Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ է ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ

Մարտ 04,2004 00:00

Վերջերս
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն, ըստ էության, հայտարարեց, թե ինքը ընդդիմության
ավելի վճռական քայլերի կողմնակից է: Ավելի վաղ համանման շեշտադրությամբ տեսակետներ
էր հայտնել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը:
Երեկ, սակայն, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանից տեղեկացանք, որ այդ կուսակցության եւ ԱԺՄ-ի հետ հիշյալ ասուլիսից հետո ոչ մի «պրիվատ» հանդիպում, բանակցություն չի եղել: Այդուհանդերձ, Ս. Այվազյանը կարծիք հայտնեց, թե «այսօր Դաշինքի նիստում «Հանրապետությունը» հստակ առաջարկությամբ պետք է հանդես գա եւ այստեղ խոսելը՝ իշխանությունների կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանափոխությանը հնարավոր դիմադրության մասին, ժամանակավրեպ եմ համարում»:

Վերջինս իբրեւ իր ասածի փաստարկ մատնացույց արեց միջազգային ատյաններում Հայաստանի իրար հոջորդող դիվանագիտական պարտությունները, նաեւ՝ ԱՄՆ պետդեպի վերջին զեկույցը:

«Կարծում եմ, Ռ. Քոչարյանը շատ շուտով եւ շատ արագ մենակ է մնալու եւ որեւէ քաղաքական ուժ չի ստանձնելու նրա պաշտպանությունը»,- ասաց Ս. Այվազյանը եւ համեմատելով այսօր Ռ.Քոչարյանի վիճակը 97-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակի հետ, կարծիք հայտնեց, թե՝ «այն ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանին գոնե ՀՀՇ-ն էր պաշտպանում, իսկ այսօր Ռ. Քոչարյանին ոչ ոք չի էլ պաշտպանի»: Ըստ նրա, «բոլոր կուսակցություններն էլ շատ լավ հասկանում են, որ Ռ. Քոչարյանը գնալու է եւ հիմա արդեն ամեն մեկը հակված է իր հարցերը լուծել եւ հասարակության ներսում իր կշիռը մեծացնել, եւ դրան են նաեւ ուղղված իշխանական կուսակցությունների սկսած շրջագայությունները մարզեր, նաեւ նրանց պոպուլիստական հայտարարությունները: Հենց այս կուսակցություններն իրենց տեղն ու դիրքը ապագա իշխանության ճամբարում ճշտեցին, իշխանափոխությունն էլ ավելի արագ տեղի կունենա»:

Անցած ուրբաթ օրը Շենգավիթում կայացած հանրահավաքի ժամանակ կուսակցության անդամներից մեկն իր ելույթում մատնացույց անելով Արամ Սարգսյանին ակնարկել էր, թե նա է ընդդիմության առաջնորդը: Արդյո՞ք դա դժգոհության կամ խանդի առիթ չի դարձել Դաշինքի անդամ կուսակցությունների համար, առավել եւս, որ ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ազատ մամուլը այդ ելույթը հատուկ ֆիքսել էր: Ի պատասխան այս հարցադրման, Ս. Այվազյանը նկատեց. «Իշխանությունները անընդհատ փորձում են առաջ քաշել ընդդիմության առաջնորդի խնդիրը: Իմ տեսակետը այն է, որ ընդդիմության ներսում կան տասնյակ լիդերներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է շատ ավելի լավ նախագահ լինել, քան Ռ. Քոչարյանը: Մյուս կողմից, դա մեր անդամներից մեկի ելույթն էր, ինչը, ըստ իս, բնական է: Ակնհայտ է չէ՞, որ մյուս կուսակցությունների հանրահավաքում էլ այդ թեման քննարկման առարկա կարող է դառնալ եւ ամեն մի կուսակցություն կարող է հավակնություն ունենալ հատկապես իր կուսակցին տեսնել ընդդիմության առաջնորդի դերում: Իսկ ընդհանրապես չի բացառվում, որ ինչպես 2003-ին, մոտ ապագայում էլ դաշինքն իր կազմից առաջադրի 4-5 թեկնածու: Ես խանդի, հակազդեցության որեւէ նշան չեմ նկատել: Եթե նման բան անգամ լինի, ես դա անբնական կհամարեմ: Դաշինքի խնդիրը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն է: Նոր նախագահի ընտրությունների հետ կապված Դաշինքը որեւէ խնդիր չունի, թեեւ չեմ էլ բառացում, որ նա կարող է հանդես գալ դարձյալ մեկ թեկնածուով»:

Անցած ուրբաթ օրը «Արդարությունը» հանրահավաք էր անցկացնում Արտաշատում, իսկ Դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Շենգավիթում: Դա այլեւս սովորական պրակտիկա՞ է լինելու Դաշինքի անդամների համար եւ արդյո՞ք դա «Արդարությունից» սահուն տարանջատման առաջին քայլերից մեկը չէ:

«Դրանում ես առանձնակի խնդիրներ չեմ տեսնում: Նախ՝ մենք Շենգավիթում հանրահավաք անցկացնելը նախապես չէինք նախատեսել: Դա պայմանավորված էր մեր անդամներից մեկի տան ապօրինի խուզարկության փաստի հետ: Բայց այդ իմաստով էլ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ավելին, գուցե նույնիսկ ավելի արդյունավետ կլինի, եթե դաշինքի անդամ կուսակցությունները միաժամանակ մի քանի տեղ հանդիպումներ ունենան՝ նույնիսկ ոչ թե երկու, այլ չորս ուղղությամբ: Դաշինքն այդ ներուժն ունի»,- վստահեցրեց Ս. Այվազյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել