Երեկ կառավարությունն առաջարկում էր լրագրողներին վիճակահանությամբ որոշել, թե որ լրատվամիջոցն է մասնակցելու ասուլիսին, որը՝ ոչ:
Կառավարությունը երեկ ընդունել է մեկ այլ ցնցող որոշում՝ պետպատվերով բուժվող բնակչության ցանկի մեջ ընդգրկել զինծառայողներին (ոչ պահեստային) ու նրանց ընտանիքներին (ապահովներին նույնպես)։ Կառավարության նիստից հետո առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը հաղորդեց, որ դրա համար տրամադրվել է բյուջեից 2004թ. համակարգին հատկացված 25 մլրդ դրամից 2 մլրդ-ը՝ 1000 զինծառայողի եւ նրանց ընտանիքների 3000 անդամների առողջական վիճակը բարելավելու համար։ Պարզվեց, ընտանիքի անդամների շարքին դասվում են զինծառայողի ծնողները, կինն ու երեխան՝ պարտադիր, իսկ քույր ու եղբայրների մասին կառավարությունը դեռ մտածում է։ «Անվճար բուժման ցանկը ընդգրկում է ամեն ինչ, բացի ոսկե ատամնաշարից»,- վստահեցրեց փոխնախարարը։
Հաջորդ ցնցումն առաջացրեց արդարադատության նախարարության մշակած՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը։ Նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ, լրագրողը զրկվում է հավատարմագրից, եթե կատարել է հանցագործություն, եթե տարածել է կեղծ տեղեկատվություն, եթե իր «մայր» լրատվամիջոցն է նման ցանկություն հայտնել կամ այդ լրատվամիջոցը փակվել է։ Նախարարի մեկնաբանությամբ, կեղծ կհամարվեն բոլոր այն տեղեկությունները, որոնց իսկությունը չի ապացուցվի դատարանում կամ այդ որակումը կստանան դատարանի վճռով։ Նույն կարգով սահմանվում է, որ պետական մարմնի ղեկավարը ասուլիս պիտի կազմակերպի տարին առնվազն մեկ անգամ։ Իսկ եթե ասուլիսների (կամ այլ միջոցառումների) սրահը չտեղավորի հրավիրված լրագրողներին, պետք է նրանց միջեւ անցկացվի վիճակահանություն, որով կորոշվի՝ «ով մնա-ով գնա» հարցը։ Կամ էլ «սահմանվեն ողջամիտ չափանիշեր, թե այդ միջոցառմանը ո՞ր լրատվամիջոցի մասնակցությունն է ոչ նպատակահարմար»։ Նախարարը, տեղի տալով ներկա լրագրողների բուռն ընդդիմությանը, որոշեց. «Լավ, իրար խանգարել-չխանգարելը կարգից հանում եմ ու թողնում ձեզ։ Կարող եք այլ առաջարկություններ էլ անել, կառավարությունը կհաստատի ձեր միաձայն ընդունած ցանկացած առաջարկություն»։
Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի ներկայացրեց զինծառայություն չանցածներին արտերկրից ետ վերադարձնելու այս կարգը, որով սահմանվում է՝ վերադարձողներից գանձել յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար մինչեւ 200 հազար դրամ։
Փոխնախարարը համոզված է, որ «պետությունը դրանից մեծ շահույթ չունի, այդ նպատակն էլ չունենք։ Ուղղակի ուզում ենք հետ բերել մեր ժողովրդի զավակներին»։ Իսկ շահույթը փոքր կլինի, քանի որ 1992-ին Հայաստանից արտերկիր մեկնած երիտասարդների մեծ մասն այս ընթացքում ամուսնացել է, երեխաներ ունեցել կամ էլ զինծառայությունից ազատվելու այլ արտոնություն ձեռք բերել։ Արտերկրում իրենց 27-ը բոլորած ու չծառայածներից 5000-ի դեմ հարուցված է քրեական գործ։ Դրանք կկարճվեն փոխհատուցում վճարելուց հետո։ Այսօրվանից նրանք կարող են դիմել հյուպատոսարաններ կամ դիմումներ ուղարկել Հայաստանում իրենց տարածքային զինկոմիսարիատ։ Կարգը կգործի, քանի դեռ դիմումներ կան։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ