Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախարարությունը չեզոք է եւ չկողմնորոշված»

Մարտ 04,2004 00:00

Երեկ նման դիրքորոշում արտահայտեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը:

Ասուլիսի նպատակը, սակայն, նրա ստրասբուրգյան տպավորություններն էին: Ի թիվս 47 երկրների ներկայացուցիչների, տիկին Ասատրյանը մասնակցել էր փետրվարի 23-25- ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդի երիտասարդության հարցերի ղեկավար կոմիտեի հանդիպմանը: Եվ ղեկավար կոմիտեի բյուրոյի անդամի թափուր տեղի համար անցկացված փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել բյուրոյի անդամ: Լ. Ասատրյանի համոզմամբ, իր այցը կնպաստի, որ «Եվրախորհուրդը իր ռազմավարության մեջ այսուհետեւ Հայաստանին առանձնահատուկ նշանակություն տա ու մեր երկրի երիտասարդներն ընդգրկվեն աշխատանքային խմբերում»:

Լրագրողներին բնականաբար հետաքրքրեց, թե ինչ կստանան հայ երիտասարդները Եվրախորհրդի ծրագրերում ընդգրկվելով: «Կինտեգրվենք ժողովրդավարական կառույցներին եւ փորձի փոխանակում կկատարվի»,- լավատեսորեն հայտարարեց տիկին Ասատրյանը: «Առավոտի»՝ «Եվրախորհրդի կառույցներին ինտեգրվող հայ երիտասարդները միայն բազեականնե՞ր են լինելու» հարցի առնչությամբ էլ փոխնախարարն ասաց, որ վերջիններս բազեականների նման ընտրվում են մրցութային կարգով:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչով էր բացատրվում երիտասարդության շահերը ներկայացնող փոխնախարարի կրավորական վերաբերմունքը «Զինապարտության մասին» օրենքի նախագծի պատճառով սկսված հուզումների ժամանակ: «Ճիշտ է, ցույցերի շրջանում ես Ստրասբուրգում էի, բայց գտնում եմ, որ գիտությունն ու զինապարտությունը չպետք է իրար հակադրել,- ասաց փոխնախարարն՝ ավելացնելով,- իսկ ավելի կոնկրետ՝ մեր դիրքորոշումը չեզոք է ու չկողմնորոշված»:

Լ. Ասատրյանն ասաց նաեւ, որ մշակույթի նախարարությունը «Բազե»-ների միջոցառումներին երբեք անմիջական մասնակցություն չի ունենում եւ միշտ հյուրի կարգավիճակում է լինում, քանի որ ամեն ինչ կազմակերպում է կառավարությունը: Լրագրողներից մեկի տարակուսանքին ի պատասխան, թե ինչու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ավելի ակտիվ չէ, երբ ի պաշտոնե երիտասարդական քաղաքականության իրականացնողն է, փոխնախարարը զարմացավ. «Ավելի ակտիվ ի՞նչ անեինք, գնայինք մե՞նք «Բազե» կազմակերպեինք: Ազատ ժամանցի կազմակերպումն էլ մեր խնդիրներից մեկն է, բայց նախարարության խնդիրը երիտասարդության դաշտում պետական քաղաքականություն մշակել-իրականացնելն է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել