Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Մարտ 05,2004 00:00

Մեկ
տարի առաջ այս օրը տեղի ունեցավ նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս «տարեդարձը»
իշխանամետները դիմավորեցին բանավեճերով, թե ով է պատասխանատվություն կրում
կատարված ընտրախախտումների համար:
Եթե Վանո Սիրադեղյանը 1996-ի ընտրությունից 3 տարի անց միայն ասաց. «Համենայն դեպս՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր ընտրվել», փաստորեն հաստատելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես չէր ընտրվել ու պիտի լիներ երկրորդ փուլ, 2003-ի ընտրությունների տարին չլրացած՝ հանրապետականներն ու դաշնակցականները արդեն սկսեցին վիճել, թե իրենցից ով է ընտրախախտումներ արել, իսկ ով՝ ընդամենը չի կարողացել կանխել դրանք: Թեեւ, մեկ տարի առաջ նրանք ու Ռոբերտ Քոչարյանի աջակից այլ ուժերը պնդում էին, թե իրենց ընտրյալը տարել է բացարձակ ազնիվ հաղթանակ: Ու եթե ընդունում էլ էին խախտումների հանգամանքը, ապա միայն հավելելով «երկուստեք» բնորոշումը: Արդյոք այս փոխմերկացումների շնորհիվ արդեն ակնհայտ չէ այդ ընտրության իրական պատկերը՝ փորձեցինք պարզել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ուղղված հարցերով:

Հավատարիմ «գիգանտների» պատերազմին չխառնվելու իրենց սկզբունքին՝ ՄԱԿ-ն ու «Օրինաց երկիրը» խուսափեցին հարցից: ՄԱԿ-ի անդամ Գրիգոր Ղոնջեյանն այդպես էլ ասաց. «Մերը չի, էլի»: Իսկ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Թող այն քաղաքական ուժերը, որոնք արել են այդ հայտարարությունները՝ իրենք էլ փորձեն բացատրել այդ ամենը»:

Դառնանք բանավեճի հիմնական կողմերի տեսակետներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ այն հարցին, թե ով էր ընտրախախտումներ արել մեկ տարի առաջ՝ հետեւյալ փոխաբերությամբ. «Երբ գողություն է տեղի ունենում՝ առաջինը հենց գողն է իմանում գողության մասին: Համենայն դեպս, մենք չունենք տեղեկատվություն այդ մասին»: Ըստ այդմ՝ ով ասում է, թե ընտրախախտումներ են եղել, ինքն էլ արել է դրանք: «Դժվար է այսօր որոշել, թե որոշակի ովքեր էին արել խախտումները,- ասաց Գալուստ Սահակյանը:- Մենք ընդամենը պնդում ենք, որ դրանք էականորեն չեն անդրադարձել ընտրությունների վրա»: Սակայն մեկ այլ հանրապետական՝ Ռաֆիկ Պետրոսյանը, որ մաս է կազմում «Ժողպատգամավոր» խմբին՝ մեր հարցին, թե ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ծավալված բանավեճն ընտրախախտումների վերաբերյալ՝ իրեն որոշակի մտորումների տեղիք չի՞ տալիս 2003-ին տեղի ունեցածի օրինականության մասին, պատասխանեց. «Այո՛, միշտ էլ տվել է: Անցյալ տարի նույնիսկ ՍԴ-ն իր որոշումներում արձանագրեց, որ տեղի են ունեցել օրինախախտումներ: Բոլոր հանձնաժողովներն էլ արել են խախտումներ, բայց՝ նայած որտեղ, ինչ չափով: Եվ պետք է նոր «Ընտրական օրենսգրքով» մենք ստեղծենք մեխանիզմներ այդ խախտումները նվազագույնի հասցնելու համար»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը նույնպես 2003-ից քաղված դասերի լուծումը տեսնում էր «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու մեջ. «Մենք կողմնակից ենք, որ փոխվեն «Ընտրական օրենսգրքի» բոլոր կարեւոր կետերը՝ թե՛ նախընտրական քարոզչության բնույթի, թե՛ ընտրությունների վերահսկման ու անցկացման մասին: Եվ ամեն ինչ պիտի անենք, որ նոր «Ընտրական օրենսգրքով» գնանք ընտրությունների եւ բացառենք այն բոլոր բացասական երեւույթները, որ եղել են նախորդ ընտրություններում»: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե միայն այժմ են խոսում այդ «բացասական երեւույթների մասին»՝ ասաց. «Դաշնակցության հայտարարությունն է եղել ընտրություններից անմիջապես հետո»: Առարկեցինք, թե ՀՅԴ-ն հայտարարություն է արել միայն ԱԺ, եւ ոչ նախագահի ընտրությունից հետո: «Մեր հայտարարությունը վերաբերում էր ընդհանրապես նախկին բոլոր ընտրություններին՝ նաեւ տեղական ինքնակառավարման»,- պարզաբանեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Ընդդիմությանը նախագահի ընտրության մասին հարցեր ուղղելը կարող է ունենալ միայն հռետորական նշանակություն, քանի որ նրանց տեսակետը հայտնի է 2003-ին կատարվածի վերաբերյալ: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բանավեճը ընտրախախտումների պատասխանատուների վերաբերյալ՝ կարող է միայն լրացուցիչ փաստարկ լինել հօգուտ այդ տեսակետի: Հենց այդ ոգով էլ մեր հարցին պատասխանեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը. «Նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերն իրականացրին այն բոլոր ընտրախախտումները, որոնք արձանագրել է եվրոպական դիտորդական առաքելությունը: Իսկ հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քոչարյանը վարձահատույց եղավ այդ քաղաքական ուժերին: Այսօր նրանք մեղքը գցում են միմյանց վրա, սակայն ընտրակեղծիքների համակարգը մշակվել է Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի կողմից եւ նրանք երկուստե՛ք են պատասխանատու կատարվածի համար»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել