Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴ ԼԻՔՆ Է

Մարտ 04,2004 00:00

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴ ԼԻՔՆ Է

Սպառողների շահերի պաշտպանության միությունը (ՍՇՊՄ), Հայ լոբբիստների
ասոցիացիան, «Լոռի» սպառողների ասոցիացիան, Կանաչների միության Վայոց ձորի
մասնաճյուղը եւ «Շուկային ընդառաջ» կազմակերպությունը Համաշխարհային ուսուցում
կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացնում են «ՀՀ սննդամթերքի անվտանգության
հասարակական անկախ մոնիտորինգի ինստիտուտի կայացման» ծրագիրը։
«Ուսումնասիրում ենք 5 տեսակի մթերք. ժամկե
տանց, առանց սերտիֆիկատի, կեղծված եւ անհայտ ծագմամբ, սննդամթերքի պահպանման պայմանների եւ մակնիշավորման խախտումներով։ Ու թեեւ արդյունքներն ամփոփելու ենք ապրիլի 1-ին, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ կան լուրջ խնդիրներ։ Օրինակ, ավելի հեշտ է ասել, թե քանի ապրանք սերտիֆիկատ ունի, քան թվարկել չունեցողները»,- տեղեկացրեց ՍՇՊՄ նախագահ Աբգար Եղոյանը։

Նշված չափանիշներով անորակ սննդամթերքի մեջ գերակշռում են թուրքականն ու պարսկականը։ Օրինակ, ուսումնասիրվել է ապրանքի բաղադրության եւ օգտագործման ցուցումները անհասկանալի լեզվի փաթեթներով տասը սննդատեսակ, որից 4-ը պարսկական են (կոկոսով շոկոլադ, մրգային վաֆլի՝ «Ghonche Gol», աղի ձողիկներ՝ «Toppog»), 3-ը՝ թուրքական (կակաո՝ «Kent», կանաչ ոլոռ՝ «Demico», վաֆլի «Lupo»)։ Ուսումնասիրված ժամկետանց տասը սննդատեսակից 6-ը թուրքական ծագում ունի. շոկոլադ «Poli», չիփս «Ruffles», հալվա «Kaysan», չոր դրոժ՝ «Pakmaya» եւ այլն։ Ապրանքների կեղծման դեպքում հիմնականում զլանում են նշել «արտադրող» երկրի անունը, իսկ ահա սննդի պահպանման պայմանների խախտումով է պահվում եւ տեղական, եւ ներմուծված մթերքը՝ միս ու երշիկից մինչեւ աղացած սեւ պղպեղ։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել