ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «2»
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության
ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված «Լինսի» հիմնադրամի
միջոցներով Գյումրի քաղաքում կատարված բնակելի շենքերի բնակարանների բաշխման
գործընթացին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հաշվետվությունը:
Ըստ նախագահի մամուլի ծառայության, Ռ. Քոչարյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն ավելի քան երեք ամիս աշխատել է Գյումրիում: Հայտնաբերված թերությունները շատ են եւ բավականին լուրջ: Նախագահի խոսքով, այն ներդրումները, որ արվում էին Գյումրիում, վերականգնողական ծրագրերը մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից պետք է արժանանային ավելի լուրջ կազմակերպչական աշխատանքի: «Եթե մենք լուծում ենք բավական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմից գործընկեր հանդիսացող կառույցները, որոնք պետք է զբաղվեին հերթացուցակներով եւ ժողովրդի հետ կազմակերպչական աշխատանքներով, լուրջ թերանում են, դա բնակեցման հարցում որոշակի խնդիրների պատճառ է դառնում»,- նշել է երկրի ղեկավարը:
Տեղական իշխանությունների աշխատանքը գնահատելով անբավարար, նախագահ
Ռոբերտ Քոչարյանը միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել
գործունեությունը եւ մինչեւ ապրիլի 20-ը վերջնականացնել անօթեւան ընտանիքների
հաշվառումն ու հերթացուցակը, ինչպես նաեւ լուծել շենքերի բնակեցման ու ենթակառուցվածքների
անխափան աշխատանքի հետ կապված հարցերը: Նախագահը հանձնարարել է նաեւ իրավապահ
մարմիններին փոխանցել ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների
վերաբերյալ նյութերը: