Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրդի եւ «Լինսի» լվացում

Մարտ 04,2004 00:00

Օրեր առաջ «Առավոտն» ահազանգ ստացավ «Արարատի բրդի վերամշակում» ԲԲԸ-ի նախկին աշխատակիցներից, թե այրվում է բուրդ։ Նրանք կարծում էին` բուրդը իրեղեն ապացույց է ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Կոլյա Շաբոյանի դեմ հարուցված քրգործում։

Այս օրերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում գործադիր տնօրեն Կոլյա Շաբոյանի գործը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, 2000թ. հունվարի 27-ից մինչեւ 2001թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկի» կողմից իրեն հանձնված 378 մլն դրամ վարկային գումարի հափշտակման մեջ։

Նախաքննությունն իրականացնող գլխավոր դատախազությունը պարզել էր, որ «Արդշինբանկ» եւ «Արարատի բրդի վերամշակում» ԲԲԸ-ների միջեւ «Լինսի» հիմնադրամի շրջանակներում կնքվել էր «ենթավարկի համաձայնագիր»։ «Լինսի» հիմնադրամի միջոցներից 432 մլն դրամը չգերազանցող գումար է ձեւակերպվել՝ ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, տարեկան 15% տոկոսադրույքով։ «Արդշինբանկի» կողմից սահմանվել էր ժամանակացույց, կնքվել էր պայմանագիր, որը վավերացվել էր նոտարական կարգով։ «Արարատի բրդի վերամշակում» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Կոլյա Շաբոյանը վարկային պարտավորությունները կատարելուց դիտավորյալ կերպով խուսափելու նպատակով, հետագայում ընկերության անվճարունակության ճանաչման պահանջի հայցով դիմել է տնտեսական դատարան եւ դատարանի վճռով ճանաչվել է սնանկ»,- նշվել է մեղադրական եզրակացության մեջ։

Կոլյա Շաբոյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ որպես երաշխիք «Արդշինի» կողմից ստացված 378 մլն դրամ վարկային գումարի, գրավ է դրել «Արարատի բրդի վերամշակում» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը։ Այս քրեական գործով անցել է թվով 18 վկա, նաեւ Լեւոն Ֆարմանյանը («Արդշինբանկի» տնօրեն), վարկային եւ ներդրումային քաղաքականության վարչության ծրագրային վարկային գործառնությունների բաժնի մասնագետ Կարեն Մանուկյանը։ 2003թ. հունիսի 24-ին Կոլյա Շաբոյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, ապա՝ կալանքը։

Բրդի եւ վարկերի լվացման գործընթացը շարունակվում է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել