Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ ՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ԶԳԱՑՎՈՒՄ Է

Մարտ 04,2004 00:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ օրերս ՀՖՖ-ի հրավերով Երեւան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի ինստրուկտոր, ռուսաստանցի Ալեքսեյ Սպիրինը:

Նախկին ԽՍՀՄ մրցավարական կոմիտեի եւ ներկայիս Ռուսաստանի ֆուտբոլային միության տեսչական կոմիտեի նախագահը Արարատի «Այգ» մարզաբազայում Հայաստանի առաջնությանը նախապատրաստվող բարձրագույն եւ առաջին խմբերը սպասարկող ավելի քան 30 մրցավարների համար դասախոսություն կարդաց: Փորձառու մասնագետը տեսանյութերի օգնությամբ իր հայ գործընկերների հետ քննարկեց կոպիտ խաղին ու խաղից դուրս վիճակին վերաբերող վիճահարույց մի շարք հարցեր: Ա. Սպիրինը կարեւորեց մրցավարների բարոյա- հոգեբանական գործոնը վճիռ կայացնելու պահին, լրջորեն քննարկեց խաղը վարող մրցավարի ու նրա օգնականների ճիշտ փոխհամագործակցության գործոնը հանդիպման ժամանակ, մի բան, որ շատ հաճախ բախտորոշ է լինում մրցող թիմերի համար:

Ի մի բերելով դասախոսությունների արդյունքները` Ալեքսեյ Սպիրինը իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի մրցավարներից եւ փաստել, որ հաճելիորեն զարմացած է հայ մրցավարների մասնագիտական գիտելիքներով: Նա նաեւ իր գոհունակությունն է հայտնել «Այգ» մարզաբազայի ղեկավարությանը, որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները մրցավարական ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար:

Ի նշան կատարած արդյունավետ աշխատանքի, ՀՖՖ-ի կողմից Ալեքսեյ Սպիրինին հանձնվեց հուշանվեր:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ ըստ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի, մարտի 10-ին մեկնարկող 2004 թվականի Հայաստանի «Անկախության գավաթի» խաղարկության մասնակից 18 թիմից յոթը, համաձայն նախատեսված ծրագրի, արդեն հայտ ներկայացրել է: Դրանք են` «Բանանցը», «Միկան», «Լոռին», «Արարատը», «Լեռնային Արցախը», «Շիրակը», «Կիլիկիան»: Ընդ որում, վերջինը միակն է, որ արդեն ավարտել է հայտավորման ողջ գործընթացը: Ինչ վերաբերում է «Փյունիկին» եւ «Զենիթին», նրանց հայտավորման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 3-ը:

Կանոնակարգի համաձայն, գավաթի խաղարկության մասնակից թիմերից չորսը`«Լեռնային
Արցախը», «Արարատը», «Լոռին» ու «Զենիթը» մարտի 10-ին մեկ խաղով կորոշեն
երկու հաղթողներին, որոնք հաջորդ փուլում` 1/8 եզրափակիչում կմիանան մյուս
14 թիմերին: Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Արարատը» հյուրընկալելու է «Լեռնային
Արցախին», իսկ «Զենիթը»` «Լոռիին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել