Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀՈՒԿՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Մարտ 04,2004 00:00

ԴԱՀՈՒԿՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ Ի տարբերություն կառավարության անդամների, որոնց հասցեին նախորդ օրը Գառնիում ուղղակի լուտանքներ էին թափել՝ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին ե՛ւ այդ գյուղում, ե՛ւ Կոտայքի մարզի այլ բնակավայրերում երեկ ընդունում էին ջերմությամբ: Թերեւս զարմանալի չէ, որ Կոտայքում անհյուրընկալ ընդունելություն էին ցուցաբերել կառավարության անդամների նկատմամբ: Երեկ էլ գյուղացիները իրար հերթ չտալով թվարկում էին իրենց խնդիրները՝ շուրջօրյա լույս ու ջուր են ունենում միայն այնժամ, երբ գյուղում հուղարկավորություն է լինում (գառնեցի Մյասնիկ Հովհաննիսյանն անգամ խոստովանեց, թե միայն այդ ժամանակ են միս ուտում ու Նոր տարուն): Կամարիսի գյուղապետի աները՝ Վանիկը, բողոքեց, եւ նրան երկրորդեցին համագյուղացիներն ու հետո գառնեցիները, թե Աբովյանի պահեստապետ Սաքոն սելիտրան վաճառում է 5-6 հազար դրամով: Ի դեպ, ըստ գյուղացիների՝ Կոտայք այցելած նախարարները Գառնիում խոստացել են ամեն մեկին տալ կես կիլո սելիտրա: «Նոր են սկսել գալ, հետաքրքրվել, թե մարդիկ ինչո՞վ են ապրում, ի՞նչ հոգսեր ունեն: Բայց մենք կողմնակից ենք՝ թող գան, լուծեն հարցերը: Իրենց տված խոստումների 10%-ն էլ կատարեն՝ փոքրիկ, բայց հաղթանակ է»,- կառավարության անդամների մարզեր այցերի մասին ասաց Գեղամյանը: Թեեւ, նաեւ ենթադրություն հայտնեց, որ այս այցելությունների գնում են ոչ թե հարցեր լուծելու, այլ՝ «համընդհանուր ժողովրդական ցասումը հանգցնելու»: Մինչեւ Գառնի հասնելը՝ մի քանի անգամ փակեցին նրա ճանապարհը: «Որ ասին՝ Գեղամյանը գալիս ա՝ ամբողջ գյուղը մեր ու մանուկ եկավ ստեղ, ուզում էինք ձեզ տեսնել,- ասաց Ողջաբերդի ճանապարհը փակածներից Արտավազդ Վարդանյանը:- Խնդրում ենք՝ համախմբված եղեք՝ մենք էլ ձեր թիկունքին կլինենք»: Հացավանի մոտ ճանապարհը փակածներից Անդրանիկ Երեմյանը հորդորեց. «Եթե եղաք առանձին-առանձին շվեր՝ շուտ կկոտրեն, իսկ միասին՝ ոչ մեկը չի կարա կոտրի ձեզ»: Գեղամյանը նրանց բոլորին ասում էր, թե ընդդիմությունը «միասնական է իշխանափոխության հասնելու ճանապարհին»: Եվ երբ Չինար տատը Գառնիում պատմեց, թե ժամանած նախարարները փորձում էին վարկաբեկել Ստեփան Դեմիրճյանին՝ Գեղամյանն արձագանքեց. «Ղալա՛թ են արել»: Անդրադարձավ նաեւ «Հանրապետության» դեմ սկսված հարձակումներին՝ նշելով. «Ովքեր իրերն իրենց իսկական անունով են անվանում՝ դառնում են թիրախ»: Թերեւս այդ կուսակցությանն էր ուղղված «Ազգային միաբանության» ղեկավարի այս ակնարկը. «Լիդերին ընդդիմությունն իր մեջից չի ընտրում՝ դա մոլորություն է, լիդերին ազգն է ընտրում»: Իսկ իշխանամետների այն պնդումների առնչությամբ էլ, թե ընդդիմությունը չունի լիդերներ՝ նշեց. «Պատահակա՞ն են ասում. իհարկե ո՛չ: Ուզում են՝ այդ խայծը կուլ տան այս կամ այն ընդդիմադիր թեւի կուսակցության ղեկավարները ու սկսեն արդեն թագավորախաղ խաղալ: Իշխանություններն էլ ասեն՝ տեսե՛ք, արդեն իրար միս են ուտում, թե ով՝ ով է լինելու»: Այս խնդրին անդրադարձավ նաեւ ողջաբերդցի Գագիկ Մարգարյանը՝ խոսքն ուղղելով Քոչարյանին. «Ասում է՝ ո՞ւր է դրանց լիդերը: Բայց քեզ ի՞նչ հետաքրքիր է, թե ով ա լիդերը: Մի «լիժա» քշող կճարենք»: Նա Գեղամյանին ասաց. «Մեր տանը «լիժեք» կան: Թող գան՝ ես կտամ՝ «լիժեքը» քշելով գնան»: Եվ երբ այս մասին «ԱՄ» առաջնորդը պատմեց արդեն Բյուրեղավանում՝ մի տղամարդ դահուկ բերեց ու խրեց հողի մեջ. «Էս մեկն էլ մեր կողմից՝ Սերժին, որ Քոչարյանը մենակ չգնա»: Արտաշես Գեղամյանը ելույթներում ասում էր. «Իշխանության «նավը» խորտակվում է, եւ արդեն իրար մեջ գզվռտոց է սկսել: Բանը հասել է նրան, որ «Օրինաց երկիրը» մեղադրում է ինձ, որ մեր ցուցակի 3-րդ համարը գովում է իրենց դաշնակից ՀՀԿ-ի 2-րդ համարին: Ասում են, թե ո՞նց հասկանան, որ Հմայակ Հովհաննիսյանը գովում է Սերժ Սարգսյանին»: Ողջաբերդում սրան հավելեց. «Հենվել են 3 կուսակցությունների վրա՝ նրանք էլ իրար միս են ուտում: Մենք իշխանությանն այդքան չենք ատում, ինչքան իրանք իրար»: Օլյա Կարապետյանն ի պատասխան առաջարկեց. «Մեր պադվալը մե՜ծ պադվալ է, բեր՝ իրանց բռնենք, սրանք էթան՝ մեղք ենք»: Գեղամյանը թերեւս սրտաշարժվեց՝ իշխանական գործիչներին պատկերացնելով նկուղի սառը հատակին. «Մայրիկ ջան, անկողին դիր պադվալումդ»: Եթե Կամարիսում հարցնում էին, թե հանրաքվե չի՞ լինելու, Հացավանում Մնացական Խուրշուդյանն ասում էր Գեղամյանին. «Հանրաքվեով բան չի լինի: Մեր ձայնը ոչ մի տեղ չի անցնում: Ուրիշ ելք ցույց տվեք մեզ՝ անենք»: «Անկախության հրապարակում ե՞րբ եք միտինգ կազմակերպելու, որ իմանանք: Գիշեր լինի, թե ցերեկ, գաղտնի, թե ափաշկյարա՝ կգանք»,- ասում էր կամարիսցի Ինջաբեկ Խաչատրյանը: «Ոտո՜վ կգանք, ոտո՜վ»,- նրան երկրորդում էր Գրետա Ստեփանյանը: Գեղամյանն անընդհատ հրաժարվում էր հրապարակել հավաքի ժամկետը, սակայն համառ հորդորներից հետո ի վերջո Գառնիում ասաց. «Ապրիլի վերջին կամ մայիսի առաջին կեսին համազգային հանրահավաք ենք անելու»: «Իսկ ինչո՞ւ եք այդքան ուշացնում»,- հետաքրքրվեց մի ծերունի՝ Ալբերտ Արշակյանը: «Որովհետեւ կարող է անհրաժեշտություն լինի 2-3 օր, գիշեր-ցերեկ մնալ հրապարակում»,- պատասխանեց ԱՄ առաջնորդը: «Վճռական քայլեր ձեռնարկեք, հերի՛ք ա, էս ժողովուրդը մեղք ա»,- չէր հանդարտվում ծերունին: «Բանը հասել է նրան, որ ինքս պա հանջելով օր առաջ այս իշխանության հեռացումը՝ երբեմն հանգստացնում եմ մարդկանց, քանի որ ամենավերջին խոսքերն են ասում իշխանությունների հասցեին,- ասաց Գեղամյանը, որի երեկ այցելած երեք բնակավայրերով՝ ընդհանուր թիվը դարձավ արդեն 44:- Մեր երկիրը ազատ կշնչի միայն այն ժամանակ, եթե խաղաղ հեռանան նրանք»: Գառնիում այս պնդմանը մի տղամարդ արձագանքեց. «Յա՜, որ խաղաղ հեռանան, բա իրանց արածների համար ո՞վ ա պատասխան տալու»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել