Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԲԱՐՎՈՔ Է»

Մարտ 04,2004 00:00

«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԲԱՐՎՈՔ Է» Ընդունում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ավանդների վերադարձման հարցը դեռեւս կգտնվի քննարկումների փուլում։ ԱԺ համապատասխան ժամանակավոր հանձնաժողովը իր միջանկյալ հաշվետվությունից հետո դեռեւս կշարունակի աշխատանքը մինչեւ իր լիազորությունների ժամկետը՝ ապրիլի 1-ը։ Ըստ ամենայնի, այս ընթացքում հանձնաժողովը կներկայացնի եզրակացություն, որին կհետեւի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն՝ ավանդների վերադարձման հարցն ավելի կոնկրետացնելու մասին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես նկատեց. «Մենք ընդունում ենք խնդիրը, սակայն այսօր այդ խնդրի լուծման համար պետությունը, կառավարությունը հնարավորություն չունի։ Մենք պետք է հնարավորություն ունենանք այդ գումարները նորմալ վերադարձնելու համար եւ ոչ թե վերադարձնել սիմվոլիկ գումարներ, որը հետագայում կրկին դժգոհության առիթ է տալու։ Ես համոզված եմ, որ քննարկումների ընթացքում կգտնվեն կուսակցություններ, որոնք կառաջարկեն ոչ թե 30, այլ 50 կամ 100 դոլար։ Այսինքն սկսվել է մի գործընթաց, որը մեզ համար անկանխատեսելի կլինի։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սպասել եւ խնդիրը լուծել հնարավորության դեպքում։ Իհարկե, եթե արդեն պատրաստ լինի համապատասխան որոշման նախագիծը, կառավարությունը պաշտոնապես իր դիրքորոշումը կասի»։ Մինչ այդ՝ ԱԺ նիստի ժամանակ ելույթ ունենալով Հանրապետական խմբակցության անունից, Գալուստ Սահակյանը փաստել էր, որ ՀՀԿ-ն ավանդների վերադարձման հարցում ոչ միայն կարծիք հայտնող է լինելու, այլեւ՝ գործուն մասնակցություն է ունենալու եւ իր չափով վերցրել ու վերցնելու է պատասխանատվությունը. «Այս պատասխանատվությունը ոչ թե քաղաքական ուժերի, այլ ամբողջ պետության, ժողովրդի, կառավարության, ՀՀ նախագահի, բոլոր-բոլորի պատասխանատվությունն է»։ ԱԺ նախագահ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս հայտարարեց, թե 98-ից ի վեր «քնած» հարցը միայն կոալիցիայի ուժերով հնարավոր եղավ վերականգնել. «Ըստ էության, մենք առաջարկում ենք 1000 ռուբլու դիմաց տալ մարդուն մեկ տարվա թոշակը։ Ո՞վ է առաջարկում, ՕԵ՞Կ-ն, ոչ։ Առաջարկում են հանձնաժողովում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դիմություն, թե ընդդիմություն, բոլորն էլ նույնը առաջարկել են։ Եվ փառք ու պատիվ դիմությանն էլ, ընդդիմությանն էլ, որովհետեւ բոլորն էլ ելել են պետության հնարավորություններից»։ Պրն Բաղդասարյանը եւս առաջարկեց առայժմ չխոսել ինդեքսավորման մասին, պարզապես որոշել՝ ավանդները վերադարձվո՞ւմ են, թե՞ ոչ։ Կառավարության անդամների նարոդնիկական շարժումը ամենեւին էլ ջերմ ու գրկաբաց չի ընդունվում ժողովրդի կողմից։ Մարդկանց սոցիալական վիճակը այնքան է ծանրացել, որ իրենց մեջ նախարար տեսնելուն պես ամբողջ զայրույթը եւ ընդվզումը թափում են տվյալ նախարարի գլխին։ Արդյո՞ք այս ոչ բարյացակամ վերաբերմունքը չի մտահոգում վարչապետին։ «Առավոտի» այս հարցին պատասխանելով, վարչապետն ասաց. «Մենք դա կանխատեսել էինք, մենք էլ գիտենք, որ ամեն ինչ չէ, որ բարվոք է։ Եթե ամեն ինչ բարվոք լիներ, ապա կառավարությունը չէր ընդունի «Աղքատության կրճատման ռազմավարության» ծրագիրը։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի նախարարներն անմիջականորեն շփվեն ժողովրդի հետ, այդ դժգոհություններն իրենք եւս զգան։ Ժողովրդի հետ հանդիպելը միայն նախագահի ու վարչապետի խնդիրը չի»։ «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե ընդդիմության ակտիվացումը ինչպե՞ս է ազդում կառավարության գործունեության վրա։ Ըստ վարչապետի, կառավարությունը նման իրավիճակում աշխատելու փորձ ունի. նա թեժ աշուն էլ է տեսել, թեժ գարուն ու ձմեռ՝ նույնպես. «Մենք սովորել ենք։ Ցավոք, չեն ասում, թե այդ խնդիրները ինչպես պիտի լուծվի։ Մենք գոնե գիտենք, թե այդ խնդիրները ինչպես պիտի լուծվի։ Իրենց հիմնական մեխը իշխանությունն է եւ ոչ թե ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծումը։ Ըստ իս, իշխանափոխությունը իրատեսական չէ այսօր։ Բայց ընդդիմությունը ինքն է որոշում իր գործողությունների մարտավարությունը։ Խրատելու, խորհուրդ տալու առիթ չեմ տեսնում։ Կառավարությունը պարտավոր է շարունակել իր աշխատանքը, անկախ նրանից, թե տարբեր մարզերում, տարբեր գյուղերում ինչպիսի վերաբերմունքի է արժանանում»։ Վարչապետն ասաց, թե նախընտրական իրավիճակի տպավորություն է ստեղծվել, մինչդեռ բավականին ժամանակ կա մինչ ընտրությունները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել