Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

Մարտ 05,2004 00:00

Սպարապետն
այսօր 45 տարեկան կդառնար, եթե չլիներ դավաճանը
«Հուսամ, որ նույնիսկ նրան սպանողները, նրա անշունչ մարմնի վրա իրենց դիվային պարը պարողները այսօրվա մեր երկնքի տակ կան ոչ այն վստահությամբ, ինչպես կային իր շենշող, անգամ սպանողներին իրենց եթե ոչ կեցության հրճվանքի՝ ապա գոնե սոսկական լինելիության մղող ներկայությամբ. բոլոր դեպքերում նրանք ոչնչացրել են ավելին, քան իրենց նպատակի նշանը, բոլոր դեպքերում Վազգենի հեռացումով բացված վիհը ահռելիորեն մեծ է՝ կենդանի, խլրտուն, օրավուր մեծացող Վազգենի բռնած տարածքից»,- Հրանտ Մաթեւոսյանի բնաբանով է սկսվում Վազգեն Սարգսյանի գործերի նոր ընտրանին, որը տպագրվել է Սպարապետի 45-ամյակի առթիվ:

Այդին Մորիկյանի խմբագրությամբ հրատարակված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» վերնագրով ժողովածուի մեջ ընդգրկված են Վազգեն Սարգսյանի ինչպես գեղարվեստական գործերը, այնպես էլ հրապարակախոսական էջերը: Տասնյակի չափ պատմվածքներ, «Հացի փորձություն» վիպակը նախկինում տպագրվել են առանձին գրքերով, իսկ՝ «Ես վախենում եմ բոլոր չվախեցողներից» վերնագրի ներքո հավաքված են Սպարապետի տարբեր տարիներին հնչած ելույթները, մամուլում հրապարակած հոդվածները եւ հարցազրույցները:

«Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից՝ Հայոց բանակի զինվորներ եք,դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, հայոց սահմանները, մեր երկրի անձեռնմխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան-կգնան, ոչ մի հոսանքի հետ գործ մի ունեցեք…Վաղը չէ մյուս օրը, եթե մենք հավաքվեցինք ու կարողացանք մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք՝ հաղթելու ենք…»,- ասում էր Վազգեն Սպարապետը 1992թ. օգոստոսի 15-ին, երբ պատերազմ էր, երբ ծանր էր դրությունը եւ թշնամին երեւութական էր: Ու նա կռվեց երեւացող թշնամու դեմ: Կռվեց ու հաղթեց:

Բայց նրան աներեւույթ թշնամին տապալեց: Նա ասում էր. «Ես դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղի-անտեղի թշնամի փնտրելու մոլուցք չունեմ»: Նա թշնամի չէր փնտրում, բայց թշնամիները նրան փնտրելու կարիք չունեցան: Նա կար: Ու նա այսօր էլ կա: Նրան հիշելու են այնքան ժամանակ, քանի կա անկախությունը, քանի կա անկախ Հայաստանը: Իսկ նա անկախ Հայաստանի Սպարապետն էր, ու նրա համար «անկախությունը քննարկվող արժեք չէր»:

Բացի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» ժողովածուից, Ա. Մորիկյանի խմբագրությամբ, կրկին Վազգեն Սարգսյանի տարելիցի կապակցությամբ տպագրվել է նաեւ «Վազգենը» գիրք-ալբոմը, որում զետեղված են Սպարապետի հարազատների հուշերը, ինչպես նաեւ Վ. Սարգսյանի նախկինում տպագրված ու անտիպ մտքերը, լուսանկարներ, որոնցից շատերի շնորհիվ Սպարապետը նոր լույսի ներքո է երեւում:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես ել եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար…Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես…Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը»:

Այդպես էլ հասկացնելու ժամանակ չեղավ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել