձեւի մեջ՝ միակը, բայց որ ուղարկենք արտասահման, մեզ ի՞նչ օգուտ։ Իսկ Գեորգի Վարդովիչի համար բեմը բեմ էր, հանդիսատեսը՝ հանդիսատես, լիներ Երեւանում, Լենինականում, Մոսկվայում, թե Փարիզում»։ «Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս անսամբլին ճանաչեցին աշխարհում, տիկին Աճեմյանը պատասխանեց. «ԽՍՀՄ տարածքում անսամբլի համերգները կազմակերպում էր «Ռոսկոնցերտը»։ Հետաքրքրությունը մեծ էր եւ երաժշտական քննադատները, չթաքցնելով իրենց հիացմունքը, արտահայտվում էին զարմանքով՝ հնարավո՞ր է արդյոք, որ ավելի քան 20 ջութակահար նվագեն ինչպես մեկ երաժիշտ։ Նկարահանվում էին մեր ելույթները ու արտահանվում»։ Տեղեկացնենք, որ անցյալ դարի կեսերին ստեղծված անսամբլի առաջին արտասահմանյան ուղեւորությունը կայացավ 2000-ին՝ Լիբանանում անցկացվող հայկական մշակութային օրերի շրջանակում։
Հատուկ ջութակահարների անսամբլի համար ստեղծագործել են կոմպոզիտորներ Ալ. Հարությունյանը, Ա. Աճեմյանը, Ա. Սմբատյանը, Մ. Մավիսակալյանը եւ այլք, բայց «անսամբլի նվագացանկում եղել են ու կլինեն համաշխարհային դասականների աճեմյանական փոխադրումները»։ Ա. Աճեմյանը մտաբերեց. «Երբ ժամանակին Արամ Իլյիչը լսեց անսամբլի մեկնաբանմամբ դաշնամուրի համար գրված իր պիեսը՝ «Անդանտինոն», ծայրաստիճան անկեղծացավ, ասելով՝ հիմա չեմ կարող պատկերացնել, որ այս պիեսը ես եմ գրել»։ Շարունակելով ամուսնու գործը, Ա. Աճեմյանը նպատակ ունի տպագրել գիրք՝ անսամբլի գործունեության մասին։ «Ցանկություն ունեմ, կոլեկտիվի կենսագրությունից զատ, գրքում զետեղել ավելի քան 100 ջութակահարների անուններն ու նկարները, որոնք աշխատել են անսամբլում՝ ստեղծման օրվանից»։ Իսկ Գեւորգ Աճեմյանի սաներին այսօր կարելի է հանդիպել Ամերիկայում ու Ավստրալիայում, Ռուսաստանում ու Եվրոպայում։ Մեր հանդիպման ավարտին տիկին Աճեմյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Երբ հայտնվեմ Լոս Անջելեսում, համոզված եմ, ջութակահարների անսամբլի նախկին արտիստներից մի անսամբլ կկազմեմ՝ հաստատ»։
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ