Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԸ ՊԵՏՔ Է
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԼԻՆԻ

Մարտ 05,2004 00:00

ԱԺ
փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեկնաբանում է նախարարների այցերը մարզեր
Հեքիաթներում թագավորը դերվիշի շորերով էր հայտնվում ժողովրդի մեջ, որպեսզի մարդիկ իրեն չճանաչեն եւ ասեն այն ամենը, ինչ մտածում են թագավորի մասին։ Այսօր նախարարները համարձակվեցին առանց կերպարանափոխության հայտնվել մարդկանց մեջ ու հասկացան, որ ժողովուրդն այլեւս վախենալու բան չունի՝ կարող է հենց իրենց երեսին ասել ամենադառը ճշմարտությունն անգամ։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումը՝ գործադիր մարմնի ղեկավարներին ուղարկել «մարդամեջ»՝ վերջիններիս հոգսն ու խնդիրները լսելու, թերեւս վատ միտք չէ։

Կոալիցիայի անդամ քաղաքական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն եւ ՀՀԿ-ն արդեն առանձին-առանձին լսել էին իրենց նախարարների հաշվետվությունները եւ բոլորին էլ բավարար էին գնահատել։ Չնայած պարզ չէ, թե ի՞նչն է բավարար, երբ ժողովուրդն այսքան դժգոհ է։ Կոալիցիոն խորհրդի նիստում արդյո՞ք քաղաքական ուժերը մտադիր են քննել այս հարցը եւ հետեւություններ անել ստեղծված իրավիճակից։ Որքան մեզ հաջողվեց պարզել, կոալիցիայի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում նման հարց ընդգրկված չէ։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Նախ, կարծում եմ, ճիշտ է ինչ-որ բան անելուց առաջ լավ մտածել։ Տվյալ դեպքում խնդիրը հստակեցնել՝ ինչո՞ւ են գնում, ի՞նչ պիտի անեն այնտեղ, արդեն արված ի՞նչ են ներկայացնելու, անելիք ի՞նչ են ներկայացնելու եւ ի՞նչն է այդ ամենի նպատակը։ Կարծում եմ, եթե այս ամենը հստակ ներկայացվի, որեւէ մեկը որեւէ խնդիր չի ունենա։ Շատ հաճախ խոսում են ընդհանուր բաներից, կոնկրետ որեւէ բան չեն ասում, չեն ներկայացնում արված գործը գոնե մարդկային պարզ լեզվով, որ դիմացինն էլ հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ է արվել եւ ի՞նչ ենք ուզում ընդհանրապես անել։ Սա շատ վաղուց գոյություն ունեցող ընդհանուր, եթե կարելի է այսպես ասել՝ հիվանդություն է պաշտոնյաների համար, որոնք անգամ արվածը կամ անելիքը ոչ միայն չեն կարողանում պատշաճ ներկայացնել, որ դրական արձագանք ստացվի եւ բացասական արձագանք է ներկայացվում վատ ներկայացնելու պատճառով»։

Ըստ Տիգրան Թորոսյանի, հասարակության հետ կապը պետք է լինի շարունակական։ Մեր տպավորությամբ՝ կառավարության մեջ գլուխ բարձրացրած «նարոդնիկական» շարժումը առաջացավ որպես ընդդիմության գործողությունների հակակշիռ։ Ընդդիմության այցերը մարզեր, ստիպեցին կառավարությանը վերջապես հասկանալ, որ այս երկրում կա ժողովուրդ, որի հոգսերը պարտավոր են հոգալ: Եթե ընդդիմությունը գնում է մարզից մարզ եւ մարդիկ իրենց սոցիալական խնդիրներն են պատմում, ուրեմն կառավարությունն էլ իր հերթին որոշեց շրջաններ գնալ, որպեսզի հանրապետությունում պահպանվի մթնոլորտի հավասարակշռությունը։ Այս տպավորությունը թերեւս Տիգրան Թորոսյանը չի կիսում. «Կարծում եմ, նման այցերը կարող են հաջողություն ունենալ, երբ դրանք շարունակական են եւ իսկապես գործուն կապ գոյություն ունի հասարակության եւ պաշտոնյաների միջեւ։ Եթե այդ կապը շարունակական չեղավ, ապա դրական արդյունք դժվար կլինի ակնկալել։ Կարելի է մեկ անգամ գնալ, երկու անգամ գնալ եւ ինչ-որ խոստումներ տալ։ Երրորդ անգամ, չորրորդ անգամ այլեւս չեն հավատա։ Անգամ ճիշտ ասված, լավ ասված բանին չեն հավատալու։ Սա է ամենամեծ դժբախտությունը»։ Իսկ այսօր կա՞ այդ շարունակական կապը հասարակության եւ պաշտոնյաների միջեւ։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ չկա. «Եթե դա լիներ, նման պատկեր չէր լինի եւ հասարակությունն էլ համապատասխանաբար կվերաբերվեր այն իրավիճակին, որ գոյություն ունի։ Որովհետեւ եթե մարդուն ցույց ես տալիս նպատակը, ցույց ես տալիս քայլերը, որ տանում են դեպի այդ նպատակը, այս դեպքում հասարակությունը գրեթե միշտ համբերատար գնում է այդ ճանապարհով։ Սա է որ, կարծում եմ, նախարարները պետք է հաշվի առնեն»։

Ընդդիմության հանդիպումները հանրապետության մարզերում որոշ շրջանակների կողմից որակվեց որպես նախընտրական քարոզարշավի սկիզբ։ Կառավարության անդամների մղումը դեպի գյուղեր ե՞ւս կարելի է համարել որպես մեկ այլ կարգի քարոզարշավի սկիզբ։ ԱԺ փոխնախագահը մեր այս հարցին անդրադառնալով ասաց, թե ընդամենը մեկ տարի է անցել նախորդ ընտրություններից եւ առնվազն երկու տարի կա մինչ նախընտրական քարոզարշավի սկիզբը. «Իհարկե, սա չի ենթադրում, որ մնացած տարիներին ոչինչ չպետք է անել, այսինքն չի կարելի հանդիպել մարդկանց հետ։ Մյուս կողմից կառավարությունը եւ քաղաքական ուժերը տեղյակ պետք է լինեն հոգսերին, այն առանձնահատկություններին, որոնք հասարակությունը ձեւակեպում է ինքն իր համար։ Սա թույլ կտար նաեւ ճշգրտել քայլերը։ Ի վերջո, ոչ թե հասարակությունն է իշխանությունների համար, այլ՝ իշխանությունն է հասարակության համար»։ Ըստ Տիգրան Թորոսյանի, առաջիկա ընտրություններին մենք պետք է մի փոքր այլ կերպ պատրաստվենք, որպեսզի դրանք «բավարարեն այն չափանիշները, որոնք մենք ընդունում ենք որպես մեր ընտրությունների գնահատական՝ նաեւ միջազգային հանրության կողմից»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել