Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՆ ԱԳՈ՞Ն Է

Մարտ 04,2004 00:00

ՄԵՂԱՎՈՐՆ ԱԳՈ՞Ն Է

Երեկ Կոտայքում հանդիպումների ժամանակ «ԱՄ» առաջնորդ Արտաշես Գեղամյանը
խոստովանում էր, թե կդժվարանան իշխանափոխություն իրականացնել առանց միջազգային
կազմակերպությունների աջակցության, սակայն նրանց կշտամբում էր «ոչ սկզբունքային
դիրքորոշման» եւ «անհետեւողական քաղաքականության» համար: Ըստ նրա՝ եթե դա
չլիներ, Հայաստանում վաղուց կլիներ այն, ինչ իրականություն է Վրաստանում:
Որպես հիմնավորում մասնավորապես բացահայտեց, թե 2003-ի ընտրության առաջին
փուլից 2 օր անց իրեն է այցելել ԵԽԽՎ ներկայացուցիչ դեսպան Ագոն եւ հորդորել,
որ անպայման դիմի ՍԴ. «Ասաց, որ հանրահավաքային կամ ուժային մեթոդներով իշխանափոխությունը
չի պաշտպանվի եւ չի ճանաչվի Եվրախորհրդի կողմից»: «ԱՄ» առաջնորդն ասաց, թե
այդ պատճառով իրենից երես թեքեցին մարդիկ՝ բողոքելով, թե ինչու չի մասնակցում
ցույցերին:
Գեղամյանը նաեւ նշեց, որ վերջերս Ագոյի հետ հանդիպման ժամանակ նրան հիշեցրել է, թե հետեւել են իր խորհրդին. «Արդյունքում ունենք այն, որ դրժում են ՍԴ որոշումը, որը «ՍԴ մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր է կատարման համար: Ագոն ասաց, թե պատրաստ չէ այժմ պատասխանել հարցիս, բայց խնդրեց, որ անպայման մանրամասներն ուղարկենք Ստրասբուրգ՝ այնտեղ ուշի-ուշով կհետեւեն ու հարկ եղած դեպքում փորձաքննության կուղարկեն Վենետիկի հանձնաժողով»:

Դեսպանի հետ վերջերս կայացած հանդիպման եւս մի մանրամասն բացահայտեց պրն Գեղամյանը: Նրա խնդրանքով մեկնաբանելով իշխանավորների այն պնդումները, թե ՀՆԱ-ի երկնիշ աճ են արձանագրել՝ հարցրել է. «Արդյոք վստահո՞ւմ է պարոն Ագոն բրիտանական հանրագիտարանի 2004-ին հրատարակած ալմանախին: Պատասխանեց՝ անշո՛ւշտ: Բարեբախտաբար՝ ձեռքիս տակ էր այդ ալմանախը, որի 331-րդ էջում նշված է զարհուրելի մի թիվ Հայաստանի վերաբերյալ, թե բնակչությունը թերսնված է, քանի որ սննդի միջին կալորիականությունը կազմում է պահանջվելիքի ընդամենը 77%-ը»:

Ինչպես եւ «Արդարություն» դաշինքի գործիչները՝ «ԱՄ» ղեկավարն էլ էր բոլոր բնակավայրերում նույն կոչը հնչեցնում. «Մոտենում է այն ժամն ու օրը, երբ ոտքի կելնի ողջ հայ ժողովուրդը: Նշված օրը, նշված ժամին կգաք Երեւան: Մնացածներդ այստեղ կհավաքվեք եւ «ոչ» կասեք այս իշխանություններին»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել