Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ՝ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Մարտ 04,2004 00:00

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ՝ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հավատարիմ է մնում իր՝ վերջերս որդեգրած
սկզբունքին, ըստ որի՝ օրվա թեմայից դուրս լրագրողների հարցերին չի պատասխանում:

Իսկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած երեկվա հանդիպումը բուհի ուսանողների հետ՝ նվիրված էր ԿԳ համակարգի խնդիրներին՝ ընդհանրապես: Նախարարը սկսեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծից, որ հավանաբար երկրորդ ընթերցմամբ կանցնի մարտի վերջերին, եւ սեպտեմբերից բուհերը կանցնեն կրթության երկաստիճան համակարգի: Բազմաթիվ առաջարկների հիման վրա կլրամշակվի հանրակրթության պետական կրթակարգը: Իբրեւ համակարգի թերի կողմեր, նախարարը մատնանշեց դաստիարակությունը, որ վերջին տարիներին դուրս է մնացել դպրոցից: Ուսումնասիրված չէ մեր գիտության ոլորտը. հայտնի չէ, թե ինչ առավելություններ կամ ինչ պոտենցիալ ունենք այս ոլորտում: Ուսումնասիրված չէ նաեւ աշխատաշուկան, ինչի արդյունքում որոշակի մասնագետների պակաս է զգացվում: Նախարարը նկատեց, որ թեեւ որոշ մասնագիտությունների գծով թվում է՝ գերարտադրություն կա, սակայն երբ, օրինակ, որեւէ նախարարությունում իրավաբանի կարիք է զգացվում, մրցույթը չի կայանում:

Խոսելով Ֆրանսիական համալսարանից դուրս մնացած 61 ուսանողների ճակատագրի մասին, նախարարը նշեց, որ քննարկումներ եղել են: Սակայն կոնկրետ քայլեր չմատնանշվեցին, ինչն այս պահին խիստ կարեւոր է. դուրս մնացած տղաների համար հարցը առավել քան սուր է՝ բանակի խնդիր կա: Ինչո՞ւ, օրինակ, նույն խնդիրը չի առաջանում Ամերիկյան համալսարանի դեպքում: Որովհետեւ վերջինս դիմորդներին ընդունում է միայն անգլերենից խիստ քննություն (teofel) հանձնելուց հետո: Իսկ Ֆրանսիականում հանկարծ վերջերս է պարզվել, որ ուսանողները լեզվական կարողություններում թերանում են:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ անցյալ մեկ տարվա ընթացքում բուհերին 10 մլն դոլարի տեխնիկական սարքավորում է տրամադրվել:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել