Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱԿԱՆ «ՀԱՅԴ-ՊԱՐԿ»

Մարտ 04,2004 00:00

Մարտին լրանում է «Բնագիր» հանդեսի եռամյա տարելիցը: Հանդեսը հակասական արձագանքների է արժանանում. ոմանք այն համարում են «կաղապարներից դուրս» ժողովածու, ուրիշների կարծիքով՝ «Բնագրի» տեղն «աղբամանն է»: Այսուհանդերձ, «Բնագրի» ընթերցողների թիվն անընդհատ աճում է: «Բնագրի» համախմբագիր Վահրամ Մարտիրոսյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին:

– Ի՞նչ է ուզում «Բնագիրը»:

– «Բնագիրը» հավակնում է տալ ոչ հարմարվողական, նոն-կոմֆորմիստական կամ լուսանցքային, մարգինալ գրականության մի կտրվածք, որը կենտրոնին հակադրվում է իր էությամբ՝ իր թեմաներով, իր լեզվական մտածողությամբ, ընդունված կաղապարներից իր շեղումներով:

– Երեք տարվա կտրվածքով ինչպե՞ս ես գնահատում «Բնագրի» ընթացքը: Ա՞յն է, ինչ պատկերացնում էիր, թե՝ ինչ-որ բանով ավելին կամ պակաս է:

– Երբ ստեղծվում էր՝ լավատես չէի, որ մեր գրական դաշտը հնարավորություն կտա նույնիսկ եռամսյա պարբերությամբ հանդես հրապարակել, բայց հետո պարզվեց, որ գոնե այդ հաճախականությունը կարելի է ապահովել: Այդ իմաստով հիասթափված չեմ: «Բնագրի» ինտերնետային կեցությունը, որը համարում եմ իր գլխավոր կյանքը, կարծում եմ հաջողված է, որովհետեւ ինտերնետի (www.bnagir.am) հաճախելիությունը երեք տարվա ընթացքում ամսական 500-ից հասել է օրական 300-350: Ինտերնետում բացել ենք ֆորում, որը ՀՀ-ում ամենաաշխույժներից է: Բացվել է «Ընթերցողի ստեղծագործություն» էջը, որը դեմոկրատացնում է գրականություն մտնելու ընթացքը. չկա այն խմբագրությունը, ուր կգնաս վախվորած քայլերով եւ կհանդիպես կամ բարի քեռու, կամ մի բոբոյի, որը քեզ սարսափեցնի կամ հիասթափեցնի: Դա հնարավորություն է տալիս ինչ-որ թրի տակով չանցնել եւ չմտածել իր գրածները համապատասխանեցնելու որեւէ մեկի ճաշակին:

– Բայց տպավորությունն այն է, որ ընթերցողները հարմարվում են «Բնագրի» հեղինակների գրելաձեւին եւ գրում են հայհոյախոսություններով: Կան գործեր էլ, որոնք կարծես հատուկ գրված են հայհոյախոսության համար:

– Ես չգիտեմ «Բնագիրն» ում վրա ոնց է ազդում: Ինքս ծայրահեղ հազվադեպ եմ գործածում ոչ նորմատիվ բառապաշար, այն էլ միայն էն դեպքում, երբ համարում եմ, որ դա խիստ ֆունկցիոնալ է: Բայց եթե մարդիկ այդպես են գրում, որովհետեւ կարծում են, որ դա մոդա է, չեմ կարող նրանց դա արգելել: Իրականում այնտեղ խաղաղ համակեցություն կա՝ դպրոցական շարադրության կամ տերյանական էպիգոնության մակարդակի գործերից մինչեւ բավականին ցինիկ ստեղծագործություններ: Այսինքն, դա մի յուրօրինակ «Հայդ-պարկ» է, եւ եթե մենք արգելք չենք դրել էդ «զբոսայգին» մտնելու համար, ուրեմն մտադիր չենք նաեւ «զբոսնողներին» դաստիարակել:

– Ձեր «զբոսայգին» բաց է բոլորի՞ համար:

– Բոլորը պիտի տեսնեն, որ կա ինքնարտահայտվելու հնարավորություն, կա կենտրոն, բայց կա նաեւ տեքստից դուրս լուսանցք, որտեղ ուրիշ արժանիքներ են ավելի գնահատելի:

– Ոմանք այդ «այգին» մտնելով ցնցվում են, համարում են, որ «Բնագիրը» «տուն տանելու բան չի»: Հասարակություն-«Բնագիր» կոնֆլիկտը կա՞ դեռ:

– Հասարակության զգալի մասը, որ մեր ենթադրվող ընթերցողը չէր, ինչ-որ շոկ է ապրում «Բնագրի» որոշ գործերից, բայց էդ շոկը պետք է՝ կաղապարներից դուրս գալու համար: «Բնագիրը» նախատեսված չէ ողջ ընտանիքի համար: Զգուշացնում ենք, որ որոշ գործերում բառապաշար կա, որը մինչեւ տասնութ տարեկանները փողոցում են լսում, բայց էս բառապաշարը ֆունկցիոնալ նշանակություն ունի: Եղել են գործեր, որոնք ուրիշ արժանիք չեն ունեցել, բացի ոչ նորմատիվային խոսքերից, եւ էդ գործերը չենք ընդունել: Բացի այդ, «Բնագրի» տպագիր օրինակը լույս է տեսնում այնպես, որ «անցանկալի» էջերից հեշտությամբ կարելի է ազատվել՝ առանց վնասելու պրակը։

– Ուզենք, թե չուզենք՝ գրական հանդեսներից մարդիկ գիտեն միայն «Բնագիրը», եւ ստացվում է, որ երեւացողը մարգինալ գրականությունն է, իսկ «կենտրոնի» գրականությունը չկա, կամ կա՝ ստվերում է: Հավասարակշռությունը խախտված չէ՞:

– Խախտված է: Այո, չկա կենտրոնը, բայց դա կենտրոնի խնդիրն է, «Գարունի», ԳՄ-ի, հրատարակիչների խնդիրը: Ցավում եմ, որ չկա, քանի որ հավասարակշռության դեպքում «Բնագիրն» էլ ճիշտ կհասկացվեր: Ուզում եմ ասել շատ պարզ, բայց խիստ կարեւոր բան. գրականությունը գոյություն չունի որեւէ այլ տեղ, քան ընթերցողի մեջ: Եվ գոյություն ունի այնպես, ոնց որ ամեն ընթերցողի մեջ գոյություն ունի: Այդ իմաստով մեզ կատեգորիկ ժխտող ընթերցողը նույնքան իրավացի է, որքան մեզնով հիացողը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել